Ռուսական «Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ՝ ՌԴ քննչական կոմիտեն կուսումնասիրի գործարար և բարերար Լեւոն Հայրապետյանի մահվան թունավորման վարկածը: Ըստ աղբյուրի՝ մահանալուց առաջ Հայրապետյանը իրեն թունավորելու մասին տեղեկացրել էր եղբորը և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին:
Արդյո ՞ք եղել է նման բան. հարցի կապակցությամբ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ասել է, որ մահից առաջ՝ հոկտեմբերի 17-ի երեկոյան, Լևոն Հայրապետյանը զանգահարել էր և հայտնել իրեն թունավորելու կասկածների մասին:
«Երբ նա զանգահարեց ինձ, հազիվ էր խոսում, ձայնն էլ մի տեսակ էր: Նրան հարցրի, թե ինչ է պատահել, ասաց, որ շաքարն է իջել: Այնուհետև հարցրի, թե ինչպես է իրեն զգում, նա էլ ասաց, որ կասկածում է, որ իրեն թունավորել են: Ինձ թվաց, թե նա ուղղակի բանտային կյանքից հուսալքված է, փորձեցի անգամ գոտեպնդել»,- նշել է Պարգև Սրբազանը՝ ավելացնելով, որ իրենց խոսակցությունից ժամեր անց հայտնի է դարձել մեծ բարերարի մահվան բոթը:
Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 18-ին 68 տարեկան հասակում, Մոսկվայից 750 կմ հեռու գտնվող Մորդովիայի քրեակատարողական հիմնարկում: Այդ կապակցությամբ Sobesednik.ru-ն գրել էր, որ նախօրեին վատացել էր նրա ինքնազգացողությունը, սակայն Հայրապետյանին այդպես էլ չեն տեղափոխել հիվանդանոց։
Դեռ այս տարվա մայիսին Rosbalt.ru-ն, հղում անելով Հայրապետյանի հարազատներին, գրել էր, որ բանտից ազատ արձակվելուց մի քանի օր առաջ 2 անհայտ տղամարդիկ նրան փոխանցել են բժշկական փաթեթ, որի պարունակությունը նա ընդունել է այնպես, ինչպես իր նախորդ դեղորայքը, սակայն անսպասելի նրա վիճակը կտրուկ վատացել է:
Երբ Լեւոն Հայրապետյանի հարազատները նրա մահից հետո սկսել են զբաղվել նրա կտակի հարցերով, թունավորելու հնարավոր շարժառիթները եւս պարզվել են: Գույքի հաշվարկի ժամանակ պարզ է դարձել, որ Հայրապետյանը ահռելի ունեցվածքի տեր է եղել, նրա ունեցվածքը գերազանցել 1 միլիարդ դոլարը:
Բիզնեսմենի հարազատները դիմում են ներկայացրել ՌԴ Քննչական կոմիտեի Մորդովայի ենթամաս՝ հնարավոր թունավորման հանգամանքները պարզելու համար, սակայն մի քանի անգամ մերժվել է գործը, դեռեւս հետմահու փորձաքննություններ չեն անցկացվել ու ապացույցները վերացված չեն:
Հարազատները ամեն գնով ցանկանում են պարզել իրականությունը՝ փորձելով հասնել նրան, որ գործով զբաղվի քննչական կոմիտեի կենտրոնական բաժինը: