запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Գլխավոր դատախազը կաշկանդված է Աղվան Հովսեփյանով

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կաշկանդված է նախկին գլխավոր դատախազ, այժմ՝ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանով: ՔԿ-ի քննիչները սպանության ինչ վարկած բերում են դատախազություն, Արթուր Դավթյանը նրանց «չէ» չի ասում, կամ էնպես է ասում, որ այդ «չէ»-ի մեջ «հա» կա:

 

Ամեն դեպքում՝ դատախազությունն այդ վարկածները հլու աշակերտի պես «բանտիկով» կապում է և, որպես մեղադրանք՝ հրամցնում մեղադրյալին ու հանրությանը:

Հետո, երբ այդ մեղադրանքները հասնում են դատարան, հաճախ պարզվում է, որ դա ոչ թե մեղադրանք է, այլ զառամյալ ծերունու խառնիճաղանջ մտքեր հիշեցնող զառանցանք:

Ենթադրվում է, որ այդպիսի մի զառանցանք էլ դատարան կբերվի 67-ամյա Մանուշակ Մկրտչյանի գործով: Նա մեղադրվում է ամուսնու՝ Մամիկոնի դաժան սպանությունը պատվիրելու մեջ. իբր Մանուշակը սպանության «նիսյա» պատվեր է «տվել». 20,000 դոլար է խոստացել «կիսամեռ», հազիվ իրեն քարշ տվող, դիալիզի փող չունեցող, հատիկով դեղ գնող իր ազգական Սամվել Ալիխանյանին: Նախկինում դատապարտված Սամվելն էլ  իբր սպանել է:

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասատրյանը սպանվել է Երևանի իր բնակարանում՝ 2013թ-ի հունվարի 17-ին, իսկ 4 տարի անց՝ 2017թ-ի սեպտեմբերի 18-ին, դաժանաբար սպանվել են Սամվել Ալիխանյանը և նրան խնամող Վարդուհի Սիմոնյանը: Ըստ նախաքննական մարմնի՝ վերջին երկուսին սպանել է Հրազդան քաղաքի բնակիչ, նախկինում մի քանի անգամ դատապարտված Սամվելի հարևան Լյուդվիգ Գագիկի Հակոբյանը՝ իր հայրական տանը: Հետո դիակները կապկպել ու մեքենայով տեղափոխել են Երևան- Սևան մայրուղու հարակից ամայի տարածք ու թաղել:  

Մանուշակին ու Մամիկոնին ճանաչողները, հարազատներն ասում են, որ Մանուշակը  նման բան չէր անի: Ընդհակառակը. պատմում են, որ մինչև դեպքը՝ 2012թ.-ին, երբ Մամիկոնը ուղեղի կաթված է ստացել և չի կարողացել քայլել, նրա կինը՝ Մանուշակը այնպիսի հոգատարությամբ է խնամել նրան, որ ամիսների ընթացքում նա ոտքի է կանգնել և նույնիսկ քայլել:

Հարևանուհիներից մեկն էլ, ով սպանության դեպքից դեռ անտեղյակ, սակայն անհանգստացած շտապել է Մանուշակի տուն, մեզ հետ զրույցում ասաց. «Ես քարացա, շատ վատ զգացի, արդեն դիակը տարել էին, ոստիկանները գնացել էին...Ես եկել եմ այն ժամանակ, երբ ամեն ինչ վերջացած էր: Ինքը էնպես լցված էր, էնպես էր լացում, որ ես չկարողացա ինչ-որ բան հարցնել, չուզեցա ցավեցնեմ, որպեսզի չբորբոքեմ էդ վիճակը, ցրեմ: Ես խելագարվա. երեխեն ոնց ա իր պաշտպանին, իրեն պահողին կորցնելուց խեղճանում, կծկվում, այ տենց վիճակում էր...Բերեցի, արյունը մաքրեցի...

Ես որ մտել եմ, գետինը արյուն ա եղել, աթոռը արյուն ա եղել՝ էդ ոտքի տեղը, ու վերևը /հյուրասենյակի առաստաղը/ էդ թռած արյունն էր...

Ես ձեզ մի բան ասեմ՝ Գոհարը /Մանուշակը-հեղ./ շատ պատկառելի կին ա. ես առ էսօր Գոհարի սովորացրած ճաշերն եմ եփում: Ինքը շատ կանացի, ընտանիքը շատ առողջ ընտանիք, քույրերով շատ լավ, իրար հետ գնային, իրար հետ գային: Մենք  շատ մտերիմ ենք...»:   Այժմ հարևանուհին շատ ապշած է և չի հավատում Մանուշակի մեղավորությանը, ինչպես՝ առողջ տրամաբանություն ունեցող շատերը:

Բացի այդ, Մանուշակն ինչու՞պետք է ամուսնուն սպանելու պատվեր տար և 62 տարեկանում երկար տարիների ազատազրկման դատապարտվելու մեղքի, բեռի, վտանգի տակ մտներ, երբ Մամիկոնը ինսուլտ ստանալուց հետո արդեն վատ էր և գուցե հազիվ 2-3 տարվա կյանք ուներ...

Ավելին, Մամիկոնի հարազատները չեն հավատում, որ նրան Սամվելն է սպանել, թեև չեն բացառում, որ նրան «օգտագործելով», նրա միջոցով է դա հնարավոր դարձել: Մամիկոնի դուստրը՝ Լիլիթը, «Լակմուս»-ի հետ զրույցում նշեց. «Նախ,... ես հենց առաջին օրն ասեցի՝ բացառվում ա, որ Սամվելը նման բան աներ մեր ընտանիքի հանդեպ: Ասել եմ՝ ինքը վատ կենսագրություն ունի, բան չունեմ ասելու, բայց ինքը էնքան հարգանքով ա եղել պապայի նկատմամբ, կոնկրետ մեր ընտանիքի հանդեպ, ու էս ամեն ինչը ես Դավիթին /քննիչին-հեղ./ էլ եմ պատմել... Ասում էր՝ ախր ինքը ինչ էր իրանից ներկայացնում , որ նրան տուն թողնեիք:

Պատմեցի՝ որտեղից ա դա գալիս... իմ ծնողների շնորհակալ լինելը. Երբ  որ իմ ծնողները Ռուսաստանում էին, պապան ուզում էր, որ ես ու քույրս այստեղ սովորենք: Մենք, պապան, մաման գնում- գալիս էինք, բայց ուսանողական տարիներին այստեղ ենք եղել ես ու քույրս: Էդ ժամանակ Սամվելն էր, որ գալիս հարցնում էր մեզ, հետաքրքրվում՝ ո՞նց եք, հո բան ասող չկա՞ մեզ: Ու էն վատ տարիներին, երբ հաց չկար, մարդիկ դժվարությամբ էին առնում, Սամվելը միշտ տաք հաց էր հասցնում մեզ: Իսկ իմ ծնողները միշտ երախտապարտ մարդիկ են եղել:

Պապան կանչել ա իր մոտ՝ եղբորն էլ, իրեն էլ: Եղբոր /Պարգևի/ քավորն ա եղել պապան: Իրենք աշխատել են, Սամվելը դե աշխատող չէր, բայց ախպերը եկավ, մնաց: Ու ախպոր փողը որոշակի չափով մաման բերել ա /2007թ.-ին/,  էդ Հրազդանի տունն են առել ու մի քանի տարվա աշխատավարձ պարտք ա մնացել: Էդ ամեն ինչը ասվել ա իրանց: Ու պապաս ոչ թե կերել էր էդ փողը, չէր տվել, այլ գործերը վատացել էին, էդպես էր ստացվել»: 

Իսկ Սամվելը կամային առումով ինչպիսի՞ անձնավորություն էր, վախկո՞տ էր. նրան կարո՞ղ էին «օգտագործել» ինչ-որ անձինք՝ հետաքրքրվեցինք Լիլիթից: Պատասխանեց՝ «Հա, կարող էին...»

Իսկ հարցաքննության ժամանակ քննիչի կողմից կասկածելի ուղղորդումներ նկատե՞լ են: Զրուցակիցս չժխտեց. «Հա էդ առաջին անգամ, որ գնացել էինք ցուցմունք տալու, քննիչն ասում էր՝ Վարդի հետ ա եկել Սամվելն ա /իբր Մամիկոնին սպանելու/: Ես ասում էի՝ բացառվում ա, Սամվելն ըտենց բան չի անի: Կամ՝ խի կնոջ հետ գնում են ըտենց բան անելու՞... Հա, ու ասում ա՝ Լյութոն նստած ա եղել այդ ժամանակ, երբ որ պապայի դեպքը եղել ա: Ասում եմ՝ ուրեմն հերն ա եղել, ասում ա՝ չէ, հերը չի, 2013-ին իբր նստած ա եղել, բայց հետո պարզվում ա՝ չէ, նստած չի եղել:»

Այդուհանդերձ, նախաքննական մարմինը «չորս ոտքը» դրել է մի կոշիկի մեջ և ամեն գնով ուզում է հնարավոր մեղավորներից կամ պատվիրատուներից քննությունը շեղել և համոզել, որ պատվիրատուն Մանուշակն է, ով կալանքի տակ է արդեն 6 ամիս:    

Ակամայից հարց է ծագում՝ իսկ ի՞նչ  շահագրգռվածություն ունի քննչական մարմինը  Մանուշակին մեղադրելու և, որպես սպանված Մամիկոնի իրավահաջորդ, մեկուսացնելով  չեզոքացնելու...

