запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ի պատասխան՝ ԶԼՄ-ների դեմ փաստաբանական տեռորի

Փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Արամազդ Կիվիրյանը սփյուռքահայի դեմ սկսած դատական տեռորին զուգահեռ պատերազմ են հայտարարել նաև լրատվամիջոցներին, ովքեր բարձրաձայնում են այդ մասին:

 Նրանք դատական բազմաթիվ հայցեր ունեն ԶԼՄ-ների դեմ՝ պատվի, արժանապատվության, գործարար համբավը արատավորելու և փոխհատուցում պահանջելու վերաբերյալ, որոնցից 3 հայցերը «lakmoes.am» և «1in.am» կայքերի դեմ:  

lakmoes.am-ի դեմ դատական գործերից 3-ը վերաբերում են Աշլի Մինասի գործի հետ կապված նույն հանգամանքներին: Դրանք առնչվում են նաև «Բեգլարյան» բժշկական կենտրոնին, որը, ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի խնամունն է: Վերջին երկու շաբաթում դատարանը միանգամից որոշում է կայացրել՝ պարտավորեցնել վերոնշյալ 2 ԶԼՄ-ներին՝ հեռացնել հոդվածները /https://lakmoes.am/iravunq/4422-2018-11-18-20-23-36,  https://www.lakmoes.am/iravunq/4550-2018-12-03-16-27-18/

Այլ կերպ ասած՝ միանգամից, առանց դատաքննության, վճիռ է կայացրել, քանի որ հայցի հիմքը և հայցի ապահովման միջոցի հիմքը նույնական են: 

Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին 1-ին որոշումը փետրվարի 15-ին բողոքարկվել է՝ համապատասխան ապացույցների ներկայացմամբ: Նաև նշվել է, որ դրանք հեռացնելու կարիք չկա, քանի որ նույն տեղեկությունները հասանելի են դատարանների «դատալեքս» պաշտոնական կայքում ու նաև համացանցում: Սակայն հենց նույն օրը՝ դատական գործերի մասին «դատալեքս»- ի տեղեկությունները դարձել է անհասանելի, իսկ դրա փոխարեն հայտնվել է հետևյալ տեղեկատվությունը.    

15 փետրվարի 2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի օգտատերեր, տեղեկացնում ենք, որ պայմանավորված տեխնիկական վերազինման աշխատանքներով` Datalex.am դատական տեղեկատվական համակարգը 15.02.2019-18.02.2019թ. կգործի խափանումներով:

Հայցում ենք ձեր ներողամտությունը:

Նկատենք, որ մինչ օրս՝ փետրվարի 25-ը, կայքի տեղեկատվությունը դեռ անհասանելի է: 

Բացի այդ, դատարանը հայցի ապահովման միջոց կիրառելու՝ նույն որոշումն է կայացրել նաև երկրորդ հոդվածի առնչությամբ՝ հեռացնել հոդվածը կայքից: Եվ մենք չենք բացառում, որ խոսքի ազատության այսօրինակ կոպիտ խախտման մեջ կարող է լինել նաև Գագիկ Հարությունյանի ազդեցությունը, որի պարագայում մենք արդեն խիստ կասկածում ենք, որ կլինի արդար, օբյեկտիվ դատաքննություն: 

Ամեն դեպքում՝ հետևենք ընթացքին և, ի պատասխան ԶԼՄ-ների դեմ փաստաբանական տեռորի՝ ներկայացնենք հայցադիմումի պատասխանը՝ մասնակի կրճատումներով:  

                                   Հայցադիմումի պատասխան    

(պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ)

11. հունվարի 2019թ.-ին Ձեր վարույթ է ընդունվել քաղաքացիական գործը / ԵԴ/30193/02/18/՝ ըստ հայցի Լուսինե Հովսեփի Սահակյանի, Արամազդ Գեորգիի Կիվիրյանի, Արմեն Արտաշեսի Պողոսյանի, Արմինե Արտաշեսի Պողոսյանի ընդդեմ՝ «Լակմուս» իրավապաշտպան, ազգապահպան հասարակական կազմակերպության /այսուհետ՝ Կազմակերպություն/, Էլմիրա Մարտիրոսյանի, «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության, Արման Բաբաջանյանի՝ պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին և անձնական ու ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքին պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին:

Պատասխանողներ՝  Էլմիրա  Մարտիրոսյանը, «Լակմուս» Կազմակերպությունը չեն ընդունում  հայցադիմումի պահանջներն ամբողջությամբ, առարկում են հայցի փաստական հիմքերը զրպարտություն, վիրավորանք, անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտում  որակելու հիմնավորումների դեմ ամբողջությամբ...

