запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Երեք նախագահություն և ժողովրդագրական կորսված հեռանկարներ. արագ լուծումների ժամանակն ու հրամայականը

ՆԱԽԱԲԱՆ

Թավշյա հեղափոխությունն ու Հայաստանում նոր իրավիճակի առկայությունը կարող են դրական ազդել ինչպես միգրացիոն գործընթացների, այնպես էլ ժողովրդագրական իրավիճակի բարելավման վրա:

Տարիներ շարունակ Հայաստանից մարդկանց դուրս մղող գործոնները կարծես թե նահանջ են ապրելու և իրադարձությունների զարգացման  բարենպաստ պայմանների պարագայում  Հայաստանում ստեղծվելու են մնալու ու արարելու լավ հնարավորություններ:

2000-ականներին ՀՀ տնտեսության մեջ արմատավորված կոռուպցիան, մենաշնորհները, օլիգարխիկ կառուցվածքներն ու իշխանության հետ սերտաճումը, դատաիրավական համակարգի ամենաթողությունը բացասաբար էին ազդում Հայաստանի զարգացման հեռանկարների վրա և հանդիսանում էին արտագաղթը խրախուսող կարևոր նախապայմաններից մեկը: 

Կոռուպցիայի դեմ պայքարը, դատաիրավական համակարգը, քաղաքական և տնտեսական լուրջ բարեփոխումները, ռեալ սոցիալական ու իրավական պետության կերտումը կարող են էական ազդեցություն ունենալ մարդկանց տրամադրությունների վրա և հնարավորություններ ստեղծել նաև հայրենադարձության համար:

Խնդիր, որը ոչ միայն կարևոր է, այլև բխում է ներկայիս Հայաստանի ռազմավարական և ապագայում երկրագնդի անկախ երկրների շարքում գտնվելու իրավունքից: Մեծ չափերի հասնող արտագաղթը, որը տեղի է ունեցել վերջին 27 տարիների ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիների ընթացքում, ոչ միայն նվազեցրել է բնակչության ֆիզիկական թվաքանակը, այլև խորը բացասական հետք է թողել բնակչության կառուցվածքի, սեռատարիքային կազմի, հանրապետության տարաբնակեցման, բնականոն բնական աճի և տնտեսական զարգացման վրա: Փոշիացվեց այն մարդկային կապիտալը, որը հավաքվել էր Հայաստանում 1921-1991թթ. ընթացքում: Չնայած իր բազմաթիվ թերություններին՝ ԽՍՀՄ կազմում գտնվելու 70-ամյա ժամանակաշրջանում ՀՀ բնակչությունն աճել էր 4,7 անգամ՝ 720 հազարից հասնելով 3 մլն 304 հազարի, որը կարելի է համարել Խորհրդային Հայաստանի կարևորագույն ձեռքբերումներից մեկը:[1] Սակայն ՀՀ-ի անկախություն ձեռք բերելուց 27 տարի անց էլ ժողովրդագրական իրավիճակը գտնվում է բավականին ծանր փուլում, և տարեցտարի նվազող մշտական բնակչության թվաքանակը փաստում է, որ ոլորտին իսկապես անհրաժեշտ են հեղափոխական մոտեցումներ:

1.ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԲՆԱԿԱՆ ԱՃՆ ՈՒՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՒԿ ԱՃԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ

Խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում բավականին դրական ազդեցություն ունեցավ ժողովրդագրական գործընթացների վրա: 1920-ական թվականներից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը Խորհրդային Հայաստանում ծնելիությունը և բնական աճը գտնվում էին համեմատաբար բարձր մակարդակի վրա: Խորհրդային Հայաստանը Խորհրդային Միության կազմում ամենաբարձր բնական աճ ունեցող հանրապետություններից մեկն էր:[2]

Խորհրդային կարգերի հաստատումից հետո Հայաստանում նպաստավոր պայմաններ ստեղծվեցին աշխարհով մեկ սփռված հայության հայրենադարձության համար: Հայրենիքն իր կողմն էր գրավում մեծ թվով սփյուռքահայերի ոչ միայն Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներից, այլև համեմատաբար բարձր կենսամակարդակ ունեցող Եվրոպայից, Ամերիկայից և այլ երկրներից: Սփյուռքահայերի շրջանում սկիզբ էր առել և արագորեն ծավալվում էր հայրենասիրական շարժումը՝ «Դեպի տուն», «Դեպի հայրենիք», նրանց խոսքերով ասած՝ դեպի «ավետյաց երկիր»: 1920-1930-ական թվականներին Թուրքիայից, Իրաքից, Հունաստանից, Սիրիայից, Ֆրանսիայից, Բուլղարիայից ավելի քան 40 հազար հայ ներգաղթեց Հայաստան:[3]

Բնակչության բնական աճի տեմպերը խիստ նվազեցին պատերազմի տարիներին, սակայն հետպատերազմյան տարիներին ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Խորհրդային Հայաստանում տեղի ունեցավ ժողովրդագրական բռնկում, այսպես ասած՝ «baby boom»-ը: Այդ ժողովրդագրական պայթյունը Հայաստանում դրսևորվեց երկու փուլով: Առաջինը սկսվեց հենց պատերազմի ավարտից հետո և կապված էր պատերազմի ավարտի ու բանակի զորացրման հետ: Երկրորդ փուլը սկսվեց 50-ական թվականների կեսին և շարունակվեց մոտ 10 տարի:

Միաժամանակ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո սկսվեց հայրենադարձության հերթական ալիքը: Ընդառաջելով արտասահմանում բնակվող հայության ձգտումներին՝ Հայկական ԽՍՀ ղեկավարության միջնորդությամբ Խորհրդային Միության կառավարությունը 1945թ. նոյեմբերի 21-ին որոշում կայացրեց սփյուռքահայության ներգաղթը Խորհրդային Հայաստան իրականացնելու մասին: 1946-1948թթ. շուրջ 100 հազար հայ 15 երկրից (ԱՄՆ, Ֆրանսիա, Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Հունաստան և այլն) բնակություն հաստատեց Խորհրդային Հայաստանում:[4]

Ծնելիությունը և բնական աճը հասան իրենց գագաթնակետին 1960 թվականին: Թեև դրանից հետո ծնելիության ցուցանիշը սկսեց նվազել, սակայն մահացության ցուցանիշի կրճատման հետևանքով բնական աճի բարձր ցուցանիշը պահպանվեց մինչև 1960-ական թվականների կեսը:[5]

1970-ական թվականների սկզբներին ծնելիության զգալի նվազումը, ուստի և բնական աճի դանդաղումն ինչպես ամբողջ Խորհրդային Միության տարածքում, այնպես էլ Խորհրդային Հայաստանում պայմանավորված էին Երկրորդ համաշխարհային պատերազմով: 1970-ական թվականներին ամուսնական տարիքի հասավ այն սերունդը, որը ծնվել էր պատերազմի տարիներին: Նրանց թիվը բավականին քիչ էր: 1970 թվականին ՀԽՍՀ-ում 20-29 տարեկանների թիվը 17 տոկոսով ավելի քիչ էր, քան 1959 թվականին, իսկ 25-29 տարեկանների խմբում այդ ցուցանիշը նվազել էր 24 տոկոսով:[6]

1962-1973 թթ. արտերկրից Հայաստան ներգաղթի ցուցանիշը բավականին նվազել էր, և այդ ընթացքում Հայաստան էր ներգաղթել 26.140 հայ:[7]

20-րդ դարի 50-70-ական թվականներին ներգաղթի գործոնը շոշափելի ազդեցություն չուներ բնակչության բնական աճի վրա: 1959-1970թթ. անցկացված մարդահամարների միջև ընկած ժամանակահատվածում հանրապետության բնակչությունն աճել էր 729 հազար մարդով կամ 41,3 տոկոսով՝ 1.763.048-ից հասնելով 2.492.873-ի:

1970-ական թվականների կեսերից, երբ ամուսնական տարիքի հասավ 1950-ական և 1960-ական թվականների սկզբին ծնված սերունդը, աստիճանաբար ավելացավ ինչպես ամուսնացողների, այնպես էլ ծնվող երեխաների բացարձակ թիվը: Եթե 1970թ. Հայաստանում ծնվել էր 55.964 երեխա, ապա 1986թ. այդ թիվը հասավ իր գագաթնակետին՝ 81.192 երեխա: Ընդհանուր առմամբ 1970-ական թվականների համեմատ 1980-ական թվականներին բնական աճի ցուցանիշը զգալիորեն աճել էր:

Աղյուսակ 1. Հայկական ԽՍՀ բնակչության բնական շարժի հիմնական ցուցանիշները 20-րդ դարի 70-80-ական թթ.[8]

Տարի

Ծնունդ

Մահ

Բնական աճ

1000 բնակչի հաշվով

Ծնելիություն

Մահացություն

Բնական աճ

1970

55964

12844

42850

22,1

5,1

17,0

1975

62866

15498

47368

22,7

5,5

16,7

1980

70324

17124

53200

22,7

5,5

17,2

1981

73682

16659

57023

23,4

5,3

18,1

1982

74225

17469

56756

23,2

5,5

17,7

1983

76436

18369

58067

23,6

5,7

17,9

1984

79767

19043

60724

24,2

5,8

18,4

1985

80306

19851

60725

24,2

5,9

18,3

1986

81192

20015

61177

24,0

5,7

18,3

1987

78492

19787

58705

22,8

5,7

17,1

1988

74707

35567

39140

21,6

10,3

11,3

1989

75250

20853

54397

22,7

6,3

16,4

Ընդամենը

764381

204467

559914

 

 

 

1986թ. իր ամենաբարձր կետին հասած ծնունդները սկսեցին նվազել, և բնական աճի ցուցանիշը  տարեցտարի անկում էր ապրում, որը բնականոն երևույթ էր նախկին Խորհրդային Միության ամբողջ տարածքում:[9] 1988թ. մահացության զգալի ավելացումը կապված էր աղետալի երկրաշարժի հետ, որի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազար մարդ:[10] Նախորդ դարի 80-ական թվականներին բնակչության բնական աճն ավելին էր 70-ական թվականների ցուցանիշից, սակայն 80-ականներին սկսած արտագաղթի պատճառով այն անհամեմատ նվազել էր՝ կազմելով 445.914 մարդ:

Պետք է նշել, որ Խորհրդային Հայաստանի պատմության ողջ ընթացքում հայրենադարձության միջոցով 1921-1986թթ. 26 երկրից Խորհրդային Հայաստան էր ներգաղթել ավելի քան 200 հազար մարդ:

Հայրենադարձությանը զուգահեռ Խորհրդային Հայաստանի բնակչության թվաքանակի ավելացմանը նպաստում էր նաև Խորհրդային Միության այլ հանրապետություններից տեղի ունեցող միգրացիան, որը ընդհուպ 20-րդ դարի 80-ական թվականներն ուներ դրական սալդո: 1926-1982թթ. Խորհրդային Միության հանրապետությունների հետ ՀԽՍՀ դրական միգրացիոն սալդոն կազմել էր 252.200 մարդ: Ներգաղթողների մեծ մասը Ռուսաստանից էր, որին հաջորդում էին Ադրբեջանը և Վրաստանը:

Սակայն 1980-ական թվականներին ներգաղթը կանգ առավ, և մեծացավ արտագաղթի ցուցանիշը: Բավականին մեծացավ նաև արտասահման մշտական բնակության մեկնող քաղաքացիների թիվը, և միայն 1980-1988 թվականներին ԱՄՆ էր մեկնել մոտ 27 հազար հայ:[11] Հայրենիքը լքելու հիմնական պատճառներից էին սոցիալ-կենցաղային նորմալ պայմանների բացակայությունը, խորհրդային հասարակարգում լայն տարածում ստացած սոցիալական անարդարությունները, կատարված աշխատանքի նկատմամբ ունեցած անբավարարվածությունն ու անտարբերությունը և այլն: Դրան զուգընթաց, տարեկան 30-40 հազար մարդ (հիմնականում՝ որակյալ աշխատուժ) դրամ վաստակելու նպատակով Հայաստանից արտագնա սեզոնային աշխատանքի էին մեկնում ԽՍՀՄ այլ հանրապետություններ: Ընդհանուր առմամբ 1980-1988թթ. միգրացիոն սալդոն բացասական էր 114 հազարով, և այդ միտումը գնալով մեծանում էր:[12] Դա պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ 25-39 տարեկան մարդկանց թիվը 1979-1989թթ. ավելացել էր 541 հազարով՝ հասնելով 837 հազարի: Դրան զուգահեռ 1987թ. հանրապետության աշխատունակ բնակչության 20 տոկոսը զբաղված չէր հանրային արտադրության մեջ: Սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացմանը զուգահեռ դա հավելյալ ծանրաբեռնվածություն էր ստեղծել աշխատաշուկայում, իսկ երիտասարդ զանգվածն արդեն իսկ գոյության միջոցներ էր փնտրում հանրապետությունից դուրս:[13]

Այնուամենայնիվ, չնայած 20-րդ դարի 80-ական թվականների դժվարություններին՝ Խորհրդային Հայաստանի պատմության կարևորագույն ձեռքբերում կարելի է համարել բնակչության թվաքանակի շեշտակի ավելացումը, ընդ որում՝ հիմնականում բնական աճի հաշվին: Պետք է նշել, որ 1921-1991թթ. Հայկական ԽՍՀ բնակչության թիվը բնական աճի հաշվին աճել էր մոտ 2 մլն 200 հազար մարդով, իսկ ներգաղթն ապահովել էր մոտ 450 հազար հավելյալ աճ:

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ 1988-1991ԹԹ.

1988-1991թթ., որը բնութագրվում է որպես ԽՍՀՄ-ի փլուզման և նորանկախ Հայաստանի Հանրապետության կայացման անցումային փուլ, ուղեկցվեցին բնակչության թվի և կազմի փոփոխություններով ու ակտիվ տեղաշարժերով, որոնցից հիմնականներն էին.

  1. Արցախահայության պայքարն ինքնորոշման և Հայկական ԽՍՀ-ին միանալու պահանջով, որին հետևեց Ադրբեջանական ԽՍՀ կառավարության կողմից հայերի ջարդի և Ադրբեջանից արտաքսելու քաղաքականությունը: Սումգայիթյան հաշվեհարդարից հետո սկսեցին հայաթափվել Կիրովաբադը, Շամխորը, Խանլարը, Դաշքեսանը, իսկ գագաթնակետը 1990թ. փետրվարի 13-ի Բաքվի հայկական կոտորածներն էին: Արդյունքում Ադրբեջանի ամբողջ հայ բնակչությունը տեղահանվեց, և մոտ 311 հազար մարդ ներգաղթեց Հայաստան:[14]
  2. 1988թ. սպիտակյան ավերիչ երկրաշարժի հետևանքով մոտ 200 հազար մարդ տեղափոխվեց և հանգրվան գտավ Կովկասի ծովափնյա շրջաններում, Հյուսիսային Կովկասում և Խորհրդային Միության այլ վայրերում: Ըստ պաշտոնական տվյալների՝ 1990թ. ընթացքում նրանց գրեթե 2/3-ը վերադարձավ Հայաստան: Չվերադարձած գրեթե 50 հազար անձ, հետագայում իրենց մոտ տեղափոխելով աղետի գոտում աննախանձելի իրողություններում ապրող իրենց ընտանիքի անդամներին և մերձավորներին, արդեն 1991թ. սկիզբ դրեցին հանրապետության բնակչության արտահոսքի նոր ալիքին:[15]
  3. 1988թ. Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին Հայաստանի ադրբեջանցիների արտագաղթը, որի արդյունքում Հայաստանից արտագաղթեցին 160 հազար ադրբեջանցիներ և 10 հազար մահմեդական քրդեր:[16]
  4. Միաժամանակ, Խորհրդային Միության տարբեր վայրերից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից մոտ 35 հազար հայ ներգաղթեց և բնակություն հաստատեց Հայաստանում: Ընդհանուր առմամբ փախստականների և հարկադիր տեղահանվածների հոսքի արդյունքում Հայաստանում հանգրվանեց շուրջ 420 հազար հայ: Հայերի մեծ քանակությամբ հոսքը հանրապետություն հսկայական խնդիրների և դժվարությունների հանգեցրեց, որն արդեն իսկ աղետալի երկրաշարժի ու օրեցօր խորացող Ղարաբաղյան հակամարտության հետևանքով հայտնվել էր քաղաքական և սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակում:

Խորհրդային համակարգի փլուզման, Արցախի ազատագրական շարժման, Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքով ստեղծված քաղաքական և սոցիալ-տնտեսական անկայուն իրավիճակը 1991թ. սկսած խթանեց ՀՀ մշտական բնակչության արտագաղթի ակտիվացումը, ինչը դեռևս զանգվածային բնույթ չէր կրում: Մեկնողների մեջ մեծ թիվ էին կազմում բարձր որակավորում ունեցող մասնագետները, ազգային փոքրամասնությունների շատ ներկայացուցիչներ, մտավորականներ, ինչպես նաև ապագայի նկատմամբ թերահավատ մարդիկ: Դրա հետևանքով կարճ ժամանակահատվածում Հայաստանի արտաքին միգրացիոն շրջանառության գումարային ծավալը կազմեց առնվազն 60 հազար մարդ, իսկ բացասական մնացորդը՝ 60 հազար մարդ: [17]

Չնայած Հայաստանից արտագաղթը գնալով մեծ չափերի էր հասնում, սակայն երկրաշարժին հետևած երեք տարիների ընթացքում տեղի ունեցավ ծննդաբերության որոշակի աճ, որը կարելի է բացատրել աղետալի երկրաշարժի կորուստները վերականգնելու բնական ձգտումով:

Աղյուսակ 2. Հայաստանի բնակչության բնական աճը 1989-1991թթ. (հազ. մարդ)[18]

Տարի

Ծնունդ

Մահացություն

Բնական աճ

1989

75250

20853

54397

1990

79881

21993

57889

1991

77825

23425

54440

Ընդամենը

232956

66621

166685

1990թ. նախորդ տարվա համեմատ գրանցվել է ծնունդների 6 տոկոսանոց աճ, չնայած հաջորդ տարում այն նվազում է 3 տոկոսով:

Ընդհանուր առմամբ, 1989-1991թթ. կարելի է բնութագրել որպես զանգվածային ներհոսքի ժամանակաշրջան: Սակայն նաև պետք է նշել, որ հայ փախստականների միայն կեսը պաշտոնապես գրանցում ստացավ Հայաստանի ՆԳՆ անձնագրային  ծառայությունում, իսկ մնացածն անտեսվեց պետական ծառայությունների կողմից: Ահա այսպիսին էր ժողովրդագրական իրավիճակը 1992թ. նախօրյակին, երբ դրությունը հանրապետությունում, ինչպես նաև բնակչության տեղաշարժերի ուղղությունները հիմնավորապես փոխվեցին:

3.ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1992-1998ԹԹ.

1992թ. Հայաստանից սկսած զանգվածային արտագաղթը չափերով և ընդգրկվածությամբ տարերային էր թե՛ քանակական, թե՛ որակական առումներով: Դժբախտաբար, երևույթի ձևավորման և ծավալման գործընթացի տվյալ ժամանակահատվածի չփաստագրումը ներկայումս տեղի է տալիս իրական ծավալային ու կառուցվածքային բնութագրիչների ձևախախտմանը:

1991թ. սկսած հանրապետությունում տեղաշարժերի հաշվարկը տարվում էր ինչպես ժամանողների, այնպես էլ մեկնողների վերաբերյալ վիճակագրական կտրոնների հիմամբ, որը, սակայն, չէր արտացոլում տեղաշարժերի իրական չափերը, քանզի հանրապետությունից մեկնողների միայն 10-15 տոկոսն էր հաշվառումից դուրս գրվում:[19]

Օրինակ, 1992թ. ՀՀ շրջանների վիզաների և անձնագրային վարչությունների տվյալների համաձայն՝ Հայաստան ժամանողների թիվը կազմել է 37.343, իսկ մեկնողներինը՝ 40.808 մարդ, տարբերությունը՝ -3465: Սակայն քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ուղևորների հաշվառման տվյալներն այլ ցուցանիշներ էին արձանագրում, որը փաստում էր, որ մարդիկ հեռանում էին առանց գրանցումից դուրս գալու:

Աղյուսակ 3. Օդային ուղիներով ուղևորափոխադրումների ծավալները ՀՀ-ում 1992-1994թթ. (հազ. մարդ)[20]

Տարի

Ժամանողներ

Մեկնողներ

Միգրացիոն Հաշվեկշիռ (+-)