Ինչու՞ է սույն գործով քննիչ Դավիթ Թովմասյանը նրանց հարազատներին հարցաքննելիս ավելի շատ կենտրոնացել տուժողների ունեցվածքի առկայության, պատկանելության վրա, քան սպանության բացահայտման: Հետաքրքրվել, թե որ տունը ում անունով է, տուն ունեն, թե ոչ, ընտանիքի անդամներից ով է ում պարտք...

Ընդ որում, ուշագրավ է, որ քննիչի մորեղբայրը՝ Յուրա Հայրապետյանը, ևս մեծ գումար է պարտք Մանուշակի ընտանիքի անդամներից մեկին, ինչի մասին իմացող քննիչն այդ մասով  որևէ հարց  չի  տվել տուժողի ընտանիքին:

Լրագրողական հարցման ընթացքում պարզեցինք, որ Յուրա Հայրապետյանը /անշարժ գույքի կադաստրի նախկին պաշտոնյա/ Մանուշակի դստեր հարևանն է՝ Երևանի նորակառույց շենքերից  մեկում:

Այդ շենքի շինարարությունը նախաձեռնել է Մանուշակի և Մամիկոնի փեսան՝ 2008-ին: Շինարարության ընթացքում քննիչի քեռին այդ շենքից բնակարան գնելու ցանկություն է հայտնել: Սկզբում գումարները պարտաճանաչորեն վճարել է, սակայն տարիներ անց՝ /մինչ 2013 թվականը/ Յուրա Հայրապետյանը հրաժարվել է վերոնշյալ շենքի բնակարանից, քանի որ գումարային խնդիրներ է ունեցել և չի կարողացել վճարել:  

Սակայն  2013թ-ին՝ Մամիկոնի սպանությունից  շաբաթներ անց՝ փետրվարին, հանկարծ  քննիչի քեռին կրկին ցանկություն է հայտնել այդ նորակառույց  շենքից  բնակարան գնել բարձր գնով՝ բանկերից մեկի հետ կնքած գործարքի, եռակողմ պայմանավորվածության միջոցով: Բայց այնպես է ստացվել, որ Յուրա Հայրապետյանը ի վերջո 105,000 դոլար պարտք է մնացել Մամիկոնի փեսային:   

Երկար ժամանակ քննիչի քեռին խուսափել է ստորագրել նույնիսկ պարտք լինելու «բարաթը», իսկ երբ ի վերջո ստորագրել է, հայտնի է դարձել, որ Յուրա Հայրապետյանը սնանկ է:      

Լիլիթից հետաքրքրվեցինք՝ քննիչ Դավիթ Թովմասյանն այդ բնակարանի և ընդհանրապես, իրենց բնակարանների պատկանելիության մասին ի՞նչ հարցեր է տվել:

«Էդ տան վերաբերյալ չի տվել ոչ մի հարց, բայց Լենինգրադի տան մասին հարցրել է՝ պապան ուզե՞լ է ծախի այդ տունը, որ այստեղ ուսումնարան բացի, մեքենա գնի: Ասեցի՝ հա, ուզեցել ա տունը վաճառի: Բա՝ ինչի՞ համար կոնկրետ: Իր տունն է եղել, ուզեցել ա վաճառի»:

Իսկ հարցրե՞լ են՝ էդ տունը ում անունով է... Լիլիթը շարունակեց. «Իրենք արդեն գիտեին... Բայց էն ժամանակ են հարցրել /2013-ին-հեղ./, հիմա՝ չէ...   

Դավիթը հարցնում ա՝ հիմա էս տունը ամուսնունդ ա՞ փաստացի: Ես ասում եմ՝ չէ, ո՞վ ա ասում... Հարցրեց՝ ըտենց խոսակցություն չի եղե՞լ, որ ինքը  էդքան փողեր ա տվել: Ասեցի՝ չէ, ուղղակի պապան ուզեցել ա՝ գնա վաճառի, բժշկուհին թույլ չտվեց ինքնաթիռ նստի, որովհետև շատ վտանգավոր էր, ճնշումը բարձր, ուղղակի իր ապահովության համար: Ամուսինս ասեց՝ լավ մի գնա, ես եմ առնում էդ տունը, ու էդ ժամանակ քույրս իր բնակարանը և գյուղում դաչա ունեինք, էդ դրեցինք վաճառքի, որ շուտ ծախվի: Էդ մարդը ուզում ա՝ թող զբաղվի, ինքը իր գույքը: Համ ինքը չնեղվի փեսային նեղություն տալու մտքից, համ էլ չասի՝ գնում եմ Լենինգրադ:

Էդքան բանը ես իրեն լրիվ պատմել եմ: Հարցրեց՝ իսկ էդպիսի խոսակցություն չի եղել, որ տունը փոխեք իրա /փեսայի/ անունով: Ասեցի՝ բացարձակ էդպիսի խոսակցություն չի եղել, ոչ էլ էդ նպատակով ա տրվել էդ փողերը..., ոչ էլ որպես պարտք ա տրվել: Ամուսինս չի էլ իմացել, որ իմ ծնողները իրենց մոտ գրել են, որ իմանան՝ երբ որ վաճառվի /տունը/, ինչ են անելու»:

Ձեր տված ցուցմունքների տակ ստորագրել եք: Երբ կարդացել եք, նկատե՞լ եք՝ ճի՞շտ են արձանագրել ձեր ցուցմունքները, թե ոչ:

«Ոչ, ամբողջությամբ չի գրվել: Որը որ շատ կարևոր էր՝ չի գրել: Օրինակ, մամայի դեպքով... հենց տեղում էլ իմ խոսքը փոխել էր. ասում ա՝ տունը վաճառում էինք, որ ամուսնուս փողը տայինք, իբր Մամիկոնը տունը վաճառում էր, որ նրա փողը տար, ես հարցնում եմ՝ ես սենց բան ասեցի՞, որ գրել եք: Հա՞, ասում ա, տուր փոխեմ... Այսինքն եթե ուշադիր չլինես, կարող է փոխել: Այդտեղից էլ ես եզրակացություն  անում, թե ինչի վրա են աշխատում...»:

Դժվար չէ կռահել, որ տարիներ շարունակ Աղվան Հովսեփյանի ղեկավարած կառույցների որոշ քննիչներ, դատախազներ այսպիսի մարտավարությամբ են հանցագործություններ «բացահայտել»: Հետևանքը եղել է այն, որ հատկապես աղմկահարույց գործերով շղթայական սպանություններ են սկսվել որոշակի պարբերականությամբ: Պատճառները տարբեր են՝ ժամանակին չբացահայտելը, դանդաղկոտությունը /գուցե՝ միտումնավոր/, թերի քննությունը, վատ վերահսկողությունը կամ՝ որ ավելի հավանական է՝ կոռուպցիան:

Աղվան Հովսեփյանի գլխավոր դատախազ աշխատելու երկար տարիների ընթացքում Արթուր Դավթյանը «յուղոտ» պաշտոններ է ստացել.2006-2007թթ-ին եղել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ, հետո՝ մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ, ապա՝ նույն վարչության պետի տեղակալ, Շենգավիթի դատախազ, Երևան քաղաքի դատախազ:

Այսինքն որոշակի պաշտոնեական պատասխանատվություն է կիսել Աղվան Հովսեփյանի հետ՝ «թաթախվելով» վերոնշյալ «մեղքերի» մեջ:Եվ այժմ նա կաշկանդված է իր նախկին վերադասի քննիչների մեղադրական եզրակացություններով կամ դրանց նախագծերով, որոնք արդեն ավելի լկտի՝ ազգը, ընտանիքը թշնամացնող դրսևորումներ են ստանում՝ արդեն կանանց են մեղադրում իրենց ամուսինների դաժան սպանության մեջ՝ դրանց օբյեկտիվ հիմքերի բացակայության պայմաններում, ինչպես՝ Մանուշակի դեպքում:   

Այնպես որ, գլխով եք պատասխանատու Մանուշակի անվտանգության համար: Եվ ընդհանրապես, եթե, Աստված մի արասցե, այս ընտանիքի անդամներից որևէ մեկի գլխից մազ պակասի, ես կհամարեմ, որ սա հենց իրավապահների կողմից նախապես պլանավորված, հովանավորված, այս ընտանիքի հետ կապ ունեցող անձի միջոցով և նրա հետ կապ ունեցող քրեական անձանց «օգտագործմամբ» կատարված սպանություններ են՝ պատվիրված որոշ պաշտոնատար անձանց ու նրանցից մեկի մերձավորի կողմից՝ շահադիտական նպատակներով:

Ուստի, ես ակնկալում եմ նաև ՄԻՊ-ի գրասենյակի, ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող մարմնի ներկայացուցիչների ուշադրությունը՝ «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող Մանուշակ Մկրտչյանի նկատմամբ...մինչև որոշակի անձանց պաշտոնազրկումը:   

                                                                                      Էլմիրա Մարտիրոսյան