Հայցապահանջն անհիմն է և ենթակա է մերժման:

Պնդում ենք, որ Պատասխանողներն իրացրել են ազատ արտահայտվելու իրենց իրավունքը, հանրությանը, իրավասու մարմիններին իրազեկելու իրենց պարտավորությունը՝ ի շահ խախտված իրավունքների վերականգնման:

Այսպես, խնդրո առարկան «Լակմուս» իրավապաշտպան, ազգապահպան հասարակական կազմակերպության հիմնադրած «lakmoes.am» կայքում, լրագրող Էլմիրա Մարտիրոսյանի կողմից 19.11.2018թ.-ին հրապարակված «Փաստաբանական տեռոր  սփյուռքահայ ռազմական բժշկի դեմ.  որդուն կխլե՞ն»  վերտառությամբ հոդվածն է /այսուհետ՝ Հոդված/, որը տպագրվել է նաև «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի հիմնադրած «1in.am» կայքում:

 

Պատասխանողների դիրքորոշումը. իրավական հիմքերը, հիմնավորումները

Պատասխանողները չեն ընդունում  Հայցվոր կողմի պահանջը, առարկում են ամբողջությամբ՝ հետևյալ հիմքերով և հիմնավորումներով:  Հայցվորների պնդումները, թե Հոդվածում տեղ գտած որոշ տեղեկություններ զրպարտանք են, վիրավորանք կամ՝ երկուսը միասին, հիմնազուրկ են, առնվազն՝ տարօրինակ կամ մանիպուլյատիվ, քանի որ Հոդվածում նշված տեղեկությունները մինչդատական,  դատական վարույթներից մեջբերված, վերարտադրված տեղեկություններ են /այդ թվում՝ ստույգ փաստերից՝  անկախ նրանից, թե որքանով են դրանք կողմերի համար ընդունելի/, անձանց ցուցմունքներ, հայտարարություններ կամ դրանց վրա հիմնված գնահատողական դատողություններ:

Այսպես.

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:

Ըստ նույն հոդվածի 2-րդ մասի՝ մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր ենհոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին: 
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարվել միայն օրենքով, դատարանի որոշմամբ` երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով:

ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝  Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան: 
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով: 

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը սահմանում է՝ յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ, գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից...

 

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե՝

1)      դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմիցքննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ներկայացված ապացույցներում.

2)      դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ՝ պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները.

3)      Այն բխում է զրպարտության ենթարկված անձիկամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանից ելնող փաստաթղթից:

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի  կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին /հեղինակին/:

Եթե այս ամենը կարճ ձևակերպենք, ապա կստացվի՝ անձը ենթակա չէ պատասխանատվության, եթե տարածված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, նույնիսկ եթե դրանք արատավորում են մարդու պատիվն ու արժանապատվությունը: Անձն ազատվում է պատասխանատվությունից նաև այն դեպքում, եթե տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, բայց նաև արատավորող չեն:

Հետևաբար կարևոր է նաև պարզել, թե արդյո՞ք տարածված տեղեկությունները հասարակության մեջ ընկալվում են որպես արատավորող, դատապարտելի: Դատարանը, ելնելով ձևավորված բարոյական նորմերից, հասարակական ընկալումից և պատկերացումներից, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշում է տարածված փաստական տվյալների արատավորող բնույթը:

 

Պատասխանողների առարկությունները, հիմնավորող փաստերը՝ զրպարտության մասով

 

Գտնում ենք, որ հայցապահանջում ներկայացված խնդրո առարկա արտահայտությունների հետ կապված թյուրըմբռնում է եղել կամ խեղաթյուրում: Հավանական է երկրորդ տարբերակը, քանի որ Հայցվորները տիրապետում են Աշլի Մինասի գործերի հետ կապված ամբողջ տեղեկատվությանը, փաստական հիմքերին, որոնց պարագայում փաստերը հերքելը և զրպարտություն որակելը անիմաստ զբաղմունք է: 

Միաժամանակ գտնում ենք, որ որոշ փաստական հիմքեր հստակեցնելու անհրաժեշտություն կա, որից հետո հնարավոր կլինի ամբողջական ապացույցներով, փաստերով հիմնավորել առարկությունները և հայցապահանջի անհիմն լինելը:   

Այդուհանդերձ, հարկ ենք համարում առարկությունները փաստող որոշ հիմնավորումներ ներկայացնել այնքանով, որքանով դա թույլ է տալիս հայցապահանջի՝ քիչ թե շատ հստակությունը:

Այսպես...

