«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պաշտոնանկությունից հետո ՀՀ ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը վերադառնում է արենա: Խաչատրյանի անվան հետ ընդհանրապես կապ չունեցող «Երևան մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնին կից նախատեսվում է հսկայական «game zone»՝ խաղային գոտի կառուցել:
«ՀԺ»-ի տեղեկություններով, այս նպատակն իրականացնելու համար միլիոնատեր նախկին պաշտոնյայի համար փոքրիկ խոչընդոտ է առաջացել:
Բանն այն է, որ ապագա խաղային գոտին պետք կառուցվի և միանա «Երևան մոլ»-ին, սակայն խաղային գոտու տարածքի և մոլի միջև տեղակայված է «Եվրոստան ույուտ» ընկերության երկհարկանի շենքը:
«Եվրոստան ույուտ» ընկերությունից փորձեցինք տեղեկանալ, թե արդյոք բանակցություններ վարվո՞ւմ է իրենց հետ շենքը գնելու վերաբերյալ, սակայն ընկերության երկու հեռախոսահամարներից որևէ մեկին պատասխանող չեղավ: «Երևան մոլ»-ի տեղեկատուից լուրը ճշտելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան, քանի որ տարբեր հեռախոսահամարներ մեզ փոխանցեցին, սակայն որևէ մեկը չպատասխանեց մեր հարցերին:
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը պետական պաշտոններում իր կարիերան սկսել է 1996 թվականից և անդադար տարբեր պաշտոններ է զբաղեցրել մինչև 2016 թվականը: Խաչատրյանը 2016 թվականին ազատվել է ֆինանսների նախարարի պաշտոնից՝ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարության հրաժարականով պայմանավորված»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: