запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Տնօրենի ընտրության կարգում առաջարկվող փոփոխությունը ժողովրդավար կառավարումից հետընթաց է

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում օգոստոսի 24-ից սեպտեմբերի 9-ը հանրային քննարկման է դրված «ՀՀ կառավարության 2010թ.մարտի 4-ի N319-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը, որի հակիրճ բնութագիրն է. 

«Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում կկարգավորվեն պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի և տնօրենի ընտրության հետ կապված իրավահարաբերությունները>: Նախագծի միակ նպատակը, կարծես այն է, որ դպրոցների տնօրեններին նշանակի ԿԳ նախարարը, որը ետընթաց է, որովհետև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով դպրոցի շահառուները ծնողներն ու սովորողներն են, տնօրենին էլ վերահսկում է խորհուրդը, որի մեջ նաև համայնքի ներկայացուցիչներն են, ովքեր այս դեպքում ոչ մի ազդեցություն չեն ունենում տնօրենի գործողությունների վրա: Էլ ի՞նչ ինքնավարություն, ի՞նչ ինքնակառավարվող ստեղծագործ միջավայրի ու կրթության կազմակերպման բազմազանության մասին կարող ենք խոսել: Համայնքների դերը բարձրացնելու, նրանց ներգրավվածությունն ապահովելու ու մասնակցությունը խթանելու մեխանիզմները գտնելու, այդ հարաբերությունները հորիզոնական հարթության մեջ կարգավորելու փոխարեն, այս նախագծով այն դարձվում է ուղղահայաց ու արդյունքում՝ վերևից կառավարվող տնօրեն: Իսկ հորիզոնական հարաբերություններ կարելի է ստեղծել Հանրակրթական ուսումնական հաստատություն ՊՈԱԿ-ների կառավարման խորհուրդների ձևավորման կարգում հիմնարար փոփոխություններ նախատեսելով, որովհետև ՀՀ կառավարության այս 2 որոշումները փոխկապակցված իրավական նորմեր են: Եթե ոչ նախօրոք, ապա քննարկման դրված նախագծին զուգահեռ պետք է փոփոխություններ կատարվեին նաև այս որոշման մեջ, որոնք հնարավորինս պետք է ապահովեին դպրոցի տնօրենի ընտրության ժամանակ համայնքի մասնակցությունն ու պատասխանատվությունը: Իմ կարծիքով կառավարման խորհուրդների նախագահներ չպետք է լինեն պետական մարմինների ներկայացուցիչներ: Ցանկալի կլինի մանկավարժական ու ծնողական խորհուրդների ներկայացուցիչ լինեն:

Դպրոցների կառավարման խորհուրդների անդամները լինեն 7 հոգի, 2-ը մանկավարժական խորհրդի, 2-ը՝ ծնողական խորհրդի անդամներ, 1-ը տեղական ինքնակառավարման մարմնի և 2-ը՝ կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ:

Առաջարկում եմ դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման հետևյալ մոդելը: Օրինակ, Երևանի բոլոր 12 վարչական շրջանների ղեկավարները շրջանի բոլոր դպրոցների կառավարման խորհուրդների համար նշանակեն տեղական ինքնակառավարման մարմնի 1 և կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպության 2 ներկայացուցիչներ(փաստորեն ամբողջ Երևանի համար 36 վստահելի հոգի), ովքեր յուրաքանչյուր դպրոցի կառավարման խորհրդի 2 մանկավարժ և 2 ծնող անդամների հետ կմասնակցեն բոլոր նիստերին: Նրանք կընտրվեն հասարակական կարգով ու 1 տարով և կփոխվեն յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին: Նույնը՝ մարզերում:

Իսկ Կառավարման խորհուրդների պատասխանատվությունը բարձրացնելու օրենսդրական միակ ճանապարհը հետևյալն է՝ խորհրդի կողմից ընտրված տնօրենի հետ դպրոցի անունից աշխատանքային պայմանագիրը ստորագրում է խորհրդի նախագահը և դնում դպրոցի կնիքը ու պատասխանատվություն է կրում այդ տնօրենի գործունեության համար, որը պետք է ամրագրվի օրենքով: Այս նորմն ամրագրված է դեռևս դպրոցների 2002 թվականի Օրինակելի կանոնադրությամբ, սակայն այդպես էլ չկիրառվեց զուտ կուսակցական շահերից ելնելով: Հուսամ հիմա այլ ժամանակներ են և կուսակցական շահեր չկան, ու դպրոցի տնօրենը պետք է ընտրվի ամենաարժանի թեկնածուն, այլ ոչ՝ նշանակվի ԿԳ նախարարի կողմից: Հիմա գամ բուն հանրային քննարկման դրված նախագծին: Ինչպես Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի էջում նշված կարգն է պահանջում, նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկություններն առցանց ուղարկվելու դեպքում դրանք ամփոփաթերթում ներկայացվում են 2 աշխատանքային օրվա ընթացքում: Ես օգոստոսի 28-ին առցանց ուղարկել եմ իմ առաջարկները, որոնք մինչ օրս չեն դրվել, ուրեմն համարվել են ոչ բովանդակային, որի հետ համամիտ չեմ և որոշեցի առաջարկներս ներկայացնել մեր հանրությանը: Նշեմ, որ առաջարկներիս մի մասը դեռ օգոստոսի 5-ին ուղարկել էի փոխնախարարին, սակայն դրանք նախագծում ներառված չէին: Առաջարկել եմ.

1.2-րդ կետի 1-ին ենթակետում «նշանակում է հաստատության տնօրենի պաշտոնակատար, որը չի կարող լինել տվյալ հաստատության խորհրդի անդամ» բառերը փոխարինել «նշանակում է հաստատության տնօրենի պաշտոնակատար (պարտականությունները կատարող) տնօրենի տեղակալներից մեկին, իսկ անհնարինության դեպքում՝ այլ անձի, ով դպրոցի խորհրդի անդամ չէ:» Անհրաժեշտություն կա բացատրել, թե «իսկ անհնարինության դեպքում՝ այլ անձի, ով դպրոցի խորհրդի անդամ չէ» նախադասության մեջ ո՞ր դեպքերին է վերաբերում «անհնարինության դեպքում» բառակապակցությունը, որովհետև սա որպես կանոն, դառնում է կամայականությունների աղբյուր:

2.Ընդհանրապես հանել 13-րդ կետը, որովհետև այս կետում գրված է, որ ԿԳՆ ներկայացուցչի ներկայությունը պարտադիր է, իսկ 13.1 կետում գրված է. «« Սույն կարգի 18-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն հետաձգված նիստին ներկայացուցչի չներկայանալու դեպքում մրցույթն անցկացվում է առանց ներկայացուցչի մասնակցության:». Ստացվում է, որ փաստորեն պարտադիր չէ, հետևաբար պետք չէ այս փաստաթուղթը ծանրաբեռնել, նամանավանդ որ փորձը ցույց է տվել, որ ԿԳՆ ներկայացուցիչ կարող է լինել այնպիսի մեկը, ով պարզապես հեղինակազրկում է կրթության նախարարությանը:

3.Հակասություն կա նախագծի 13.1 և գործող կարգի 15-րդ կետի միջև. « Սույն կարգի 14-րդ կետով սահմանված պահանջը խորհրդի կողմից չկատարվելու դեպքում ներկայացուցչի մասնակցությունը մրցույթին (հավակնորդի պահանջով) ապահովում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:»

4.23-րդ կետում «Հավակնորդի գործնական հմտություններն ստուգելու նպատակով խորհուրդն անցկացնում է հարցազրույց» նախադասությունը շարունակել. «Բացառապես Հավակնորդի ներկայացրած տվյալ դպրոցի զարգացման ծրագրի շուրջ:

5.Ամբողջությամբ հանել 24-րդ կետը, որովհետև հավակնորդն արդեն ունի հավաստագիր, որը ստանալու համար նա այդ հարցաշարով արդեն գրավոր և բանավոր քննություն է հանձնել:

6.26-րդ կետում.« Տնօրենն ընտրվում է փակ քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ» նախադասության մեջ փակ քվեարկությունը փոխել «բաց քվեարկությամբ և խորհրդի արձանագրությանը կցել խորհրդի անդամների ընտրության գրավոր հիմնավորումը»:

7.Նախագծի 28.1 կետում.« Կրթության և գիտության նախարարը լիազոր մարմնի ղեկավարին գրությամբ առաջարկում է հավակնորդներից որևէ մեկի թեկնածությունը` օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու համար» կետը կամայական որոշման աղբյուր է, որովհետև ի՞նչ չափորոշիչներով է ԿԳ նախարարը որոշելու, թե հավակնորդներից ո՞վ է առավել արժանի: Ելնելով մեր իրականությունից, այս կետի հետ կապված տարբեր ենթադրություններ կարելի է անել ու ամենակարևոր հետևությունն այն է, որ, կարծես շարունակվելու է դպրոցի տնօրենի ոչ թե ընտրությունը, այլ նրա նշանակումը ԿԳ նախարարի կողմից:

8.Տնօրենի հավակնորդները կառավարման խորհրդի նշանակած օրերին հանդիպեն տվյալ դպրոցի մանկավարժների, ծնողների ու աշակերտների հետ, որոնց ժամանակ թեկնածուներն իրենց զարգացման ծրագրերը ներկայացնեն դպրոցի մանկավարժներին, աշակերտներին ու ծնողներին և պատասխանեն նրանց հուզող հարցերին: Այդ հանդիպումներին մասնակցեն նաև կառավարման խորհրդի անդամները, որից հետո կառավարման խորհրդի անդամ մանկավարժներն ու ծնողները կողմնորոշվեն և իրենց ձայնը տան այն թեկնածուին, ով այդ հարց ու պատասխանի ժամանակ աշակերտների, ծնողների կողմից ամենամեծ հավանությանը կարժանանա, որովհետև դպրոցի շահառուներն իրենք են:

9.Տնօրենի մրցույթի հայտարարությունը տարածել էլեկտրոնային տարբեր ԶԼՄ-ով ու մինչև հայտարարված մրցույթից 24 ժամ առաջ ԶԼՄ-երը կարող են գրանցվել դպրոցի կառավարման խորհրդի նախագահի կամ քարտուղարի մոտ՝ ապահովելով նրանց ներկայությունը: (սա նոր գրեցի, մոռացել էի): Հուսամ առաջարկներս լսելի կլինեն ու պատշաճ կերպով կքննարկվեն մեր քաղաքացիական հասարակության շահագրգիռ քաղաքացիների և նախարարության կողմից: 

Անահիտ Բախշյան

Կրթության փորձագետ 

Նյութի աղբյուրը՝ «Առավոտ»