Ասում են՝ «Գազպրոմի» համակարգում գործն այնքան լավ է, որ օրինակ սուրճ եփողը կարող է մի քանի տարվա ընթացքում գործարանի, գազալցակայանի տեր դառնալ...Եթե պայթյուններն էլ շատ լինեն, պատվոգիր էլ կստանան...
«Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունն իր որոշ անպատասխանատու աշխատակիցների միջոցով վտանգում, վնասում է մարդկանց կյանքը, գույքը, հասցված վնասի փողն էլ չի տալիս: Իսկ վտանգը շարունակում է պահպանվել...
Եթե ԱԻ նախարարությունը և ՊԵԿ-ը մանրակրկիտ ստուգումներ սկսեն «Գազպրոմ Արմենիա» ընկերության Մարտունու գազաֆիկացման, գազամատակարարման մասնաճյուղում /ԳԳՄ/, կարող է պարզվել, որ ԳԳՄ պետ Ավետիք Խաչատրյանի թողտվությամբ նրա եղբայր Գագիկ Խաչատրյանն ամբողջ Մարտունու տարածաշրջանը «ականապատել է» գազի «լևի» գծերով:
Նախկինում անդրադարձել ենք Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի «Սոնա Սաֆարյան» ԱՁ-ին պատկանող խանութում տեղի ունեցած ուժեղ պայթյունին:
http://lakmoes.am/iravunq/3539-2018-07-06-18-23-46
Այն առաջացել էր առանց համայնքի ղեկավարի թույլտվության, գաղտնի և շինարարական նորմերի խախտումներով անցկացված և Շիրակ Խալոյանի գազալցակայանը սնող գազատարի ապօրինի գծի վնասման հետևանքով. անհոտ գազը գետնի տակով, կոյուղու միջով արտահոսել էր հարևանությամբ գտնվող շինությունից ներս և լուցկու կայծից հուժկու պայթյուն էր որոտացել:
Բավականին լուրջ այրվածքներով և մարմնական վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել խանութի վաճառողուհի Սյուզաննա Մնացականյանը և հաճախորդ Վասպուրակ Բարեյանը:
Պայթյունի հզորությունից նույնիսկ խանութի պանելածածկն էր անջատվել, վեր բարձրացել և ընկել՝ փլուզելով պատերը: Այսօր հենասյուներն են մի կերպ պահում պատերը, որովհետև «Գազպրոմ»-ը չի ցանկանում փոխհատուցել փորձագիտական եզրակացությամբ սահմանված վնասը՝ մոտ 25 միլիոն դրամը...
Քրեական պատասխանատվության ենթակա անձանց շղթայից միայն Գագիկ Խաչատրյանն է դատապարտվել, այն էլ՝ ընդամենը 500,000 դրամ տուգանքի:
Այսօր խանութի շենքը շարունակում է վտանգ ներկայացնել այնտեղ աշխատող և խանութից օգտվող քաղաքացիների համար: Ավելին, «Գազպրոմ»-ի՝ անպատիժ մնացած նույն անձինք կրկին գազի գիծ են անցկացրել խանութի անմիջապես կողքով և շահագործում են անպատասխանատու ձևով:
Մեր այցի պահին գյուղի սկզբնամասում գազագծերն անմխիթար վիճակում էին, կցոնված՝ ժանգոտ խողովակներով, ներկված չէին, որպեսզի հնարավոր լիներ՝ տարբերակել իրենց վտանգավորությամբ և անկանխատեսելի դեպքերում խուսափել դրանք վնասելուց:
Ավելին Լիճքի սկզբնամասում, գազի ընդգծված հոտից նույնիսկ դժվար չէր կռահել, որ գազի արտահոսք կա, գիծն էլ անցնում է գյուղի դպրոցի մոտով, ինչն ավելի է մեծացնում վտանգը և պատասխանատուների պատասխանատվության աստիճանը:
Կրկին վերադառնանք տուժածի թեմային. այժմ, երբ արդեն նույնիսկ քրեական և քաղաքացիական կարգով դատական գործընթացներն օգուտ չեն տվել, տուժածների հայրը՝ Սամվել Մնացականյանը, նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա ակնկալում է, որ կառավարությունը, օգտագործելով իր լծակները, կկարողանա «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը ստիպել՝ պատշաճ կատարել իր պարտականությունները և հատուցել վնասները:
Այն ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.
