запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Նախկին գյուղապետի բիզնես ախորժակը միայն քրգործի նորոգումը կփակի

Թավշյա հեղափոխությունից հետո համայնքապետերը հաճախակի են հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում, քանի որ սխալ են «հասկացել» իրենց պաշտոնեական գործառույթների իմաստը և համայնքային սեփականությունն ընդունել և տնօրինել են որպես «հոր դուքյան»:

Ոմանք համայնքային հողերը դարձրել  են իրենց սեփականությունը: Ոմանք օտարել են նույնիսկ գյուղի գերեզմանատեղերի հողերը՝ մեռնողներին զրկելով «մարդավարի» թաղվելու սահմանադրական իրավունքից: Ոմանք էլ ձեռքները դրել են նաև հարևանների սեփականության վրա... զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով:

Տավուշի մարզի Գոշ գյուղում, նախկին գյուղապետ Հովսեփ Վերանյանի պաշտոնավարման ընթացքում /մինչև 2012թ.-ը/՝ Գրիգորյանների հայրական տան հետ կատարված տարօրինակ իրադարձությունները հանգիստ կարող են տեղավորվել «Եթե գողը տնից լինի, եզը երդիկից էլ կհանի» ասացվածքի շրջանակներում: Արամ և Քիշմիշ  Գրիգորյանների տան «եզը» «երդիկից» «հանողն» էլ նրանց 8 զավակներից մեկն է, թե՝ ով, կռահեք ինքներդ...

Սովորաբար արտագնա աշխատանքի մեկնող Միշա Գրիգորյանը մի օր կորցրել է անձնագիրը, հայտնի չէ՝ որտեղ: Փնտրել է՝ չի գտել: Ստացել է նոր անձնագիր ու հանկարծ պարզել, որ իր հայրական տունը՝ իր հաշվառման հասցեն փոխված է. գյուղապետի թեթև ձեռքով ու անհայտ հիմնավորմամբ Մ. Գոշ 63 հասցեն դարձել է 78 և 78/1:  

Հետո Տավուշի մարզային կադաստրում, Միշայից, նրա քույրերից և եղբայրներից գաղտնի, հայտնվել է մի անստորագիր, ջնջումներով դիմում, որի հիման վրա սկզբում Յաշա Գրիգորյանն է դարձել իր ծնողների գույքի, հողի սեփականատեր /ապա՝ նաև անտեղյակ Միշա Գրիգորյանը/,  հետո այդ հողատարածքի դիմացի՝ Գոշ գյուղի հրապարակին հարող մասը «քերել»՝ դարձրել են համայնքային հող, այնուհետև գյուղապետի անօրինական որոշումների հետևանքով այդ հատված են խցկվել վերջինիս ընտանիքի անդամները՝ իրենց բիզնես ծրագրերով:

Եվ արդեն 8 տարի է՝ Արամ և Քիշմիշ Գրիգորյանների ողջ մնացած զավակները գալիս են դատարաններ, որ ապացուցեն՝ իրենք ողջ են, երդիկից հանված «եզն» էլ իրենցն է...Պարզապես այն դուրս է մնացել իրենց սեփականությունից, որովհետև սկսած 2005թ-ից տարօրինակ բաներ են կատարվել իրենց ժառանգական գույքի հետ.  Օրինակ այն, որ 1997թ-ին մահացած մայրը չէր կարող 2005թ-ին գալ կադաստր և ավելի վաղ մահացած ամուսնու ժառանգությունն ընդուներ կամ ձևակերպեր, օտարման որևէ օրինական գործարք, գործողություն չկատարելու պարագայում հնարավոր չէր, որ 1500 քմ. ամբողջական հողամասը /սկզբում եղել է 2000քմ./  նվազեր և անշարժ գույքի կադաստրի կողմից տրված սեփականության վկայականում դառնար 930քմ և առանձին 520քմ. /որի գտնվելու վայրը Գրիգորյաններին մինչ օրս հայտնի չէ/ ...  