1992

639,9

865,3

-225,6

1993

689,9

831,0

-141,1

1994

470,0

597,8

-127,5

Ընդամենը

1799,8

2294,3

-494,5

Ինչպես երևում է աղյուսակից, նշված երեք տարիների ընթացքում Հայաստանից միայն օդային տրանսպորտով մեկնել է ավելի քան 2,3 մլն մարդ, իսկ վերադարձել է ընդամենը 78 տոկոսը: Սրանք պաշտոնական տվյալներ են, որոնց մեջ չեն մտնում ցամաքային և երկաթուղային տրանսպորտով կատարված տեղաշարժերը: Այս տարիները տնտեսության ամենամեծ անկման ժամանակաշրջանն են, երբ ՀՆԱ-ն 1992-1993թթ. կրճատվել էր 50,6 տոկոսով: Տեղաշարժերի ընդհանուր ծավալում ընտանիքով մեկնողները կազմում էին 45 տոկոս, իսկ միայնակները՝ 55 տոկոս:[21] Միայնակ մեկնողների գերակշիռ մասն արական սեռի, վերարտադրողական տարիքի և աշխատունակ տարիքի ներկայացուցիչներ էին:

1992-1994թթ. զանգվածային արտագաղթը, որը հիմնականում պայմանավորված էր Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակով և կենցաղային պայմանների աննախադեպ վատթարացմամբ, 1995թ. սկսեց նվազել, իսկ միգրացիոն հոսքերի տեմպերը թուլացան: Չնայած հրադադարի հաստատմանը Ղարաբաղյան ճակատում և կենցաղային պայմանների որոշակի բարելավմանը՝ 1996թ., երբ նախագահական ընտրությունների արդյունքում կոպտորեն ճնշվեց ժողովրդական ընդդիմությունը, այդ ամենը սկիզբ դրեց արտագաղթի երկրորդ, ոչ պակաս հուժկու ալիքին:

Աղյուսակ 4. Արտագաղթը Հայաստանից 1995-1997թթ. (հազ. մարդ)[22]

Տարի

Մեկնողներ

Ժամանողներ

Միգրացիոն Հաշվեկշիռ (+-)

1995

507,0

469,5

-37,5

1996

517,4

496,9

-20,5

1997

504,9

473,6

-31,3

Ընդամենը

1529,3

1439,6

89,3

Պետք է նշել, որ 1992թ. համեմատ 1997թ. մեկնողների թիվը պակասել էր 42 տոկոսով, իսկ ժամանողներինը՝ 26: Սա վկայում էր, որ ժամանողների թիվը տարեցտարի նվազել էր, և արտագաղթն իր բնույթով մշտական էր: Միաժամանակ, 1997թ. սկսած արտագաղթը որոշակի իմաստով փոխում է իր բովանդակությունը՝ սոցիալ-կենցաղային արտագաղթը փոխարինվում է սոցիալ-հոգեբանականով, որի կարևոր բաղադրամասն էր ընտանիքների վերամիավորմանը միտված արտագաղթը: Դա վատ էր այն առումով, որ վերադարձով ավարտվող հոսքին փոխարինելու էր գալիս բնակավայրին մշտական փոփոխություն բերող արտագաղթը:

Ինչ վերաբերում է ժողովրդագրական գործընթացներին, ապա զանգվածային արտագաղթի պայմաններում նվազել էր ինչպես ծնունդների, այնպես էլ բնական աճի ցուցանիշը:

Աղյուսակ 5.  ՀՀ բնակչության բնական աճի ցուցանիշները 1992-1997թթ.

Տարի

Ծնունդ

Մահ

Բնական աճ

1992

70581

25824

44757

1993

59041

27500

31541

1994

51143

24652

26491

1995

48960

24842

24118

1996

48134

24936

23198

1997

43929

23985

19944

Ընդամենը

321788

151739

170049

Անկախության առաջին տարիներին ծնունդների թիվը 1997թ. 1992թ. համեմատ նվազել էր 38 տոկոսով, ընդ որում, 1992-1994թթ. այն կազմել էր 28, իսկ 1995-1997թթ.՝ 10 տոկոս: 1989-1991թթ. համեմատ բնական աճի ցուցանիշը 1992-1997թթ. կրճատվել էր 90 տոկոսով:

4.ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ 1998-2008ԹԹ. ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԲՆՈՒՅԹԸ

1997թ.-ից սկսած արտագաղթի նոր ալիքը շարունակվեց նաև 1998թ., երբ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահի պաշտոնում հայտնվեց Ռոբերտ Քոչարյանը: Հասարակության ծայրահեղ սոցիալական բևեռացումը, 3 տոկոս հարուստների և 55 տոկոս աղքատների հարաբերակցությունը, որը նաև հետևանք էր 1990-ականների թալանչիական և անարդար սեփականաշնորհման, որի արդյունքում հանրային սեփականությունը և նյութական շատ արժեքներ կենտրոնացվեցին մի խումբ մարդկանց ձեռքին, չէր կարող նպաստել արտագաղթի դադարեցմանը: 1994թ.-ից գրանցվող տնտեսական աճը ևս չէր ուղեկցվում հասարակության լայն շերտերի բարեկեցության բարձրացմամբ: Ռոբերտ Քոչարյանի նախագահության հաջորդ տարում միգրացիայի բացասական ցուցանիշն աճեց երկու անգամ և կազմեց 78 հազար մարդ: Իսկ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո արտագաղթի ծավալների աճը պայմանավորված էր ոչ միայն այդ հանգամանքով, այլ դա պատասխան էր նաև հանրապետությունում ձևավորված տնտեսական և սոցիալական զարգացման լճացման միտումներին: 2000-2001թթ. արտագաղթը Հայաստանից կրեց հիմնականում ընտանեկան բնույթ, իսկ միգրացիայի բացասական սալդոն կազմեց 118 հազար մարդ:[23]