«...Առաջին անգամ որոշել եմ դիմել պետական մարմիններին՝ ի դեմս Ձեզ: Թվում էր ներկայացվող գործը քրեական ընթացակարգով օբյեկտիվ լուծում կունենա, և չէինք հայտնվի երկարատև տառապանքներում:
Ես սույն գործով տուժողներ Սոնա Սաֆարյանի և Սյուզաննա Մնացականյանի հայրն եմ:
2014թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 08:50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում գտնվող իմ աղջկա «Սոնա Սաֆարյան» Ա/Ձ-ին պատկանող մթերային խանութում տեղի ունեցավ պայթյուն, որի հետևանքով խանութը ամբողջովին վնասվեց, իսկ խանութում աշխատող աղջիկս ՝ Սյուզաննա Մնացականյանը և հաճախորդ Վասպուրակ Բարեյանը մարմնի տարբեր մասերի այրվածքներով տեղափոխվեցին Մարտունու բժշկական կենտրոն: Մինչ օրս աղջիկս՝ Սյուզաննան, նկատելի այրվածքներ ունի պարանոցին, ձեռքերին և չկարողացանք նրան կոսմետիկ վիրահատությունների ենթարկել, իսկ մյուս աղջկաս պատկանող խանութը ներկա պահին արդեն կիսաքանդ վիճակում է:
Դեպքի առթիվ 2014թ. հոկտեմբերի 18-ին Մարտունու քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 240-րդ հոդվածի 1-ին կետի մասով հարուցվեց քրեական գործ: Գործը քննվեց տարիներ շարունակ և ավարտվեց նրանով, որ ակնհայտ հովանավորվեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Մարտունու ԳԳՄ-ի շատ աշխատակիցներ, որոնց մեղքը այս դեպքի հետ ապացուցված էր, ովքեր պարտավոր էին հսկել գազատարների անխափան աշխատանքը, ովքեր մեղավոր էին գազատարը թերություններով կառուցելու հարցերում:
Գործի քննության ընթացքում հիմնավորվեց, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Մարտունու ԳԳՄ-ի պետ Ավետիք Խաչատրյանը մենաշնորհային ձևով գազագծի կառուցումը տվել է իր եղբորը՝ «Գագիկ-Մանե» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խաչատրյանին, ում մեղքը քրեական գործով հիմնավորվել է: Նա ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 19.09.2017թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել քր. օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքում և նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել տուգանք՝ 500,000 ՀՀ դրամ գումարի չափով:
Հայտնեմ նաև, որ նա շարունակում է աշխատել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Մարտունու ԳԳՄ-ում, ..., մինչդեռ դրան հակառակ մենք կորցրել ենք գրեթե ամեն ինչ: Մնացած բոլոր այն անձինք, ովքեր ստորագրել են գազագծի հանձնման- ընդունման ակտը և աչք են փակել Գագիկ Խաչատրյանի կողմից թերություններով կառուցված գազատարի վրա, որևէ պատասխանատվություն չեն կրել:
Մինչև հիմա քաղաքացիական հայցը՝ գումարի բռնագանձման պահանջով տրամաբանական լուծում չի ստացել....քրեական գործով նշանակված փորձաքննության եզրակացությունը, որով արձանագրվել է 22.829.448 ՀՀ դրամ՝շենքին հասցված վնասը, 1.495.229 խանութի ապրանքներին հասցված վնասը և մոտ 1.000.000 ՀՀ դրամ՝ առողջությանը հասցված վնասը, լուծում չի ստացել:
Աղջկաս առողջությանը հասցված անվերականգնելի վնասվածքների համար 1.000.000 ՀՀ դրամի չափով վնասի պահանջը մի քանի տարվա ընթացքում հատուցվել է Գագիկ Խաչատրյանի կողմից մաս-մաս, մնացած վնասները չեն հատուցվել, և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Մարտունու ԳԳՄ-ն շարունակում է նույն մերժողական մոտեցումը ցուցաբերել ինձ հասցված վնասները հատուցելու հարցում:
Իմ կարծիքով, ստեղծված իրավիճակում հարցը պարզ է և նշանակված փորձաքննությունը բավարար է լուծելու համար մեզ հասցված նյութական վնասի փոխհատուցման հարցը, սակայն ստեղծված քաշքշուկը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «հզորությունը» ՀՀ-ում, նրա աշխատակիցների անպատժելի լինելու համոզվածությունը մեր մաշկի վրա ենք զգում 4 տարի ձգձգված ՝ քրեական, քաղաքացիական գործերով:
Դժվար աշխատանքով գյուղական միջավայրում ստեղծել եմ փոքր խանութ՝ երեխաներիս փոքր-ինչ ապահովելու համար, սակայն ամեն ինչ քարուքանդ եղավ և ներկայումս լինելով 80 տարեկան, կրկին չեմ կարող ստեղծել նորը կամ հոգալ իմ առօրյա հոգսերը:
Խնդրում եմ օգնել ինձ, որպեսզի արդարացի լուծում ստանա իմ հարցը»:
Շարունակելով թեման՝ նշենք, որ Մարտունու ԳԳՄ-ի սպասարկման տարածքում Լիճքի դեպքից առաջ էլ, հետո էլ պայթյուններ եղել են: Եղել են նաև ահազանգեր, որոնց Խաչատրյան եղբայրների վերաբերմունքը նույնքան տարօրինակ է եղել, որքան «Գազպրոմ»-ի գնահատականը Մարտունու գազավիկներին:
Այսպես. մամուլից տեղեկանում ենք, որ «2012թ-ի փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը, ժամը 00:15-ին, Մարտունի- Ներքին Գետաշեն ավտոճանապարհի մաս կազմող կամրջի մոտակայքում տեղի է ունեցել մեծ քանակությամբ գազի արտահոսք: Տեղի բնակիչների ահազանգի հիման վրա դեպքի վայր ժամանեց Մարտունու ԳԳՄ-ի վթարավերականգնողական ծառայությունը:
Մարդկանց պատմելով` պայթյունի ձայն են լսել: Ըստ ծառայության աշխատակիցների, պայթել է գազատար խողովակի սողնակային փականը: Վթարի պատճառով գազազրկվել են Վերին Գետաշեն, Մադինա, Գեղհովիտ, Ներքին Գետաշեն, Մարտունի համայնքները: Ծառայության աշխատակիցների ջանքերի շնորհիվ ժամը 01:23-ին դադարեցվեց գազի արտահոսքը: Բարեբախտաբար, հնարավոր աղետը կանխվել է, զոհեր և վիրավորներ չկան»:
Մանրամասները` Մարտունու«Զանգակ» ՀԸ-ի պատրաստած տեսանյութում
Մեկ այլ դեպքում՝ 16օգոստոս.2017թ-ին, համացանցային հարթակում Կարեն Հովհաննիսյան անուն ազգանունով անձը տեղեկացնաում է, որ «Գազպրոմ»-ի Մարտունու տնօրենը անհարկի վիրավորել և կոպտել է քաղաքացուն՝ արտահոսքի մասին ահազանգ հնչեցնելու համար.