Միշա Գրիգորյանի խոսքով՝ դեռևս 2011 թ. սկզբներին Հովսեփ Վերանյանն իրեն հայտնել է, որ իր ցանկապատի ներսում գտնվող հողամասի մի մասն անցել է համայնքին,  իրենն է ու ինքը շինարարություն է սկսելու այդ տարածքում:  Գրիգորյանները զարմացել են, հետո ուսումնասիրել Միշա Գրիգորյանի անվամբ տրված սեփականության վկայականը, ու հասկացել, որ իրենց ունեցածից պակաս է նշված՝ 930քմ, որը հավասարապես պատկանում է Միշա և Յաշա Գրիգորյաններին:   Դրանից հետո, 2011 թ.-ին Միշա Գրիգորյանը  դիմել է դատարան, որպեսզի վերականգնի ծնողներից ժառանգած հողամասի սահմանները, քանի որ այդ հասցեում ինքն է շարունակել ապրել: Մյուս ժառանգները ևս դիմել են դատարան՝ վերականգնելու իրենց ժառանգության իրավունքը:

Եվ իրոք, մինչ Գրիգորյանները կհասկանային պակաս ցույց տրված մասը վերադարձնելու ճանապարհը, Հ. Վերանյանը կատարել է հաջորդ քայլը. 2011թ. մայիսի 27-ին  կայացրել  է թիվ 10 որոշումը, որով պետք է դիմեր Կադաստրի պետական կոմիտեի Դիլիջանի ստորաբաժանում՝ բնակավայրի հողերից 79 քմ մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու համար: Ընդ որում, որոշման մեջ նշել է, որ հողամասը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերին չի պատկանում, իսկ վարչական դատարանին ուղղված պատասխանում հայտնել է հակառակը:

Այդուհանդերձ Մ. Գրիգորյանի բողոքների արդյունքում կասեցվել է 79 քմ-ը Կադաստրում, որպես համայնքային սեփականություն գրանցելու վերաբերյալ Հ. Վերանյանի որոշումը:  

Միշա Գրիգորյանը գտնում է, որ նախկին համայնքապետը հողամասի փաստացի չափը միտումնավոր է կադաստրային քարտեզում 79 քմ-ով նվազեցրել, ինչը տեսանելի է այլ փաստաթղթից. ըստ Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն ՊՈԱԿ-ի 2011թ. հուլիսի 6-ի չափագրման՝ հողամասը կազմում է 1120 քմ /և ոչ թե 930/: Գրիգորյանների խոսքով՝ 1970-ականներին հողամասը պետության կարիքների համար վերցվելուց հետո այն 4-5 մետր հետ է տարվել, ապա հսկայական քարերով հիմնապատվել է, և որոնք հնարավոր չէ շարժել առանց հատուկ տեխնիկայի օգնության: Տնամերձ հողամասն այդ ժամանակվանից մինչ օրս, առանց չափերի և սահմանների փոփոխության, գտնվում է նշված հիմնապատի և նախկինից մնացած ցանկապատի ներսում, Ճանապարհից 1-1,5 մետր բարձրության վրա և հնարավոր չէր այն սխալ չափագրել:

Եվ իրոք, տեղում նույնիսկ մեկ հայացք գցելու դեպքում կարելի է հասկանալ, որ Վերանյանների օբյեկտների շինարարությունը Գրիգորյանների ցանկապատի վրա, անտրամաբանական է, անօրինական և անթույլատրելի՝ հետևյալ պատճառաբանությամբ:

