запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Թիթիզ Կարենի վերջին մեղքը. անթույլատրելի ինտրիգ՝ սիսիանցիների դեմ

Պաշտոնավարման ամբողջ ընթացքում հնարավոր բոլոր ոլորտներում օպտիմալացում արած, իսկ հետո՝ «ինքնաօպտիմալացված» Կարեն Կարապետյանի վերջին մեղքը սիսիանցիների դեմ է:

 Հպարտ, արժանապատիվ սիսիանցիների, ովքեր առանց տրտնջալու, սյունի պես ամուր կառչած են հողին և պահում են իրենց վստահված սահմանը՝ դիմակայելով նաև ներքին ինտրիգներին...

Թավշյա հեղափոխությանը նախորդած՝ կառավարության վերջին նիստը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի նախագահությամբ, 2018թ. ապրիլի 12-ին էր: Կառավարության՝ այդ օրվա որոշումներից մեկը «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ը լուծարելու մասին էր:

Սակայն թավշյա հեղափոխությունից հետո այդ գործընթացն առայժմ և բարեբախտաբար սառեցված է: Եթե այն կյանքի կոչվի, ապա հիվանդանոցը պետք է լուծարվի, գույքն ամրակցվի ՀՀ ՊՆ-ին՝ «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկին, իսկ Սիսիանի հիվանդանոցի ծառայություններից օգտվող քաղաքացիները՝ հղի, ոչ հղի, մանուկ ու ծեր, պետք է հավելյալ ծախս անեն, կտրեն ևս 10 կմ ճանապարհ, որպեսզի հասնեն Աղուդի գյուղում գտնվող զինհոսպիտալ և օգտվեն բուժսպասարկումից:

Ի՞նչ է սա՝ տգիտությու՞ն է, թե՞ ապազգային քայլ, որտեղ բացարձակապես արհամարված է հանրության շահն ու ոլորտի մասնագետների կարծիքը...

Թեև Կարեն Կարապետյանը չհասցրեց իրականացնել այդ վտանգավոր որոշումը, սակայն նրանից հետո, ինչ-որ անձինք, ինչ-որ նպատակով, ինչ-որ ինտրիգներ լարելով հիվանդանոցում՝ կարծես փորձում են ի կատար ածել այն՝ թաքնվելով «թավշյա հեղափոխականների» քողի տակ: Մեր այցի պահին պրովոկացիոն բնույթի ինտրիգը, որն ամբողջ կոլեկտիվին լարվածության մեջ էր պահել մոտ երկու ամիս, հարթվել էր:

Դրա վերաբերյալ մամուլում հայտնված տեղեկություններն էին գրավել մեր ուշադրությունը, և փորձեցինք տեղում պարզել իրականությունը, քանի որ երբեմն անձնական շահ հետապնդող փոքրիկ ինտրիգները կարող են ճակատագրական լինել պատերազմող երկրի և տվյալ տարածաշրջանի բնակչության համար:

 Երբ իջա հիվանդանոցի դարպասների մոտ, շենքը չէր երևում: Մի հսկայական կիսակառույց անշուք շինություն /ինչպիսին լինում է գեներալների թալանից հետո/ փակում էր հիվանդանոցի ճակատը, և դա սարսափելի էր որպես առաջին տպավորություն. կարծես հիվանդանոցից միայն այդ սյուներն էին մնացել, ինչը կարող է ճնշող ազդեցություն ունենալ արդեն իսկ ճնշված հոգեվիճակով հիվանդանոց շտապող այցելուի վրա:

Սակայն այդ տպավորությունը տեղի տվեց, երբ անշուք շենքի հետնամասում հայտնաբերեցի հիվանդանոցը՝ 50 տարվա խնամված շենքով, հարգանքի արժանի փորձառու և փնտրված մասնագետներով, որոնց մի մասն այստեղ է աշխատում մոտ 35 տարի, ու անկեղծորեն գոհ այցելուներով: Վերջիններս նույնիսկ Երևանում հետազոտվելուց հետո գալիս են Սիսիան՝ իրենց ճանաչած ու վստահած բժիշկների մոտ՝ կրկնահետազոտման:

Անձնակազմն այսօր համախմբվել է ևս մեկ փորձառու մասնագետի՝ տնօրեն Անուշ Ներսիսյանի շուրջը, ով այս կոլեկտիվին միացել ընդամենը 1,5 տարի առաջ:

Մինչ անձնակազմի հետ զրուցելը տնօրենից պարզեցինք հիվանդանոցի միավորման, լուծարման հարցին առնչվող նախապատմությունը, ներկա իրավիճակը, լսեցինք առարկությունները, դիտարկումները:

Նա ասաց, որ տարիներ շարունակ շրջանառվել է Սիսիանի երկու բուժհիմնարկները միավորելու՝ մեկ կառույց ստեղծելու հարցը, սակայն լուծարման մասին խոսք չի եղել մինչև 2018թ. ապրիլի 12-ը: Իրավաբանական տեսանկյունից դրանք տարբեր հասկացություններ, տարբեր գործընթացներ են:

Մինչ այդ՝ 2017թ սեպտեմբերին ստեղծվել է հանձնաժողով՝ կազմված ՊՆ-ի, ԱՆ-ի և Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների ներկայացուցիչներից, որը պետք է քննարկեր երեք տարբեր շրջաններում՝ Բերդում, Վարդենիսում և Սիսիանում գործող հիվանդանոցների վերամիավորման կարգը՝ ուսումնասիրելով և համեմատելով դրանց վերաբերյալ տեղեկատվությունը՝ առկա  աշխատուժի, սարքերի մաշվածության, նյութատեխնիկական բազայի, շենքային պայմանների վերաբերյալ:

Դրանից հետո՝ ս. թ. սկզբին գործադիրին է ներկայացվել կառավարության որոշման  նախագիծ՝ կից հիմնավորումներով՝ «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ լուծարելու մասին», որը կառավարությունը մերժել է և ուղարկել վերանայման:

Տիկին Ներսիսյանի խոսքով՝ մերժվելուց հետո, կուլիսներում քննարկում է եղել, որ Բերդը կմիացնեն 2018թ.ին, կտեսնեն ինչպիսի արդյունք կլինի, հաջորդ քայլը կլինի Վարդենիսը, իսկ Սիսիանը, հավանաբար, 1-1,5 տարի հետո կդրվի քննարկման, որովհետև Սիսիանի խնդիրները մի քիչ ավելի շատ են:

«Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ հոսպիտալը գտնվում է ոչ թե Սիսիանում, այլ՝ քաղաքից մոտ 10 կմ հեռու գտնվող Աղուդիում: Այսինքն Սիսիանի հիվանդանոց դիմողը լրացուցիչ՝ ևս 8-10 կմ ճանապարհ պետք է կտրի այն դեպքում, երբ անընդհատ տրասպորտային կապ չկա Սիսիանի հետ:

Հաջորդ ավելի կարևոր խնդիրն այն է, որ երբ  որ դնում և քննարկում ենք, թե ինչ գործառույթներ է իրականացնում հոսպիտալը և ինչ գործառույթ՝ հիվանդանոցը, կրկնվող գործառույթները շատ փոքր են: Դա մեր ընդհանուր ֆինանսական ծավալի մոտ 10 տոկոսն է կազմում, հետևաբար 90 տոկոսի հարցը դնել և այս տիրույթում քննարկելը, ես գտնում եմ՝ անիմաստ է:

Այն գործառույթները, որոնք հոսպիտալը չի իրականացնում, դա պոլիկլինիկական ծառայությունն  է, մանկաբարձական-գինեկոլոգիական ծառայությունն է, շտապ բուժօգնությունն է, երեխաների բուժսպասարկումն է: Այս ծառայությունները չեն իրականացնում զինհոսպիտալում, հետևաբար իմաստը ո՞րն է, որ այստեղ փակվի և համանման ծառայություններ նորից կազմակերպվի հոսպիտալում, եթե նույնիսկ բոլոր բուժսարքավորումները հանձնենք պաշտպանության նախարարությանը...

Մարդկանց համար է խնդիր առաջանում՝ և' տարածքը կտրել, ինչու չէ՝ նաև հոգեբանական խնդիրը: Այսօր շատ սիսիանցիներ բողոքում են, թե ինչու իմ կինը պետք է գնա, ցավ քաշի ծննդատանը, կողքի պալատում էլ զինվորներ, տղամարդիկ  լինեն, ամեն տեսակի ընդհարումներ կարող են լինել: Ու նաև զինվորների համար, ովքեր պետք է գիշերը հանգիստ քնեն, ինչու պետք է ծննդատան 24 ժամյա լարված գրաֆիկի հետ համակերպվեն:

Մի խոսքով՝ գտնում ենք, որ դա անիմաստ է. ինչ է ստացվում՝ հիվանդը Սիսիանում է, բժիշկը Սիսիանում է, բայց գիշերը երկուսն էլ պետք է վեր կենան՝ գնան հոսպիտալ, որ այդ ծառայությունն իրականացվի՞... Աբսուրդային իրավիճակ :»-իր առարկություններն է ներկայացնում Անուշ Ներսիսյանը:

Նրա փոխանցմամբ՝ի սկզբանե, ինքը և մարզպետարանն առաջարկել են՝ քննարկել միայն կրկնվող ծառայությունները, և ստեղծել անկախ հանձնաժողով՝ ծառայությունների որակը ստուգելու համար: Թող մասնագետները գնահատեն՝ որ բուժհիմնարկում է ավելի որակյալ ծառայություն մատուցվում, մատնանշեն առավելություններն ու թերությունները և դնեն սիսիանցիների բաց քննարկմանը: Թող վերջնական խոսքը լինի սիսիանցունը: Պետք է լսելի լինի նրա ձայնը:

«Ես գտնում եմ, որ առողջապահության ոլորտում ցանկացած բարեփոխման հիմքը պետք է լինի շահառուն: Մենք չպետք է նայենք՝ կառավարությանն այսպես հարմար է, թե ոչ, հիվանդանոցի աշխատողն անաշխատանք կմնա, թե ոչ: Դրանք բոլորը կարևոր են, բայց գլխավորը չեն: Կարևորը պետք է շահավետ լինի նրա համար, ում համար բուժսպասարկում է իրականացվում:

Եթե սա վերցնենք որպես առանցք, կտեսնենք, որ կառավարության ապրիլի 12-ի որոշման մեջ սիսիանցու շահն անտեսված է:  Կարծես թե հանձնաժողովին ստիպել են արդեն ի վերուստ որոշված որոշմանը հարմարեցնել իրենց եզրակացությունը: Սա իմ անձնական կարծիքնէ»-նշում է տնօրենը:

Նախագծի հիմնավորումներից պարզ է դառնում, որ դրանք մշակել են ՊՆ-ի և ԱՆ-ի ներկայացուցիչները: Հիմնական նախաձեռնությունը եղել է պաշտպանության նախարարությանը և հանձնաժողովի նախագահն էլ ընտրվել է պաշտպանության նախարարությունից:

Իսկ արդյո՞ք այդ հիմնավորումներն արհեստական չեն, որոնցով պարզապես փորձ է արվում կազմալուծել բժշկական կենտրոնի աշխատանքը: Մեր այս դիտարկմանը տնօրենն այսպես արձագանքեց.

«Սիսիանի բժշկական կենտրոնը լուծարելու կառավարության  որոշման հիմնավորումները եթե նայեք, կտեսնեք, որ դրանքստանդարտ գրված են և' Վարդենիսի համար, և' Բերդի համար, և' Սիսիանի համար:

Գրված է. «թույլ լաբորատոր և ախտորոշիչ գործիքային համալրվածություն, առկա սարքավորումերը հին են»:

Եթե նույնիսկ ընդունենք, որ սա ճիշտ է, մի՞թե թույլ համակարգին օգնելը դա լուծարելն է: Դրանք պետք է ուժեղացնել: Նախ պարզել պատճառները՝ իրո՞ք թույլ է, թե ոչ, եթե թույլ է, ապա ինչ պատճառներով է թույլ, պատճառները վերացնել և ուժեղացնել: Մենք բժիշկներ ենք չէ, եթե ծանր հիվանդի ենք հանդիպում, չենք ասում՝ ոչինչ պետք չի անել»:

-Այսինքն գլխացավից ազատվելու համար գլուխն են կտրում:

«Այո, դրա նման մի բան է ստացվում:

Երկրորդ հիմնավորումը. «չի ապահովում արդի բժշկական օգնության համապատասխան մակարդակ և որակ»:

Սա բավականին վտանգավոր եզրակացություն է. եթե ինքը չի ապահովում համապատասխան մակարդակ և որակ, ես որպես սիսիանցի կարող է դատի տամ առողջապահության նախարարությանը, որը վերջին 15 տարին արտոնագրել է Սիսիանի բժշկական կենտրոնին, պետպատվեր է իջեցրել այն դեպքում, երբ որ ինքը համապատասխան որակ չի ապահովել

Հիմնավորման մեջ նշված է նաև. «Հիվանդանոցը և հոսպիտալն առօրյա գործունեության ընթացքում հաճախ կրկնում են տարածաշրջանի բնակչության ստացիոնար բժշկական օգնության գործառույթները, երբեմն նաև խանգարելով մեկմեկու: Հիվանդանոցի հաստիքների համալրումը բավականին մեծ խնդիրներ է առաջացնում, կապված հեռու տեղակայման ու ցածր վարձատրության հետ: Երկու բժշկական կազմակերպությունների անջատ գործելու արդյունքում փոշեցրվում է տարածաշրջանի առանց այդ էլ սակավաթիվ բժշկական ներուժը»:

Տնօրենը կրկին հակադարձում է. «Ստացիոնար բժշկական օգնության գործառույթը դա ընդամենը 12 տոկոսն է: Եսչեմ հասկանում Սիսիանի հիվանդանոցը ինչպես կարող էր խանգարել զինվորական հոսպիտալին՝ իր գործառույթներն իրականացնելու համար: Միմյանցից հեռու են, տարբեր գործառույթներ ունեն: Այնպես չէր, որ այդ գործառույթները հանձնարարված էին զինհոսպիտալին, մենք խանգարեցինք: Այսինքն՝ երկրորդ աբսուրդը:

Եթե ասենք՝ թերապևտիկ հիվանդին բուժել է ընտանեկան բժիշկը, վիճակը վատթարացել է, 24-ժամյա հսկողության կարիք ունի, իմ բժիշկը բերում-պառկեցնում է թերապևտիկ բաժանմունքում, ինքը արդեն շատ լավ ծանոթ է այդ հիվանդին, և ինքը բնականաբար ավելի քիչ միջոցներով, ավելի քիչ ժամանակում, ավելի լավ արդյունքի կհասնի, քան հոսպիտալի թերապևտը, որը ծանոթ չի այդ հիվանդի պատմությանը և հիվանդին: Իսկ մեզ մոտ թերապևտիկ ծառայությունը շարունակում է նույն ընտանեկան բժիշկը, որը իր ամբուլատոր բուժումը տանը արել էր, վիճակը ծանրացել է, ինքը տեղափոխվում է ստացիոնար, իր հսկողության տակ բուժումը շարունակում է շատ արդյունավետ: Եթե մենք սա կտրում ենք ու տալիս ենք հոսպիտալին, մենք որակ ենք կորցնելու:

«Հիմա տեսնենք՝ հոսպիտալը մեզ ինչով է խանգարում: Մենք ունենք հիվանդների սպասարկման երկու հիմնական մեթոդ՝ պետպատվերով, այսինքն՝ անվճար, եթե պետպատվերից օգտվելու փաստաթուղթը լինի, անհետաձգելի դեպքերը՝ համավճարով, և վճարովի ծառայություններ:

Մեզ մոտ վճարովի վիրաբուժական ծառայությունը շատ-շատ տուժում է: Ինչու՞, որովհետև կա վիրահատության համար նախատեսված պետական գին: Մենք չենք կարող պետական գնից ավելի ցածր գնով վիրահատություն իրականացնել, որովհետև, հավատացեք, երբեմն պետական գինը ինքնարժեքից ավելի ցածր է լինում:

Իսկ հոսպիտալը...իր խնայողությունների հաշվին կարող է կատարել վիրահատություն, որտեղից նրանից գանձվում է միայն նյութական ծախսերը: Ու այն վիրահատությունը, որն ինքը մեզ մոտ պետք է ստանար վճարովի, ինքը շատ-շատ, անհամեմատ մատչելի ստանում է հոսպիտալից: Առաջանում է ոչ հավասար մրցակցություն, որում միշտ շահում է հոսպիտալը:

Ահա թե ինչով ենք մեկս մյուսիս խանգարում:

Հիմա՝ հիվանդանոցի հաստիքների համալրման մասին:Եթե նույնիսկ հոսպիտալն այստեղ չլիներ, մարզային գրեթե բոլոր բուժհիմնարկներում էլ կա կադրերի համալրման խնդիր: Սա պետական մոտեցում է պահանջում: Բուժհիմնարկն այստեղ չի կարող ինքնուրույն լուծել այդ խնդիրը...

Ի վերջո, մարզում կամ հեռու շրջաններում աշխատող բժիշկները, նեղ մասնագետներն ունեն արտոնություններ, ընդհուպ մինչև աշխատավարձի լրավճարներ և այլն, ինչը Հայաստանում չի գործում: Էլի պետական մակարդակով սա պետք է լուծվի,...

Փոշեցրման մասով. Ինչու՞ է փոշեցրվում: Եթե մենք ունենանք երկու տարբեր գերատեսչություններում աշխատող հիմնարկների միջև պայմանագիր և այդ պայմանագրի շրջանակում կարողանանք փոխադարձաբար բացակայող ծառայությունները մատուցել, ապա այստեղ փոշեցրում չի լինի, այլ ընդամենը մի հատ իրավական ակտ է պետք ու այս հարցը լուծվում է:

Շենքի մասով. Սիսիանի բուժհիմնարկի շենքը հիվանդանոցի տիպային շենք է, հոսպիտալի շենքը՝ դպրոցի շենք է՝ հարմարեցված:

Մենք ունենք բավականին փորձառու բժիշկներ: Ճիշտ է՝ նեղ մասնագետները հիմնականում  մոտ են կենսաթոշակային տարիքին, բայց եթե նրանց պահենք, երիտասարդ բժիշկներն էլ գան միաժամանակ համատեղ աշխատեն, փորձի փոխանակում լինի ու կայանան այդ մասնագետներն ու մնան, ոչ թե անվճար տեղերում սովորելու դիմաց պարտադրված գան, այլ արտոնություններից օգտվելով ոգևորված գան ու մնան, մենք կադրերի հարցը կկարողանանք լուծել:

Մյուս խնդիրը ավելի գլոբալ է: ...Քաղաքացիական հիվանդանոցումեթե հիվանդի համար պատասխանատուն մեկ անձ կարող է լինել, երբ որ գիտես ով է, նրանից կոնկրետ որակ պահանջելը շատ ավելի հեշտ է, ապա ռազմականում՝ դա հրամանատարական աստիճանականության հետ կապված հիվանդների դեպքերի հետ կապված պարզել, թե կոնկրետ ով էր մեղավոր, այնտեղ ավելի բարդ է և ինֆորմացիան շատ ավելի փակ է և վերլուծության համար ինքը թափանցիկ չի:»,-ասաց Ա. Ներսիսյանը:

Այսինքն, այդ ինֆորմացիան թաքցնելը՝ կապված ռազմական կառույցի գաղտնիքի հետ, խորը կասկածներ և անվստահություն կարող է առաջացնել հանրության մոտ:

«Վտանգը ամեն դեպքում կա»՝ եղավ արձագանքը:

Ի՞նչ է հասցրել անել տնօրենը պաշտոնավարման 1,5 տարվա ընթացքում

Ըստ տնօրենի՝ իր գործելաոճում սկզբունքն այն է՝ հնարավորինս խնայել ծախսերը և առավելագույնը հասցնել հիվանդին:

Մոտ 30-35 տոկոսով ավելի շատ դեղորայք են գնել, քան նախորդ տարիներին: Այսինքն  փորձել են ավելի որակյալ և ավելի բազմաբնույթ դեղորայքով ապահովել իրենց  շահառուներին:

40 տոկոսով կրճատել են վառելիքի ծախսը:

Եթե նախկինում շտապօգնության ծառայությունների 40 տոկոսից ավելին կատարվել է բուժքույրերի կողմից, ֆելդշերական մակարդակով, ապա վերջին մեկ տարվա ընթացքում ծառայությունների 98 տոկոսը իրականացրել են բժիշկները: Սա ահռելի որակական տարբերություն է: Այսինքն ավելի մեծ պատասխանատվություն է դրսևորվել բնակչության կանչերի նկատմամբ:

«Այո: Մարզերում կադրերի պակասի պատճառով թույլատրվում է, որ շտապ օգնության ծառայությունները կատարվեն նաև ֆելդշերական մակարդակով: Բայց ես գտնում եմ, ...որ մայրաքաղաքի և մարզերի միջև չպետք է լինի այդ որակական տարբերությունը...

Ընդհանուր տնտեսական իմ ծախսերը 1 միլիոնով կրճատել եմ և այդ կրճատված միջոցների հաշվին լրավճար եմ տվել բժիշկներին, որպեսզի իրենք շահագրգռված լինեն և այդ ծառայության պատասխանատվությունը վերցնեն իրենց վրա ու այսօր մենք 24 ժամ ապահովում ենք շտապ օգնությունում բժշկի առկայությունը:

Մարդը եթե կանչում է, ուրեմն նրա համար իրոք շտապ դեպք է, ամենակրիտիկական պահերն են և այդ պահին եթե մասնագիտական օգնություն ցույց չտան՝ դա կարող է ավարտվել հաշմանդամությամբ կամ մահով...Ես չեմ ուզում քույրերի դերը նվազեցնել, բայց սա շատ ահռելի պատասխանատու էտապ է, որտեղ բժշկի ներկայությունը պարտադիր պետք է լինի...

Մենք հզորացրել ենք մեր լաբորատորիան, այսօր ունենք ընդհանուր ավտոմատ անալիզատոր, հզորացրել ենք շտապօգնությունը, նոր մեքենա ենք ձեռք բերել, որն ունի արհեստական շնչառության սարք, բոլոր մեքենաներում կա էլեկտրասրտագիր, թթվածնային քաղցը գնահատելու սարք, գլյուկոմետր՝ արյան մեջ գլյուկոզան չափելու համար, այսինքն ՝ անհրաժեշտ գործիքակազմ, որոնցով կարող են շտապ անհրաժեշտ ստուգման գործողությունները կատարել»:-մեզ հետ զրույցում ներկայացրեց տնօրենը՝ հավելելով, որ վերջին 3 տարիների կտրվածքով, տարեց-տարի նվազեցվել է բյուջեցից տրվող միջոցները, կրճատվել պետպատվերը և ստիպված են եղել թոշակառուներին կրճատել:

Տիկին Ներսիսյանը նշեց, որ պետպատվերով հատկացված գումարները  իրատեսական չեն, շատ-շատ քիչ են, և այդ մասին տեղեկացրել է նորանշանակ նախարարին, ով վերջերս այցելել էր իրենց հիվանդանոց. «Ես այդ հարցը բարձրացրեցի:  Այս տարի այդ գումարը դարձել էր 71 միլիոն: Ավելի է քչացել: Եվ նախարարն ասաց, որ վերաբաշխում կլինի, իրոք անարդար է եղել...

Եվ բժշկական կենտրոնը ազատ միջոցներ չի ունեցել, որպեսզի կարողանա նոր գույք ձեռք բերի, ընթացիկ հարցերը կարողանա ճիշտ ձևով կազմակերպի: Այս սուղ պայմաններում մենք առավելագույնն ենք արել: Մի խոսքով՝ պետք է վերանայել, նաև՝ աշխատավարձի ֆոնդը:

...Ես երկար եմ մտածել և մեր նոր նախարարի հետ խոսել եմ. 2019թ-ից ամոքիչ, /մահացող/ բժշկությունը դառնում է պետպատվեր:  Եթե մենք կարողանանք մեր մասնագետների վերամասնագիտացումը տանել և նոր պետպատվերի ծավալ ունենալ, մենք նաև այս կադրային հարցը կկարողանանք կարգավորել առանց որևէ մեկին ցավ պատճառելու:  

...Հիմա մեր հույսը այն է, որ արդարացի բաշխում կլինի, բացի այդ պետպատվերի ծավալի ծառայությունները կընդարձակվեն, ու կկարողանանք ֆինանսապես ոտքի կանգնել:

Ամփոփեմ: Եթե գնում ենք այս երկու բուժհիմնարկների կանոնակարգմանը, ուրեմն թող գնանք միայն այն ծառայությունների գծով, որոնք որ կրկնվում են, որտեղ որ ավելի մեծ է հեռանկարը՝ որակի, մատչելիության առումով, ընդունելի տարբերակը սիսիանցու համար, թող այդ տարբերակն էլ ընդունվի կառավարության որոշումով»:   

Շրջեցինք հիվանդանոցում և լսեցինք նաև Սիսիանի հիվանդանոցի մյուս մասնագետների փաստարկները՝ կապված հիվանդանոցի միավորման, լուծարման, ինչպես նաև պայմանների և խնդրի հետ:

Տնօրենը հպարտորեն ներկայացրեց հիվանդանոցի փորձառու բժիշկ, գիտությունների թեկնածու,  մանկաբարձ-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Սուրեն  Վարդանյանին: «Ինքը մեր հպարտությունն է»,- նշեց Անուշ Ներսիսյանը. երբ մարզում մանկաբարձ-գինեկոլոգները որևէ բարդ խնդրի առաջ են կանգնում, անհետաձգելի օգնությունը ոչ թե Երևանից, այլ բժիշկ Վարդանյանից են ստանում:

Անկեղծ ասած՝ վիժումները կասեցնելու նրա յուրացրած մեթոդը տողերիս հեղինակի համար բացահայտում էր,և նրա մասին իմանալուց հետո, կարծում եմ, շատերը կդիմեն նրա օգնությանը՝ արտերկրում փրկություն փնտրելու փոխարեն: Մաշկը պատվաստելով՝ կասեցնում են վիժումները:

ԲՈՒՀ-ը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո նա իր մասնագիտական գիտելիքները կատարելագործել է Խարկովում, Ուկրաինայում: Արցախյան պատերազմի ժամանակ՝ 1992-94թթ-ին եղել է Սիսիանի հիվանդանոցի գլխավոր բժիշկը, հետո մեկնել է Մոսկվա և կրկին վերադարձել հարազատ Սիսիան՝ շարունակելու իր գործը՝ ի նպաստ սիսիանցիների, թեև կարող էր Երևանում ցանկացած տեղ աշխատել:

Lakmoes.am-ի հետ զրույցում նա պատմեց իրենց հայտնագործած մեթոդի մասին. «Խարկովում մեր ինստիտուտը զբաղված էր վիժումներով, ասենք՝ գրուպավոյ կոնֆլիկտներով: Երբ մատդ փուշ է մտնում, քեզ համար օտար է, օրգանիզմը պայքարում է՝ հանում. դեպքեր են լինում, երբ կինը, ումից հղիացել է,  ամուսինը օտար է, այդ գինեկոլոգիական կոնֆլիկտով նրանք վիժում են: Մեր բուժման իմաստն այն էր, որ մենք պարտնյորից՝ զուգընկերոջից ,մաշկը վերցնում՝ պատվաստում էինք կնոջը, և հղիությունը պահպանվում էր:

Շատ են եկել այդ խնդրով մարզերից, Արցախից, նույնիսկ Երևանից: Շատ դեպքեր են եղել, որ 5-6 վիժում են ունեցել, Երևանում՝ տարբեր տեղեր բուժվել են, բայց հղիությունը չի մնացել: Հիմա Երևանում էլ իհարկե սկսել էն անել, բայց էդ օրիգինալ տեխնիկան, ձևը, ժամանակը, ոնց են անում, ես գիտեմ: Տարեկան երևի, շատ չեմ ասում, բայց տաս-տասնհինգ հոգու երեխա եմ պարգևում, եթե ոչ ավելի շատ: Ընդ որում՝ առողջ երեխա, որովհետև այդպիսի կոնֆլիտների դեպքում սովորաբար թույլ երեխաներ են ծնվում... Դա նորմալ  տեսություն է»:

Ինչ վերաբերում է հիվանդանոցային պայմաններին, ապա նախկին գլխավոր բժիշկը շատ կարևոր, թերևս ամենակարևոր փաստարկը փոխանցեց, երբ կրկին նույն խնդրի առաջ են կանգնած եղել.  «Էն ժամանակ, որ ես գլխավոր բժիշկ էի և գոսպիտալը նոր-նոր ստեղծում էին 1993թվականին: Ես իրենց առաջարկում եմ, որ կողքը անավարտ կառույց կար, սարքեին՝ մի տեղ լիներ: Մի գնդապետ ասաց, որ ստրատեգիական տեսակետից եթե ռմբակոծեն օրինակ մի հիվանդանոցը, մեկը գոնե կմնա, դրա համար իրենք գնացին: Հիմա ես էլի կողմ եմ, որ մեկը եթե անեն ,  գոնե սա մնա: Որովհետև մերը տիպային ա, մենք  ներքնահարկեր  ունենք, պատերազմի ժամանակ դրանք լրիվ դարձել էին վիրահատարաններ: Օրինակ շատ հիվանդանոցներում ներքանահարկեր չկան, եթե պատերազմ սկսի, ապաստարաններ չունեն, իսկ մերը հարմար է այդ տեսակետից: Պատերազմի պայմաններում հարմարեցված է, ամուր շենք է»:

35 տարի բուժկենտրոնում աշխատած բժշկուհին՝ Սուսաննա Հարությունյաննասաց, որ իր բաժնի մասով՝ եղած համապատասխան բուժսարքավորումների հագեցվածությունից, պայմաններից գոհ է, և կարող են համեմատվել նույնիսկ երրորդ մակարդակի հիվանդանոցների հետ: Իհարկե լինում են դեպքեր, որ անհրաժեշտ է լինում երեխային տեղափոխել Երևան: Բայց՝ շնորհիվ տնօրինության«Ես իմ նորածինների համար շատ գոհ եմ և հանգիստ»,-ասաց նորածնային բաժնի պատասխանատուն: Բուժկենտրոնը միջինը տարեկան մոտ 270 ծննդօգնություն է  ցուցաբերում:

Նշենք, որ լուծարման մասին անթույլատրելի որոշումն ու այդ մասին տարածված տեղեկությունները բառացիորեն դատարկել էին վիրաբուժական բաժանմունքը, թեև հիվանդանոցը շարունակում է լիարժեքորեն գործել:

Վիրաբուժական բաժանմունքի վարիչ Սիրակ Սիրականյան.«Կոնկրետ վիրաբուժական պայմանները բավարարում են: Եթե վերցնենք այլ ծառայությունները, որոնք որ ենթադրեն՝ տրավմատոլոգիայի, անհետաձգելի դեպքերի  հետ կապված, ունենք խնդիրներ, բայց անլուծելի չեն: Դե ունենք ռենտգենի ապարատ, բայց հիմա չի աշխատում և չունենք ռենտգենոլոգ: Դրանք հարցեր են, որոնք պետք է կարգավորվի և, հուսով ենք, առաջիկայում տնօրենի օգնությամբ կփորձենք կարգավորել:

 Բնակչությունը սպասարկվում է բավականին լավ: Իհարկե լինում են դեպքեր, երբ հիվանդներին ուղարկում ենք Երևան: Էդ էն հիվանդներն են, որ ենթադրենք՝ վթար ա, անհետաձգելի, չգիտեմ՝ պարանոցի կոտրվածք կարող է լինել, նեյրոխիրուրգիական ինչ-որ խնդիրներ ա լինում, երբեմն այլ պրոֆիլներով է լինում, ենթադրենք՝ հեմոռագիկ ինսուլտ և այլն:

Հոսպիտալի հետ միացմանը շատ բացասական եմ նայում:-Պետք է գործի որպես առանձի՞ն միավոր:-Միանշանակ: Եթե հոսպիտալը տեղափոխեն այստեղ, դա բավականին, ես կարող եմ ասել, որ լավ կլինի բնակչության համար, բայց հակառակ տարբերակը, որ քաղաքից հիվանդանոց հանեն, դա աբսուրդ է: Ես զարմանում եմ՝ այդ որոշողներն ինչու են այդպես մտադրված, ...հանրային և մասնագիտական կարծիքը հաշվի չեն առնում:

Ավելին ասեմ ձեզ. երբ  ... վթարներ, դեպքեր են լինում, երբ նույնիսկ րոպեն էլ կարող է ճակատագիր փոխի ու էդ մի րոպեն այդ 8-10 կիլոմետր ոչ բարվոք ճանապարհը դարձնի 20-30 րոպե, հիվանդին այդ պատճառով կարող ենք կորցնել: Այստեղ մասնագետների խնդիրը չի, այստեղ զուտ ժամանակի խնդիրն է, նաև՝ մատչելիության:

Չեմ ասում՝ գոսպիտալի պայմանները վատ է կամ այլ բան, այստեղ հարցը լրիվ այլ ա՝ առաջնային օգնությունը:  Պատկերացրեք բոլոր տարածաշրջաններից գալիս մտնում են Սիսիան, նոր Սիսիանից գնում են գոսպիտալ՝ Աղուդի գյուղը...Սա հիվանդի կյանքի հետ կարող է անհամատեղելի լինի: Հիմա եթե գնում են 25-30 րոպե, ձմռանը պետք է գնան 40-50 րոպե»:

Ծանրաբեռնվածությու՞ննինչպես եք գնահատում: Կարծես հիվանդներ չունեք՝ հարցրի:        

«Ժողովուրդը մտածում է, որ հիվանդանոցը փակվել ա, զուտ էդ առումով: Նույնիսկ հարցնում են՝ հիվանդանոցը փակվել է չէ՞ վերջնականապես: Ասում եմ՝ ոչ»,-եզրափակեց Ս. Սիրեկանյանը:  

Այս բուժհիմնարկում է աշխատում նաև փորձառու բժիշկ, սոնոգրաֆիստ Անուշ Դովլաթյանը: Նորանշանակ նախարարը եկել էր հատուկ նրա մոտ ստուգվելու: Նույնիսկ հոսպիտալի բժիշկներն են խոստովանում, որ երբ կասկածելի դեպքեր են ունենում, և երկրորդ կարծիքի անհրաժեշտություն կա, դիմում են տիկին Դովլաթյանին:

Տնօրենը չի հիշում մի դեպք, երբ նրա տված ախտորոշումը սխալ լինի, և այդ ամենը բժշկուհին անում է ոչ ժամանակակից սարքով. սոնոգրաֆի սարքը հին է, թարմացման կարիք ունի:  «Կարելի է ավելի հագեցած՝ դոպլերով և այլ հնարավորություններով սարք գնել, որպեսզի ավելի խորքային հետազոտություն անենք: Հիմա մի քիչ սահմանափակ է, բայց էլի կարողանում ենք  գլուխ հանել, բավարարել բնակչության պահանջները: 35 տարի է՝ այստեղ եմ աշխատում: Մեր բժշկական կենտրոնը մեր երկրորդ տունն է: Սա ինձ համար օջախ է, և ես ինձ չեմ պատկերացնում այս պատերից դուրս: Ես բնիկ սիսիանցի եմ և պատրաստ եմ մինչև վերջ ծառայել իմ ժողովրդին:

Ես կարծում եմ՝ միանշանակ Սիսիանին պետք է բժշկական կենտրոն, պարզապես պետք է հագեցվի նոր սարքավորումներով, համալրվի նոր մասնագետներով, հզորանա: Լուծարման մասին չպետք է խոսք լինի: Եվ մեր գործառույթները չի համընկնում հոսպիտալի գործառույթներին: Չափորոշիչներ կան, գործառույթները շատ խիստ տարբերվում են: Ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է միավորել, կամ լուծարել:

Մենք սպասարկում ենք սոցփաթեթի շահառուների՝ կրծքագեղձ, վահանագեղձ, որովայնի խոռոչ, կոնք...Գործառույթներ կան, որոնք միայն մեզ մոտ են իրականացվում՝ հղիների գինեկոլոգիա, փոքր կոնք, նորածինների սկրինինգ: Բացի դրանից՝ զորակոչ, նախազորակոչ: Իրենք՝ զինվորական ծառայության մեջ ներգրավված բժիշկներն իրավունք չունեն պոլիկլինիկական գործառույթ իրականացնել՝ զորակոչ, նախազորակոչ: Դա քաղաքացիականի գործառույթ է: » 

Այս փորձառու մասնագետների կողքին նաև երիտասարդ բժիշկ կադրեր էին աշխատում, փորձ ձեռք բերում, նաև՝ ծնունդով Սիսիանից էին, ովքեր ավագների օրինակով իրենց կամքով էին եկել հարազատ քաղաք՝ պատվով ծառայելու տարածաշրջանի բնակչությանը: Գիտեն՝ անցնելիք ճանապարհը դժվար է, բայց հետագայում, ինչ խոսք, առավելություն է ունիվերսալ բժիշկ դառնալու համար:

Եվ ուրեմն, այս ամենը կործանելու ցանկացած փորձ, սաբոտաժ պետք է չեզոքացվի:

                                                                            Էլմիրա Մարտիրոսյան