Այսպիսի իրավիճակում շարունակվում էր նաև ժողովրդագրական ցուցանիշների հետընթացը:

Աղյուսակ 6. ՀՀ բնակչության բնական աճի ցուցանիշները 1998-2001թթ.[24]

Տարի

Ծնունդ

Մահ

Բնական աճ

1998

39366

23210

16156

1999

36502

24087

12415

2000

34776

24025

10751

2001

32065

24003

8062

Ընդամենը

142709

95325

47384

Ահա այսպիսի ոչ բարենպաստ ժողովրդագրական պայմաններում 2001թ. հոկտեմբերի 10-19-ն անցկացվեց անկախ Հայաստանի առաջին մարդահամարը, որը որոշակի պատկերացում տվեց նախորդ տասնամյակում Հայաստանում կատարված ժողովրդագրական գործընթացների մասին: Ըստ մարդահամարի տվյալների՝ ՀՀ մշտական բնակչությունը կազմում էր 3.213.011 մարդ, իսկ առկան՝ 3.200.594:[25] Նախորդ՝ 1989թ. ոչ ամբողջական մարդահամարի հետ համեմատ ՀՀ մշտական բնակչությունը պակասել էր 586.454 մարդով, իսկ առկան՝ 779.772 մարդով: Պետք է նաև նշել, որ 1989-2001թ. միջև ընկած ժամանակահատվածում Հայաստանի բնական աճը կազմել էր 336.689 մարդ, և նաև բնակչության թվաքանակի աճին նպաստել էին Հայաստանում հիմնավորված մեր փախստական հայրենակիցները, որոնց թիվն անցնում էր 155 հազարից:[26]

2002թ.-ից «վագրային» տնտեսական թռիչք արձանագրող Հայաստանում պետք է նկատվեր էական ժողովրդագրական ցուցանիշների բարելավում: Ռոբերտ Քոչարյանի երկրորդ նախագահության շրջանը համընկավ այն ժողովրդագրական գործընթացի փուլին, երբ ամուսնական ակտիվ տարիք էր մուտք գործում նախորդ դարի 70-ականների վերջին և 80-ականների սկզբին ծնված բազմաքանակ սերունդը: Հասկանալի է, որ չնայած 90-ականների արտագաղթը նվազեցրել էր այդ սերունդի թիվը, սակայն այդպիսի տնտեսական ցուցանիշների դեպքում, երբ 2002-2007թթ. տնտեսական աճը միջինում 13 տոկոս էր,  պետք է առնվազն գրանցվեր 50 հազար ծնունդ: Սակայն իրականությունը բոլորովին այլ էր: Թեև 2002թ. սկսվեց էապես անկում ապրած ծնունդների թվաքանակի ավելացում, սակայն այդ ցուցանիշը չհասավ  բաղձալի թվերին:

Աղյուսակ 7. ՀՀ բնակչության աճի ցուցանիշները 2002-2007թթ.

Տարի

Ծնունդ

Մահ

Բնական աճ

2002

32380

25315

7065

2003

35793

26104

9779

2004

37526

25823

11705

2005

37509

26278

11231

2006

37600

27200

10400

2007

40100

26800

13300

Ընդամենը

220908

157520

63388

6 տարվա կտրվածքով թեև նկատվում էր ծնունդների 20 տոկոս աճ, սակայն միաժամանակ տեղի էր ունեցել մահերի 7 տոկոս ավելացում, իսկ բնական աճը փոքր-ինչ գերազանցում  էր 1986թ. գրանցված բնական աճի ցուցանիշին՝ 61.117 մարդ:

Չնայած  2002-2007թթ. գրանցված արտաքին ուղևորաշրջանառության դրական սալդոյին, որը կազմել էր 20.300 մարդ,  իրականում այդ ժամանակահատվածում, ըստ ՀՀ ոստիկանության տարածքային անձնագրային ծառայության տվյալների, ունեցել ենք միգրացիոն բացասական սալդո: Այսպես, Հայաստան հաշվառման կանգնողների (եկողների վիճակագրական հաշվառման կտրոնի ձև, թիվ 19) և հաշվառումից դուրս եկողների (մեկնողների վիճակագրական հաշվառման կտրոնի ձև, թիվ 20) տարբերությունը 2002-2007թթ. եղել է բացասական 39 հազար մարդով:

5.ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ. ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԲՆՈՒՅԹԸ

2008թ. փետրվարյան նախագահական ընտրությունները և դրան հաջորդած Մարտի 1-ի դեպքերը բացասական ազդեցություն ունեցան նաև ժողովրդագրական գործընթացների վրա: 2009թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում, ինչպես նաև պետական կառավարման համակարգում անպատժելիության, կոռուպցիայի, հովանավորչության, տնտեսական ոչ ճիշտ քաղաքականության, տնտեսության գերկենտրոնացման արդյունքում միգրացիոն հոսքերն էական աճ գրանցեցին: Մարդկանց հավատի կորուստը, տնտեսական վատթարացող պայմանները, ինչպես նաև բոլոր հնարավոր միջոցներով ժողովրդի գրպանը մտնելու քաղաքականության հետևանքով Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիները դարձան արտագաղթի և ժողովրդագրական ցուցանիշների վատթարացման ժամանակաշրջան:  