Նախ, դատելով առկա տեղեկատվությունից և լուսանկարներից, 1970-ականներին, երբ պեղումներ են կատարել, վերանորոգել, բարեկարգել «Գոշավանք» պատմական համալիրը և հարակից տարածքը, որի դիմաց՝ զառիթափի վրա, Գրիգորյանների տունն է հարակից հողամասով /երեք եկեղեցիների միջնամասում/, վերը նշված հենապատն այնքան ու այնպես է հետ տարվել, որ հնարավոր լինի միանգամից 3 խնդիր լուծել. Փոքրիկ հրապարակ բացել՝ զբոսաշրջիկներ բերող ավտոբուսների կայանման համար, պահպանել մեքենաների  անցման ճանապարհը, որը գյուղամիջից, ձորակի կողքով դուրս է գալիս դեպի Գոշի հրապարակ և իջնում՝ միանում միջմարզային, միջպետական ճանապարհին, և երրորդ՝ այն պետք է մնա Գրիգորյանների սեփականության շրջանակում և ծառայի նրանց  որպես սպասարկման տարածք, քանի որ դա մեքենայի մոտեցման միակ ճանապարհն է:

Ընդ որում, Գրիգորյաններին պատկանող հողատարածքը երեք կողմերից սահմանակից է հարևան հողատերերի սեփականությանը՝ առանց ընդլայնվելու հնարավորության: Հետևաբար Գրիգորյաններին պատկանող 1500 քմ.-ը ձգվում և ավարտվում է տան առջևի հատվածում, այդ թվում՝ հենապատի սահմաններից դուրս՝ առնվազն 3 մետր, որտեղ ապօրինի շինարարություն են նախաձեռնել  Վերանյանները և փաստացի «օկուպացրել» Գրիգորյանների հողատարածք տանող մուտքը:

Եթե դատարանը համապատասխան փորձաքննությամբ /կամ թեկուզ տեղատեսությամբ/ գտնի այդ պարզ հարցի պատասխանը՝ որտեղ է ավարտվում Գրիգորյաններին պատկանող 1500քմ. հողակտորի սահմանները, ակնհայտ կդառնա, որ այն ավարտվում է հրապարակի ուղիղ կենտրոնում, որտեղ չի կարող կառուցապատում իրականացվել:         

Ուստի տրամաբանական է, որ Գրիգորյաններն իրենց սեփականության իրավունքը խախտելու մեջ տեսնում են ոչ միայն նախկին համայնքապետի, այլ նաև  Կադաստրի մեղքը՝ 520 քմ հողամասի սեփականության կեղծ վկայական «տրամադրելու» համար, որպեսզի լրացվի Մ. Գոշի 78 հասցեի տնամերձ հողամասից պակասող մասը

Ապօրինի շինարարություն է իրականացվել նաև Գրիգորյաններին պատկանող նույն հողակտորի, բայց 78/1 հասցեի տակ գրանցված հատվածում.

Միշա Գրիգորյանի դիմումի հիման վրա քաղաքաշինական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժինը ուսումնասիրել և պարզել է, որ Մ. Գոշի փողոցի 78/1 հասցեում Սենիկ Վերանյանն իրականացրել է հասարակական սպասարկման օբյեկտի ինքնակամ շինարարություն: Ոստիկանության Դիլիջանի բաժնում 2012թ. մայիսի 14-ին ինքնակամ շինարարության վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն և այն ուղարկվել է վարչատուգանային հանձնաժողով՝ Ս. Վերանյանին վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Գոշ համայնքի ղեկավարը ստիպված է եղել  ինքնակամ շինարարությունը դադարեցնելու որոշում կայացնել, սակայն ոչ  վարչական պատասխանատվության է ենթարկել որդուն, ոչ էլ քանդել է շինությունը:  

 
 

Ընդհակառակը,  Գոշի ավագանու 2012 թ. ապրիլի 2-ին կայացրած՝ «Գոշ համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրի 128,64 քմ հողակտորը 60 տարով վարձակալությամբ և կառուցապատման իրավունքով վարձակալության հանձնելու մասին որոշման հիման վրա, հունիսի 15-ին ձևական մրցույթի արդյունքում փոխանցել է որդուն.  Այդպես Հովսեփի որդի Սենիկը գյուղի հրապարակի մի հատվածի հետ միասին 60 տարով վարձակալել է Գրիգորյանների հողամասը:

