Սոլոնիկի կյանքում շատ կանայք են եղել, սակայն նա անդավաճանորեն վերադարձել է Նատալյաի մոտ: Նա երիտասարդ էր ընկերոջից 6 տարով, բարձրահասակ՝ 20 սանտիմետրով /նույնիսկ առանց կրունկների/ և ուներ հաջողակ ֆոտոմոդելի արտաքին: Իր ճարպիկ ընկերոջից նա ստանում էր թանկարժեք նվերներ, շրջում էր Եվրոպայում և արդեն անցել էր կես Եվրոպան /ինչի մասին վկայում են նրա բազմաթիվ լուսանկարներով ալբոմները/, ժամանակն անցկացնում էր ռեստորաններում և կազինոներում, իսկ մայրաքաղաքում շրջում էր Սոլոնիկի նվիրած մուգ-կապույտ <Գրանդ Չերոկի> ջիպով: Նրա տրամադրության տակ էր նաև վառ-կարմիր սպորտային <Պորշեն>: Նրանք, ովքեր թեկուզ մի փոքր հասկանում են ավտոմեքենաներից, գիտեն, որ դեռ այն ժամանակ <Պորշե> գնելու ճոխություն կարող էր իրեն թույլ տալ միայն միլիոնատերը կամ ֆանատը:
Նատալյան գրանցված էր Լյուբերեցում, սակայն ապրում էր Մոսկվայում վարձակալած բնակարաններում: Հաճախակի էր այցելում Ռուսաստանի խորքում ապրող ծնողներին, որտեղ իր շքեղ հագուստներով, յուրահատուկ վարվեցողությամբ և գեղեցիկ կյանքի մասին պատմություններով շլացնում էր հարևաններին: Բոլորին, բացի իր հարազատներից, ովքեր գիտեին Սաշայի զբաղմունքի մասին, նա ներկայանում էր որպես հաջողակ նկարչի կին, իսկ հետո՝ ավտոմեքենաների վաճառքով զբաղվող բիզնեսմեն պաղեստինցու կին:
Այդ պատմությունները մի քիչ տարբերվում էին Նատալյաի ազգականների՝ շրջապատում պատմածներից: Հարևանները չէին կասկածում, որ Նատալյան առաջվա պես ամուսնացած է <նկարիչ-Սերգեի> հետ և ապրում է Հունաստանի լողավազանով վիլլայում: Ընդ որում, լողավազանը, որտեղ ավելի ուշ լողացել էին նաև Նատալյաի բոլոր ազգականները, ամենացնցող բանն էր եղել համերկրացի-գավառականների համար: Ընդ որում, հարևանները, նայելով Սոլոնիկի լուսանկարները, ճանաչել էին այդ <ամուսին-նկարչին>...
ՆԳ ՔՀ-ի Օպերատիվ-հետախուզական բաժնի խուզարկուները, ովքեր կոորդինացնում էին հանցագործների որոնումները, պարզել էին փախստականների կապերի սխեման, հավաքել էին անհրաժեշտ փաստաթղթերը և իդենտիֆիկացիոն տվյալները՝ մատնադրոշմները, դակտոքարտերը, հագուստների նկարագրությունը և բիոլոգիական բնութագրերը:
<Ալեքսանդր Սոլոնիկի արտաքին տվյալները. արտաքինից՝ 30-35 տարեկան, հասակը՝ 165-170 սմ., միջին կազմվածքով, դեմքը՝ օվալաձև, նկատելի է ճակատային ճաղատություն, ունքերը՝ կամարաձև, աչքերը՝ շագանակագույն, շուրթերը՝ բարակ:
Հատուկ նշանները. ձախ ձեռքի միջնամատին՝ թագի պատկերով դաջվածք, որն արված է կոսմետիկ եղանակով: Վերին շրթունքի վրա՝ խալի հեռացումից առաջացած սպի, գոտկատեղի շրջանում՝ աջ կողմում սպի>:
Սոլոնիկի և Մենշիկովի լուսանկարների, տվյալների հրապարակումներից, հեռուստատեսությամբ ցուցադրելուց հետո ՆԳԳՎ-ի Մոսկվայի հետախուզական շտաբի աշխատակիցները քաղաքացիներից 32 հաղորդում ստացան: Բոլորն ամբողջությամբ ստուգվեցին, սակայն էական ոչինչ չգտնվեց: Մի անգամ, Մինսկից հեռախոսով հայտնեցին մի անձի մասին, ով նման էր Սոլոնիկին: Հետախուզության խուզարկուներն անմիջապես կապվեցին Բելոռուսի Հանրապետության իրենց կոլեգաների հետ: Բայց այստեղ էլ, հաղորդման մեջ նշված հասցեն ստուգելուց հետո, արդյունքներ չեղան:
Նույն հաջողությամբ մշակեցին օպերատիվ տեղեկությունը Սոլոնիկի՝ Իսպանիայի Մարբել հանգստավայրում հայտնվելու մասին: Նրան նկատել էին Մալագի քաղաքից 50 կմ հեռավորության վրա, ռուս միլիոնատեր Վլադիմիր Գուսինսկուն պատկանող ամառանոցից ոչ հեռու: Անարդյունք եղավ նաև գործակալական ինֆորմացիան՝ Սոլոնիկի փախուստին սոկոլովյան խմբավորման մասնակցության մասին: Չհաստատվեցին ստացված տվյալները՝ փախուստի կապը սոլնցևյան խմբավորման Չիկագո մականունով հեղինակության հետ, որի ջիպը փախուստի օրը գտնվել էր <Մատրոսկայա տիշինա>-ի մերձակայքի խաչմերուկներից մեկում:
Օպերատիվ տվյալներից. <1995թ. հունիսի 15-ին անհայտ անձից հաղորդում ստացվեց՝ Սոլոնիկի հետախուզական շտաբի ղեկավարի հետ հանդիպման խնդրանքով: Քաղաքացին առաջարկում էր հանդիպում՝ նույն օրը, ժամը 16.00-ին Ռեչնոյ կայարանին հարակից Դրուժբա այգու մոտ: Հանդիպման ընթացքում հաղորդում ընդունվեց, որ ինչ-որ մարդիկ միջնորդի միջոցով անձնագիր պատրաստելու պատվեր են կատարել Սոլոնիկի համար, որով նա մեկնելու է արտերկիր: Հաջորդ հանդիպումը ենթադրվում էր Մոսկվայի կենտրոնում՝ Պատրիարխական լճերի մոտ, մեկ շաբաթ անց. մշակվել էր <Արբալետ> գաղտնագրով հատուկ օպերացիան՝ մասնակցությամբ ՆԳՆ-ի և ԱԴԾ /ՖՍԲ-ի/ օպերատիվ մի շարք ստորաբաժանումների: Սակայն պայմանավորված ժամին աղբյուրը կապի դուրս չեկավ, իսկ հետագայում նրա հետ կապը վերականգնել չհաջողվեց >:
Ով ծանոթ է օպերատիվ-հետախուզական աշխատանքի նրբություններին, լավ գիտի նման հաղորդագրությունների գինը: Շատ դեպքերում գործակալները, իրենք էլ չիմանալով, ցանկալին ներկայացնում են իրականության տեղ և թյուրիմացության մեջ գցում նույնիսկ ամենափորձառու խուզարկուներին: Սակայն այս դեպքում, ինչպես կարծում են Սոլոնիկի գործով զբաղվող ՆԳՆ աշխատակիցները, ինֆորմացիան ճշմարտանման էր: Այդ դեպքում ինչու՞ աղբյուրը կապի դուրս չեկավ… Օպերատիվնիկները ենթադրում են, որ Սոլոնիկը և նա, ով նախապատրաստել էր նրա փախուստը, վերստուգել են և ինֆորմացիայի արտահոսք հայտնաբերել: Հեշտ է կռահել, որ վտանգավոր վկայի հետ ձևականություններով չեն զբաղվել:
Խուզարկուներն աչքի տակ առան ու ստուգեցին մոտ 50 հասցե, որտեղ կարող էին հայտնվել հանցագործն ու նրա կապավորը, ստուգեցին ինչ-որ ֆիրմա, որը կարող էր ֆինանսավորել փախուստի կազմակերպումը, նույնիսկ հարցաքննեցին Մենշիկովի՝ Ներքին զորքերի նախկին համածառայակիցներին. էական ոչ մի բան… Ճիշտ է, հաջողվեց պարզել, որ Սոլոնիկի հետ միասին անհետացել է նաև նրա ընկերուհի Նատալյան, չնայած դժվար չէր դա կռահել:
Հետախուզվողների մասին ինֆորմացիան ուղարկեցին Ինտերպոլի կենտրոնական ազգային բյուրո: Եվ շուտով հուսադրող պատասխան ստացվեց: Հունգարիայի հատուկ ծառայությունները հավաստում էին, որ հետախուզման մեջ գտնվող քաղաքացու նման մի անձ գտնվում է Բուդապեշտում: Հենց նույն օրը Ինտերպոլի միջոցով Հունգարիա ուղարկեցին հանցագործների դակտոքարտերը: Ցավոք, նաև այդ հետքը ոչ մի տեղ չտարավ… Նույնկերպ ավարտվեցին նաև փախստականների որոնումները Իտալիայում, Գերմանիայում, Իսրայելում և Կիպրոսում: Հաղորդումներից որևէ մեկը չհաստատվեց: Եվ անսպասելիորեն խուզարկուներն ինֆորմացիա ստացան ամենահուսալի աղբյուրներից:
1995թ. հուլիսի 4-ին, ՌԴ նախագահի անվտանգության ծառայությունից հատուկ նամակով հայտնեցին Սոլոնիկի՝ Հունաստանում գտնվելու մասին: Աղբյուրը հայտնում էր, որ Աթենքի լյուքս հյուրանոցներից մեկում, կուրգանյան խմբավորման անդամների հետ միասին, վրաստանցի փախստականի կեղծ անձնագրով ապրում է հետախուզվող հանցագործը: Տվյալները՝ հաստատված նախագահականի հատուկ ծառայության ղեկավար, գեներալ Կորժակովի ստորագրությամբ, մեծ վստահություն էին ներշնչում: Սակայն նաև այդ ճանապարհը տարավ փակուղի, չնայած սկիզբը շատ խոստումնալից էր: Լուսանկարներով և արտաքին նշաններով անծանոթին նմանեցրել էին Սոլոնիկին:
Հետո լրացուցիչ տեղեկություններ ստացվեցին փախստականի համար իսկական հունական անձնագիր պատրաստելու փորձերի մասին: Նույնիսկ նշվում էր այն գինը, որի դիմաց խոստացել էին պատրաստել անհրաժեշտ փաստաթուղթը՝ 28.000 դոլար:Շտապ Աթենք էին ուղևորվել ՌԴ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները՝ հունական կողմի հետ գործողությունները կոորդինացնելու նպատակով: Սոլոնիկին բռնելու գործն ընթանում էր ամբողջ թափով: Խուզարկուներն արդեն չէին կասկածում հաջողության մեջ, երբ Աթենքից նոր հաղորդում ստացվեց. հայտնաբերված անձն իսկապես ՌԴ նախկին քաղաքացի է, սակայն Սոլոնիկի հետ ոչ մի կապ չունի: Նրա մոտ եղած արտասահմանյան անձնագիրը՝ Կոնստանտին Ն. անունով, հափշտակվել էր Վրաստանի ՆԳՆ-ից՝ Թբիլիսիի մարտական գործողությունների ժամանակ: Իսկ ինքը՝ Կոնստանտին Ն.-ը առնչություն ունի կոպտևսկյան հանցավոր խմբավորման հետ և իր կապավորների հետ միասին հետախուզվում է մեկ այլ քրեական գործով՝ Մոսկվայի ՆԳԳՎ-ի ծառայությունների կողմից:
Արդյունքի բացակայությունը նույնպես արդյունք է: Չնայած Սոլոնիկի գտնվելու վայրը գտնել չէր հաջողվում, սակայն նպատակաուղղված սիստեմատիկ որոնումները բոլոր ուղղություններով թույլ էին տալիս որոշակիորեն պնդել, որ հանցագործը թաքնվում է Հունաստանում: Այդ ընթացքում Մոսկվայում չէին դադարում պատերազմները ազդեցության ոլորտների համար, և դրանցում կուրգանցիները լուրջ կորուստներ էին ունենում: 1996-ի սկզբին անհայտ քիլլերները միանգամից լիկվիդացրեցին կուրգանցի երեք բարձրակարգ մարտիկների:
Օպերատիվ հաղորդագրությունից. <18.55-ին Հալաբյան փողոցի 10 հասցեի <Ջիպ> խանութին մոտեցավ <ԲՄՎ-525> մակնիշի ավտոմեքենա: Միջից դուրս եկան երեք անձինք և մտան խանութ: Այդ պահին նրանց հետևից ներխուժեցին երկու անծանոթներ, որոնցից մեկը նշանառու կրակ բացեց <Տաուրուս> ռևոլվերից: Փամփուշտները դիպան տուժողների գլխին և կրծքավանդակին: Դրանից հետո մարդասպանները դուրս վազեցին, դիմահար կրակոցով սպանեցին նաև ղեկի մոտ նստած անձին և արագ փախուստի դիմեցին իրենց սպասող մեքենաներով:
Պետրովկա 38-ի՝ դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը հանցագործության վայրից մի փոքր հեռու, ձյան մեջ հայտնաբերեց հանցագործության <Տաուրուս> զենքը՝ 9մմ. տրամաչափի 9 պարկուճներով: Պարզվեց, որ տուժածները կուրգանյան խմբավորման երեք ակտիվ անդամներն են՝ Պերեսադիլոն, Կուզնեցովը և Սուրիկովը: Կրակողներին բռնել չհաջողվեց>:
Ի դեպ, բոլոր երեքն էլ քաջ հայտնի էին միլիցիային: Պերեսադիլոն, օրինակ, միլիցիայի կողմից ձերբակալվել էր դեռ 1994-ին՝ կապված Կրիլատսկոյի Օսեննի բուլվարում, Բորիս Ելցինի տանից ոչ հեռու տեղի ունեցած պայթյունի գործով: Այն ժամանակ Պերեսադիլոյի հետ միասին Պետրովկա էին բերման ենթարկել նաև Սոլոնիկի այլ բարեկամների՝ Կոլիգովին, Պերեպելկինին, Նաստերովին, Նելյուբինին: Նրանք զվարճանում էին <Լոպասնյա> հանգստյան տան շոգեբաղնիքում, ընդ որում իրենց հետ վերցրել էին նաև փոքր տրամաչափի հրազեն, որսորդական զենք և ռազմամթերք…
Կուրգանցիների կորուստները արտահայտվում էին ոչ միայն սպանվածների թվով, վիրավորներով և ազատազրկվածներով: Յուրաքանչյուր ռազբորկայի հետևում մեծ փողեր էին, որոնց կորուստը չէր կարող չանհանգստացնել Սոլոնիկին: Առանց ընկերների ֆինանսական աջակցության, միայն հեղինակությամբ և հարգանքով հնարավոր չէր ապրել նույնիսկ տաք, արևային Հունաստանում: Այդ պատճառով խուզարկուներն առանձնապես զարմացած չէին, երբ օպերատիվ խողովակներով ինֆորմացիա ստացվեց. Սոլոնիկը Մոսկվայում է, մարտի 9-ին Տագանսկի հրապարակի <Դոլչե Վիտա> ռեստորանում քննարկելու է կուրգանցիների խնդիրները:
Անհրաժեշտություն չկա՝ ասելու, որ սուպերքիլլերին ձերբակալելու օպերացիային շատ լուրջ էին պատրաստվել, սակայն այդտեղ էլ արդյունքի հասնել չհաջողվեց: Ձերբակալվածների մեջ Սոլոնիկը չկար:
Կրկին վերլուծեցին ինֆորմացիան. այդ հետախուզական գործն արդեն 8 հատոր էր կազմում: Օպերատիվնիկները չէին կասկածում, որ կուրգանցի Ռեմբոն Աթենքում է ապրում: Սակայն պարզել հյուրանոցի հասցեն, որտեղից նա և նրա կապավորները մշտապես վարում էին հեռախոսային բանակցությունները Մոսկվայի հետ, ոչ միշտ էր հաջողվում: Իսկ եթե հաջողվում էր, ապա ուշացումով: Սոլոնիկը, հասկանալով, որ իրեն հետապնդում են հատուկ ծառայությունները, մշտապես փոխում էր հյուրանոցները և վիլլաները՝ երկար ժամանակ չմնալով միևնույն տեղում: Նաև այլ դժվարություն կար:
Օպերատիվ հաղորդագրությունից. <Սոլոնիկի մերձավոր կապը՝ Նատալյա Ի.-ն 1996-ի վերջին պատրաստվում է մեկ շաբաթով մեկնել Իտալիա՝ անհայտ անձի հետ հանդիպելու: Վերջինս հանդիպման համար Իտալիա է ժամանելու Լոնդոնից: Սակայն պարզել կոնկրետ ժամանման ժամկետը և հանդիպման նպատակը՝ չհաջողվեց տեխնիկական պատճառներով>:
Ռուսաստանցի խուզարկուները սերտ կապեր հաստատեցին իրենց հույն կոլեգաների հետ, բայց պետական սահմանները և միանգամայն հասկանալի գերատեսչական սահմանները բարդացրեցին աշխատանքը, հատկապես այնտեղ, որտեղ ինֆորմացիայի ստացումն անմիջականորեն կախված էր հատուկ տեխնիկական միջոցառումների անցկացումից՝ հետախուզվողների հեռախոսների գաղտնալսումներից և բանակցություններից:
Չնայած Սոլոնիկին ակտիվորեն փնտրում էին մեկուկես տարի և, առանց չափազանցության, ներգրավված էին Ռուսաստանի հատուկ ծառայությունների բացարձակապես բոլոր ռեսուրսները, սակայն նրա հայտնաբերումը Հունաստանի Ատտիկայի շրջանի անտառակում, ընդունվեց որպես սենսացիա... Որովհետև Սոլոնիկին գտան ոչ թե ողջ, այլ արդեն սպանված:
/շարունակությունը մաս 4-ում՝ վաղը/
Պատրաստեց Լուիզա Մինալյանը