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում ամենամեծ կորուստը կարելի է համարել այն, որ Հայաստանի ժողովրդագրական պատմության ընթացքում ամենաշատ ծնունդներ ունեցող սերնդի ամուսնական տարիք մտնելու պարագայում, այսինքն 1986-1992թթ., երբ ծնունդների թիվը կազմել էր 618 հազար երեխա, ոչ միայն չապահովվեց ծնունդների և բնական աճի բարձրացում, այլ տեղի ունեցավ հակառակը: Սա կարելի է համարել ամենածանր վնասը, որ կարող էր հասցվել Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակին: Չնայած նախորդ տարիների ընթացքում արտագաղթի հետևանքով այդ տարիքային խմբում ևս արձանագրվել էր անկում՝ այնուամենայնիվ, այդպիսի մեծաքանակ սերնդից կարելի էր ակնկալել տարեկան մինչև 60 հազար ծնունդ: Սակայն ահագնացող արտագաղթը, աղքատության մինչև 30 տոկոս առկայությունը, սոցիալ-տնտեսական վատ իրավիճակն ի չիք դարձրեցին Հայաստանին ընձեռնված այդ յուրահատուկ հնարավորությունը:

Սերժ Սարգսյանի կառավարման ողջ ընթացքում, այսինքն 2008-2017թթ., տեղի է ունեցել միայն արտագաղթի ավելացում:

Աղյուսակ 8. Հայաստանի Հանրապետության արտաքին ուղևորաշրջանառությունը 2008-2017թթ. (հազ. մարդ)[27]

Տարի

Ժամանում

Մեկնում

Միգրացիոն հաշվեկշիռ (+-)

2008

1397,2

1420,2

-23,1

2009

1432,0

1457,0

-25,0

2010

1754,2

1800,9

-46,7

2011

1945,1

1988,9

-43,8

2012

2191,8

2234,6

-42,8

2013

2476,3

2507,5

-31,2

2014

2734,6

2776,3

-41,7

2015

2709,3

2752,7

-43,4

2016

2867,0

2915,2

-48,2

2017

3398,1

3425,0

-26,9

Ընդամենը

22905,6

23278,3

-372,8

Գրանցված 372.800 միգրացիոն բացասական հաշվեկշռի մոտ 53 տոկոսից ավելին հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունից մշտական հեռացածները: Ընդ որում, այս 10 տարվա արտագաղթի յուրահատկություններից էր այն, որ մեկնածների գերակշիռ մասը եղել են  երիտասարդ ընտանիքները, որոնք տարել են իրենց երեխաներին: Այս երևույթը մոտակա ժամանակահատվածում էական ազդեցություն կունենա Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վրա, քանի որ էականորեն նվազեցրել է Հայաստանի վերարտադրողական ներուժը: Արտագաղթի աճին զուգընթաց այս ժամանակահատվածում գրանցվել է նաև ծնունդների և բնական աճի նվազում:

Աղյուսակ 9. ՀՀ բնակչության աճի ցուցանիշները 2008-2017թթ.

Տարի

Ծնունդ

Մահ

 Բնական աճ

2008

41200

27400

13800

2009

44600

27600

16800

2010

44800

27800

16900

2011

43447

28030

15467

2012

42500

27600

14900

2013

41800

27200

14600

2014

43031

27714

15317

2015

41763

27878

13885

2016

40638

28129

12509

2017

37699

27367

10332

Ընդամենը

425542

276718

148824

2003թ.-ից սկսած ծնունդների աճի ամենաբարձր կետը փաստացի 2010թ. էր, թեև նորմալ իրադրությունում այն կրկին պետք է աճեր: Սակայն տեղի է ունեցել ծնունդների կրճատում, և 2010թ. համեմատ այն 2017թ. նվազել է 16 տոկոսով, իսկ բնական աճի ցուցանիշը՝ 61 տոկոսով: Բարվոք չի եղել նաև ամուսնությունների վիճակը: 2017թ. ամուսնությունների թիվը 2012թ. համեմատ նվազել է 21, իսկ ամուսնալուծությունների թիվն աճել է 18 տոկոսով: Այս ցուցանիշներն են նաև հիմնականում ազդել ծնունդների թվաքանակի նվազման վրա: 2018թ. հունվար-հունիս ցուցանիշները ևս հուսադրող չեն, քանի որ 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվը նվազել է 12, իսկ բնական աճի ցուցանիշը՝ 23 տոկոսով:

2017թ. ապրիլյան ԱԺ ընտրություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանը մայիսին հրապարակ «նետեց» մինչև 2040թ. 4 մլն-անոց Հայաստանի տեսլականը, որը կարող էր դառնալ կարևոր PR գործիք իր՝ վարչապետ մնալու պարագայում: Այդ գաղափարով նախատեսվում էր մինչև 2040թ. ապահովել 500 հազար հայրենակիցների ներգաղթ, իսկ բնական աճի հաշվին բնակչությունն ավելացնել ևս 618,5 մարդով և հանգել ծրագրային 4 մլն Հայաստանի ցուցանիշին: Պետք է նշել, որ իր նախագահության սկզբին այդպիսի ծրագիր իրականացնելու պարագայում կարելի էր գրանցել բավականին լավ ցուցանիշներ:

2011թ. անցկացված մարդահամարը փաստեց, որ 2001-2011թթ. ընթացքում ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 մլն 26 հազար, իսկ առկա բնակչությունը՝ 2 մլն 780 հազար մարդ:[28] Եթե հաշվի առնենք նաև 2002-2011թթ. գրանցված 112.555 բնական աճը, ապա այդ ժամանակահատվածում ՀՀ մշտական բնակչության թիվը պակասել էր 299.556, իսկ առկան՝ 334.355 մարդով:

ՎԵՐՋԱԲԱՆ

Այսպիսով, վերջին 27 տարում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահությունների ժամանակահատվածում, ՀՀ մշտական բնակչության թիվը պակասել է 942.000 մարդով, իսկ առկա բնակչության հաշվարկով այն ավելի մեծ է՝ 1.114.000 մարդ, և այսօր ՀՀ մշտական բնակչության թիվը կազմում է 2.969.000 մարդ: Եվ եթե չլիներ 426.000 բնական աճը, ապա այսօր մեր բնակչության թիվն ավելի քիչ էր լինելու:

Իսկ այս իրավիճակը շտկման անհրաժեշտություն ունի: Չնայած ներկայիս պայմաններում հայրենադարձության կենսական նշանակությանը՝ ժողովրդագրական հիմնախնդիրների լուծման բանալին, այնուամենայնիվ, պետք է փնտրել հենց Հայաստանի ներսում:

Նախկին ժամանակաշրջանների, մասնավորապես խորհրդային շրջանի ժողովրդագրական իրավիճակի վերլուծությունները ցույց են տալիս, որ բնակչության ավելացման հիմնական աղբյուր է եղել բնական աճը՝ բավականին բարձր ծնելիությունը և մահացության նվազումը: Եվ այսօր ևս կենսական անհրաժեշտություն է մշակել և արագ շրջանառության մեջ դնել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը միտված նոր ու իրատեսական ծրագիր, որը բխում է հենց Հայաստանի Հանրապետության ռազմավարական և ապագայում  գոյատևելու հրամայականից:

ՀՂՈւՄՆԵՐ


[1] Армения в цифрах в 1989 году, Госкомстат Арм. ССР, Ереван, 1990г., стр. 19:

[2] Ավագյան Գ. Ե., Սովետական Հայաստանի բնակչության վերարտադրությունը, Երևան, 1965թ.:

[3] Հայ ժողովրդի պատմություն, հատոր 6, Երևան, 1967, էջ 553:

[4] Հայ ժողովրդի պատմություն, հատոր 8, Երևան, 1970թ., էջ 248-254:

[5] Խոջաբեկյան Վ. Ե., Հայկական ՍՍՀ բնակչությունը և աշխատանքային ռեսուրսների վերարտադրության արդի պրոբլեմները, Երևան, 1976թ.:

[6] Итоги всесоюзной переписи населения 1959г.., Армянская ССР, ЦСУ, М., 1963, стр 7:

[7] Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան, 1987թ., էջ 190:

[8] Հայկական ԽՍՀ ժողովրդական տնտեսությունը 1989 թվականին, Վիճակագրական տարեգիրք, Երևան, 1991թ., էջ 17:

[9] Динамика населения СССР 1960-1980гг.,Москва, 1989, стр 37:

[10] Novosti, Liasion Agency, Microsoft Corporation, 1995:

[11] Ազիզբեկյան Ռ., Գեղամյան Գ., Հայաստանը 1960-1980-ական թթ., Երևան, 1993թ.:

[12] Армения в цифрах в 1988 году, Гостомстат Арм. ССР, Ереван, 1989г., стр. 22:

[13] Հայկական ԽՍՀ ժողովրդագրական տնտեսությունը 1989 թվականին, Վիճակագրական տարեգիրք, Երևան, 1991թ., էջ 17:

[14] Ադրբեջանից ժամանած փոխստականների թվաքանակը 1988-1999թթ., Երևան, 2000թ., էջ 8:

[15] Ազիզբեկյան Ռ.,  Գեղամյան Գ., Հայաստանը 1960-1980-ական թթ., Երևան, 1993թ., էջ 60:

[16] Авакова Р., Лисова А., Россия и Закавказье реалии независимости и новое партнертство, М., 2002, стр. 154:

[17] Բնակչության միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգը Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ Միգրացիայի և փախստականների վարչություն, Երևան, 2000թ., էջ 5:

[18] Հայաստանի վիճակագրական տարեգիրք 1991թ., Երևան, 1994թ., էջ 17:

[19] ՀՀ հսկիչ անձնագրային կետերի ուղևորաշրջանառության (միգրացիայի) ընտրանքային հետազոտություն, Եր., 2002թ., էջ 8:

[20] Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ուղևորների հաշվառման տվյալների:

[21] Внещная миграция и за 1991-1996гг., Ереван, 1996, стр. 14:

[22] Ըստ կառավարությանն առընթեր ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տվյալների:

[23] ՀՀ սահմանային ուղևորահոսքի ուսումնասիրություն, Երևան, 2001թ., էջ 23:

[24] Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2002-2003թթ., ՀՀ ԱՎԾ, Երևան, 2003թ., էջ 154:

[25] ՀՀ Ազգային ԱՎԾ, ՀՀ 2001թ. մարդահամարի արդյունքները (ՀՀ ցուցանիշները) մաս 1, 2003թ., էջ 213:

[26] Ըստ Միգրացիայի և փախստականների վարչության տվյալների:

[27] ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, Միգրացիոն պետական ծառայություն:

[28] ՀՀ մարդահամարը 2011թ. ՀՀ ԱՎԾ, Երևան, 2012թ.:

Նյութի աղբյուրը՝ «aiisa.am»