« Մարտունու ԳԳՄ-ի տնօրենի արկածները:
Առավոտյան քաղաքացին գնում է ,,Գազպրոմ Արմենիա,, Մարտունու ԳԳՄ, և տնօրենի մոտ հայտնում իր անհանգստության մասին, այն է, որ մի X վայրում, գազի խողովակի պատճառով խաչմերուկի վրա վթարային իրավիճակ է ստեղծվում միշտ, և որ հարցին լուծում տան: Իսկ տնօրենը, փոխանակ հասկանա, ըմբռնի հարցի էությունն ու բովանդակությունը, քաղաքացու հետ վարվում է կոշտ, կոպիտ, վիրավորում, վեճ հրահրում և քաղաքացու վրա շխկոցով փակում դուռը... Կեցցե, ,,Գազպրոմ Արմենիան,, կեցցե Մարտունու ԳԳՄ-ն...»:
Եվ ահա այս ամենի ֆոնին առնվազն տարօրինակ է «Գեղամա» հեռուստատեսության պատրաստած և 2015թ. հուլիսին հրապարակած տեսանյութը, որտեղ փորձում են համոզել հեռուստադիտողին, թե ինչքան լավ ու ծանրաբեռնված են աշխատում Մարտունու որոշ ԳԳՄ-իշնիկներ:
Պատմում են, թե ինչքան հաճախ են լինում միջին ճնշման գազատարների վթարները, որոնք ներկայացվում են որպես 35 տարվա գազատարներ, թեև Մարտունին, որքան հայտնի է, անկախությունից հետո գազաֆիկացվել է 2000-ական թվականներից:
Ուշագրավ է նաև այն, որ Մնացականյանների խանութի պայթյունից հետո Մարտունու ԳԳՄ-ն հանրապետությունում ճանաչվել է համակարգի լավագույն ծառայություն մատուցողը՝ սպասարկման, գումարների հավաքագրման և էլի ինչ-որ բաների առումով: Եվ այդ մասին տեսանյութում ելույթ ունեցողների մի մասը Սամվել Մնացականյանի դուստրերին առնչվող դեպքով մեղադրյալներից են:
Չմոռանանք, որ վերոնշյալ մասնաճյուղի տնօրենն ի սկզբանե եղել է Ավետիք Խաչատրյանը: Դեպքեր են եղել, երբ ցուրտ ձմռանը նա անջատել է բնակիչների գազամատակարարումը՝ վճարումներն ուշացնելու համար. այդ առիթով լրատվամիջոցներից մեկին տարիներ առաջ նա վստահեցրել է, որ «մարտունեցիների մեծ մասն ամբողջ ամառ աշխատում է Ռուսաստանում: Հաստատ վճարելու գումար կունենան եթե վերադարձել են»:
Այսինքն, Ավետիք Խաչատրյանը, իր լիազորությունները պատշաճ կատարելու, «լևի» գծերի անցկացումը թույլ չտալու, տարբեր տրամաչափի գազատարներից արտահոսքերը կանխարգելելու փոխարեն աչքը դրել է խոպանչիների բերած գումարների վրա և առաջինը զբաղվել դրանց հավաքագրմամբ:
Եվ թքած՝ թե իր ղեկավարած հիմնարկի գործողությունների կամ անգործության հետևանքով քանի մարդ ու ընտանիք կտուժի: Կարևորը Ավետիք և Գագիկ Խաչատրյանների նյութական վիճակն է, որը լավացել է պայթյունների ավելացմանը զուգահեռ:
Ավելին, «Գազպրոմը» պատվոգիր է տվել, երբ նրանք բնակչության համար վտանգներ են ստեղծել և Մնացականյանների դեպքով էլ առողջական և նյութական ծանր հետևանքներ առաջացրել: Ստացվում է, որ «Գազպրոմի» համար բնակչությանը վտանգելը խրախուսանքի արժանի քաղաքականություն է, որին պետք է վերջ տալ տոտալ ստուգումներ սկսելով... որովհետև «լևի» գիծ քաշողը «լևի» գազալցակայան էլ կարող է ունենալ...
Էլմիրա Մարտիրոսյան