Գրիգորյաններն էլ ստիպված դիմել են Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանն էլ /դատավոր Ա. Խաչիկյան/, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի  Միշա և Յաշա Գրիգորյանների, երրորդ անձինք Նվարդ Գրիգորյանի, Ալվարդ Գրիգորյանի, Սիրվարդ Սարգսյանի, Յուրիկ Գրիգորյանի, Հայկազ Ամիրխանյանի, Հրանտ Ամիրխանյանի, ընդդեմ ՀՀ Տավուշի մարզի Գոշի գյուղապետարանի և Սենիկ Հովսեփի Վերանյանի, երրորդ անձ` ՀՀ ԱԳԿ ՊԿ Տավուշի տարածքային ստորաբաժանման օրենքի ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և որպես հետևանք Գոշ համայնքի անվամբ 11.11.2009թ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Գոշի ավագանու 02.04.2012թ թիվ 2 որոշումը, մրցույթի վերաբերյալ 15.06.2012թ թիվ 1 արձանագրությունը և Գոշի համայնքի ղեկավար Հովսեփ Վերանյանի 15.06.2012թ թիվ 17-Ա որոշումը, Գոշի գյուղապետարանի և Սենիկ Վերանյանի միջև 21.06.2012թ կնքված հողամասը մրցույթով տրամադրելու պայմանագիրը և Սենիկ Վերանյանի անվամբ կատարված կառուցապատման իրավունքի պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու, Գոշ համայնքի Մ. Գոշի 78 և Մ. Գոշի 78/1 հասցեների հողամասի հենապատի վրա կառուցված պատը քանդելուն և այն 3 մ. հենապատից հեռացնելուն Սենիկ Վերանյանին պարտավորեցնելու պահանջի մասին, 07.12.2015 թվականին վճռել է.

«Միշա Գրիգորյանի հայցը բավարարել ամբողջությամբ. օրենքի ուժով ճանաչել Միշա Գրիգորյանի սեփականության իրավունքը Գոշ համայնքի Մ. Գոշի փողոցի թիվ 78 /կադաստրային համար ...-028/ և թիվ 78/1 /կադաստրային համար՝ ...0041/ հասցեներում գտնվող բնակելի տան և այդ հասցեներում ցանկապատի ներսում առկա ամբողջ հողամասի՝ 0,11186 հա տնամերձ հողամասի 1/8 մասի նկատմամբ: Որպես հետևանք՝ մասնակիորեն անվավեր ճանաչել թիվ ...-0042 կադաստրային ծածկագով հողամասի նկատմամբ Գոշ համայնքի անվամբ 11.11.2009թ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Գոշի ավագանու 02.04.2012թ թիվ 2 որոշումը, մրցույթի վերաբերյալ 15.06.2012թ թիվ 1 արձանագրությունը և Գոշի համայնքի ղեկավար Հովսեփ Վերանյանի 15.06.2012թ թիվ 17-Ա որոշումը, Գոշի գյուղապետարանի և Սենիկ Վերանյանի միջև 21.06.2012թ կնքված հողամասը մրցույթով տրամադրելու պայմանագիրը և Սենիկ Վերանյանի անվամբ 09.09.2012թ. կատարված կառուցապատման իրավունքի պետական գրանցումը: Պարտավորեցնել Սենիկ Վերանյանին քանդել Գոշ համայնքի Մ. Գոշի 78 և Մ. Գոշի 78/1 հասցեների հողամասի հենապատի վրա կառուցած պատը և այն 3 մ. հեռացնել հենապատից:

Յաշա Գրիգորյանի հայցը բավարարել մասնակի. օրենքի ուժով ճանաչել Յաշա Գրիգորյանի սեփականության իրավունքը Գոշ համայնքի Մ. Գոշի փողոցի թիվ 78 կադաստրային համար՝ ...028/ և թիվ 78/1 /կադաստրային համար՝ ...-041/ հասցեներում գտնվող բնակելի տան և այդ հասցեներում ցանկապատի ներսում առկա ամբողջ հողամասի՝ 0,11186 հա տնամերձ հողամասի 1/8 մասի նկատմամբ: Մնացած մասով հայցը մերժել»:

Դատարանի  վերոնշյալ վճռի դեմ հայցվոր Յաշա Գրիգորյանը, պատասխանող Սենիկ Վերանյանը, գործին մասնակից չդարձված անձ Լիլիթ Վարդանյանը /Սենիկ Վերանյանի կինը/ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել Վերաքննիչ դատարան:

Դատական երկար դեգերումներից հետո նրանցից առաջինի բողոքը մերժվել է, իսկ մյուս երկուսինը՝ բավարարվել:  Բեկանվել է  վճիռը  և գործն ուղարկվել է  նույն Դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։

ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 26.02.2018 թվականին որոշում է ընդունել  հայցվոր Միշա Գրիգորյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ ապացույց պահանջելու վերաբերյալ, բավարարել: 
01.02.2019 թ.-ին հայցվոր Մ. Գրիգորյանի ներկայացուցիչը հայցային պահանջների չափն ավելացնելու մասին դիմում է ներկայացրել Դատարան, որով խնդրել է նաև Միշա Գրիգորյանին ճանաչել Գոշ Գյուղի, Մ.Գոշ փողոցի թիվ 78 հասցեի՝ հանգուցյալներ Հայկազ և Հրանտ Ամիրխանյանների 2/8 բաժինների մասով սեփականատեր:

Այժմ գործը փոխանցվել է նորանշանակ դատավոր Սյուզաննա Ուլիխանյանին:

Մայիսի 2-ին կայացած առաջին դատական նիստին պատշաճ ծանուցվել, բայց չէին ներկայացել Յաշա Գրիգորյանը, Լիլիթ Վարդանյանը և Սենիկ Վերանյանը: Վերջինիս շահերը դատարանում ներկայացնում էր հայրը՝ Հովսեփ Վերանյանը և փաստաբան Կ. Ղալումյանը: Միշա Գրիգորյանի ներկայացուցիչը՝ Ս. Սաֆարյանն էր: 

Հայկազ և Հրանտ Ամիրխանյանների հասցեով ուղարկված ծանուցագրերը դատարան էին վերադարձվել «մահացած են» նշագրմամբ: Դատավարության մասնակիցները տեղեկություն չունեին՝ վերջիններիս ժառանգներն ընդունե՞լ են ժառանգությունը, թե՞ ոչ: Ս. Սաֆարյանն ասաց, Հրանտ Ամիրխանյանի դուստրը՝ Լիլիթ Ամիրխանյանը հրաժարվել է հորը հասանելիք մասնաբաժնից և դատարանը կարող է նրան չներգրավել: Ամիրխանյանների մնացած ժառանգների մասով իրավահաջորդության հարցը դեռ լուծված չէր, դատարանն անհրաժեշտ համարեց հետաձգել դատական նիստը՝ իրավահաջորդների պատշաճ ծանուցումն ապահովելու համար: 

Փաստաբան Կ. Ղալումյանն ասաց, թե ձգձգելով խախտվում է Սենիկ Վերանյանի կառուցապատման իրավունքը. Պետք է կոնկրետացնել և արագացնել:

Ոչ պատշաճ պատասխանող Հովսեփ Վերանյանն էլ դժգոհեց: Ասաց՝ առանձնացրեք Սենիկի գործը. իրանց գործը ի՞նչ կապ ունի Վերանյան Սենիկի գործի հետ, յոթը տարի է՝ բանկերից փող ենք վերցրել, չենք կարողանում...

Դատարանն ընդհատեց պատասխանողին և բացատրեց, որ հայցվորների հայցն ընդդեմ գյուղապետարանի է:

Միշա Գրիգորյանի ներկայացուցիչն էլ հակադարձեց Վերանյանին՝ չբացառելով, որ քրեական հանցակազմերի հատկանիշներ պարունակող քրեական գործերը, որոնք ի հայտ են եկել 9 տարի քննվող դատական գործերի ընթացքում, գուցե նորոգվեն:

Հաջորդ դատական նիստը՝ հունիսի 11-ին:  

 

                                                                                                  Է. Մարտիրոսյան