Արմինե Պողոսյանի մասով. զրպարտություն չի կարող համարվել

1.      «Սփյուռքահայ ռազմական բժիշկ Աշլի Վանիկ Մինասը հայրենքում ունեզրկվելուց հետո կարող է զրկվել նաև հարազատ երեխայից, ում խաղալիք են դարձրել նրա հետ կենսաբանական կապ չունեցող անձինք՝ ամսական 300,000 դրամ ալիմենտ ստանալու ակնկալիքով»:

Նշյալ տեղեկությունները չեն կարող համարվել զրպարտություն, քանի որ  Աշլի Վանիկ Մինասի ունեզրկման փաստը հիմնավորված է մի շարք դատական ակտերով/հիմք՝ թիվ ԵԱՆԴ/0208/03/08 քաղաքացիական գործ, ԵԱՆԴ/1890/02/13 քաղաքացիական գործով 29.03.2016թ. վճիռ/, հարազատ երեխայից զրկվելու վտանգը ևս պաշտոնական փաստաթղթային հիմքեր ունի:  Առկա է նաև հայցադիմում՝ 300.000 դրամ ալիմենտի պահանջի վերաբերյալ:

Ուստի, վերոնշյալ դատական գործերի ստույգ փաստերի վրա հիմնված հայտարարությունը չի կարող համարվել զրպարտություն /նաև այլ հիմքով/:

2.      «Ամուսնական համատեղ կյանքի 5 տարիների ընթացքում Արմինեն նախ ձեռք է գցել Աշլի Մինասի առաջին կնոջ՝  օտարազգի Ֆլորա Մինասի հետ համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը՝ բժշկական կենտրոնի մի մասը:»/հիմք՝ թիվ ԵԱՆԴ/0208/03/08 քաղաքացիական գործ և թիվ ԵԱՆԴ/1890/02/13 քաղաքացիական գործով 29.03.2016թ. վճիռ/:

Այս երկու դատական ակտերի կայացման արդյունքում Արմինե Պողոսյանը դարձել է համասեփականատեր մի բժշկական կենտրոնի, որը ստեղծել է Աշլի Մինասը իր նախկին կնոջ՝ Նիգերիացի Ֆլորա Մինասի հետ. Այսինքն՝ մինչև 2008 թվականը, երբ Աշլի Մինասը նույնիսկ երազում չէր տեսել Արմինե Պողոսյանին, բայց հետո «վճռով» դա «ձևակերպվել է» որպես վերջինիս հետ համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք:

Թիվ ԵԱՆԴ/0208/03/08 քաղաքացիական գործով կայացված վճիռը եղել է ըստ հայցի Աշլի Մինասի՝  երրորդ անձ` Աննա Ղազարյանի, «Մինասյան Բժշկական Կենտրոն» ՍՊԸ-ի, «Մինասյան» առողջապահական բարեգործական հիմնադրամի` ամուսնության ընթացքում ձեռք բերված «Մինասյան Բժշկական Կենտրոն» ՍՊԸ-ի շարժական և անշարժ գույքի 1/2 բաժնեմասի նկատմամբ Աշլի Մինասի սեփականության իրավունքը ճանաչելու, շարժական և անշարժ գույքի 1/2 բաժնեմասն առանձնացնելու, 1/2 մասով «Մինասյան Բժշկական Կենտրոն» ՍՊԸ-ի և Աննա Ղազարյանի միջև 07.05.2008թ. կնքված անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը և դրա հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից կատարված իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի 1/2 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին և Ֆլորա Մինասի հակընդդեմ հայցը ընդդեմ Աշլի Մինասի` ալիմենտ վճարելու պահանջների մասին: 

Իսկթիվ ԵԱՆԴ/1890/02/13 քաղաքացիական գործը եղել է Ըստ հայցի Արմինե  Պողոսյանի ընդդեմ Աշլի Մինասի, երրորդ անձ` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Երևանի տարածքային ստորաբաժանման` Երևան քաղաքի Մոլդովական 43/4 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 1/2 բաժնի չափով Արմինե Պողոսյանի սեփականության իրավունքը ճանաչելու և որպես հետևանք մասնակի` 1/2 բաժնի չափով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 21.10.2013թ. Աշլի Վանիկ Մինասի անվամբ Երևան քաղաքի Մոլդովական 43/4 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կատարված իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Հայցվորի ներկայացուցիչը կրկին եղել է Արամազդ Կիվիրյանը:

Այսինքն այդ տեղեկությունը կրկին անգամ ապացուցելու կարիք չկա:

3.      «Այժմ դատավոր Զարուհի Նախշքարյանը պետք է որոշի 5-ամյա Հայկ Աշլի Մինասի ճակատագիրը՝ նրան հանձնել կեղծված փաստաթղթերով մայր գրանցված Արմինե Պողոսյանի՞ն, թե՞ հարազատ հորը՝ Աշլիին»:

Այստեղ ևս չկա ապացուցման խնդիր. Կա դատական հայց, ընթացքի մեջ գտնվող քրեական գործ՝ երեխայի ծննդյան փաստաթղթերի կեղծման հանգամանքները պարզելու վերաբերյալ, և որոշում՝ կեղծ տվյալներ հայտնած մեղադրված անձի մասին:  

4.      «Արմինե Պողոսյանի մոտ մնալու դեպքում իր երեխայի կյանքին կարող է վտանգ սպառնալ: Ռազմական բժշկի բացատրությունը շատ պարզ է. այն կինը, որը հարազատների հետ, մերձավորների օգնությամբ «յուրացրել է» իր 600.000 դոլարը, խլել մեքենաները, նույնիսկ առաջին կնոջ հետ համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը...»/թիվ ԵԱՆԴ/0208/03/08 քաղ. գործով Արամազդ Կիվիրյանը հանդիսացել է Աշլի Վանիկ Մինասի ներկայացուցիչը, իսկ թիվ ԵԱՆԴ/1890/02/13 քաղ. գործով՝  Արմինե Պողոսյանի ներկայացուցիչը, որպես պատասխանող հանդես է եկել Աշլի Մինասը, տես՝ թիվ 14814213 քրեական գործով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արաբկիր քննչական բաժնի կողմից 2014թ կայացված որոշում, Աշլիի նամակը,:

 

Մեջբերված հատվածի սկիզբն ու վերջը «սափրելով» հայցվորները խեղաթյուրել են բովանդակությունը՝փորձելով այն տեղավորել զրպարտության հոդվածի շրջանակներում. Խոսքը նախադասության սկզբնամասից հեռացված հատվածի՝ Աշլիի այն մտահոգության մասին է, որ իր նախկին կնոջ մոտ մնալու դեպքում, երեխայի կյանքին կարող է վտանգ սպառնալ: Իսկ անձի մտահոգությունը չի կարող զրպարտություն համարվել՝ մանավանդ, որ այն դատարանին է ներկայացվել հենց Աշլի Մինասի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի  միջոցով, նաև իրավապաշտպան կազմակերպությանը դիմելու տարբերակով:  Ներկայացված հատվածի վերջից հեռացվել, առանձնացվել է տուժածին մտահոգող բնական հարցը՝ իր հետ այդպես վարվող կինը «ի՞նչ դաստիարակություն պետք է տա իր երեխային...», ևներկայացվել որպես վիրավորանք:

Այսինքն սա ևս զրպարտության արհեստական հիմք է, քանի որ տեղեկությունները բխում են համապատասխան փաստաթղթերում տեղ գտած փաստերի եզրահանգումից, անիրական չեն, հետևաբար նաև արատավորող չեն:    

5.      «Ներկայացված հայցից ակնհայտ է, որ Արմինե Պողոսյանը չունի երեխային իր մոտ պահելու որևէ իրավական և օրինական հիմք: Ընդհակառակը՝ առկա են հանցագործության առերևույթ հատկանիշներ: » 

Մինչդատական վարույթի նյութերից, պաշտոնական փաստաթղթերում տեղ գտած փաստերից բխող եզրահանգումներ են, ունեն իրական հիմք և չեն կարող համարվել զրպարտություն: 

6.      «Փորձաքննությանը մասնակից են դարձվել միայն Արմինեն ու անօգնական Հայկը» /հիմք՝ մեջբերում երեխայի վարույթի փորձաքննությունից/:  

7.      «Պատասխանող կողմը մշտապես խոչընդոտել է Աշլի Մինասին ու նրա դստերը /առաջին կնոջից/՝շփվել երեխայի հետ, և խափանել նրանց միջև կապի ամրապնդումը:»/վերաքննիչ դատարանի դատավոր Ա. Խառատյանի որոշումից/:

8.      «2013թ. թվականի հոկտեմբեր ամսից հայցվորին չի հաջողվում անգամ տեսակցել իր երեխային, իմանալ նրա գտնվելու վայրը կամ պատասխանողի հետ գալ համաձայնության հոժարակամ վերադարձնելու երեխային: Ստացվում է, որ հիվանդանոցի կողմից տրված կեղծ տեղեկանքով պատասխանողին հաջողվել է որպես մայր գրանցվել երեխայի ծննդյան վկայականում որպես ծնող, և իր մոտ պահել իրականում իր հետ որևէ կապ չունեցող երեխային: 2015թ.-ից հայցվորը գրավոր առաջարկ է ներկայացրել Արմինե Պողոսյանին՝ երեխային վերադարձնել իրեն, սակայն մնացել է անպատասխան: 2016թ.-ին Աշլի Մինասը վերադարձել է Հայաստան և փորձել է տեսակցել իր երեխային, որին Ա. Պողոսյանը կրկին խոչընդոտել է: Դիմումներում փաստարկել է, որ իր և Պողոսյանների միջև հարաբերությունը ղշնամական է և իր երեխայի կյանքին վտանգ է սպառնում Դատարանի կողմից դրսևորված ցանկացած հապաղման դեպքում: Եվ արդեն մեկ տարի ընթանում է դատաքննություն, խախտվել են քննության ողջամիտ ժամկետները, Դատարանի տրամաբանությամբ, այդ ժամկետը գործում է մանկահասակ երեխայի և Արմինե Պողոսյանի կապի ամրապնդման և թուլացնում սեփական երեխային պահանջելու Աշլի Մինասի դիրքերը և պահանջի արդարացիությունը:»/մեջբերում ԵԱՔԴ/3296/02/16/ քաղաքացիական գործով  Խառատյանի որոշումից- դատալեքս/:

9.      «Ա. Պողոսյանի կողմից ուժով և համառությամբ մանկահասակ երեխային, վերջինիս անօգնական վիճակից ելնելով՝ ապօրինի պահելու, իրական ծնողին չվերադարձնելու և Հայկ Մինասի հետ համատեղ կենցաղ վարելու վաղեմության հանգամանքի հետ:» /թերի մեջբերում Խառատյանի որոշում/:

 Այսինքն Հոդվածում նշված տեղեկությունները պաշտոնական փաստաթղթերում տեղ գտած տվյալների բարեխիղճ վերաշարադրանքն են, որոնք հայցվորների ներկայացուցիչը խեղաթյուրել է՝ կտրելով նախադասությունից կամ համատեքստից, ոչ իրավական տերմիններին տվել է քրեաիրավական բնույթ՝ Պատասխանողներին վերագրելով մի արարք, ինչը չի արվել: Խոսքը  «Արմինե Պողոսյանը մեղադրվում է...», /մյուսները՝ ևս/ արտահայտության մասին է: 

 

Առարկությունները՝ Արմեն Պողոսյանի մասով

Արմեն Պողոսյանին վերաբերում է վերը նշված փաստական հիմքերից 1-ինը, 4-րդը, որոնց կրկին անդրադառնալու կարիք չկա, ինչպես նաև 2-րդի շարունակությունը. «Ամուսնական համատեղ կյանքի 5 տարիների ընթացքում Արմինեն նախ ձեռք է գցել Աշլի Մինասի առաջին կնոջ՝  օտարազգի Ֆլորա Մինասի հետ համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը՝ բժշկական կենտրոնի մի մասը, իսկ աներոջ ձագը՝ տուն գնելու նպատակով Հայաստան ուղարկած 600.000 դոլարը»:

Այսինքն կրկին առկա են մինչդատական վարույթի պաշտոնական փաստաթղթերից բխող փաստական տվյալներ, ուստի դրանք զրպարտություն որակելն անհիմն է:

Առարկությունները՝ Արամազդ Կիվիրյանի մասով

Արամազդ Կիվիրյանին վերաբերում է արդեն ներկայացված փաստական տվյալներից 1-ինը, 4-րդը, որոնց կրկին չենք անդրադառնա, ինչպես նաև հետևյալ հատվածները.

10.  «Փաստաբան Լուսինե Սահակյանը ՝ ամուսնու եղբայր Արամազդ Կիվիրյանի և դատավոր Զարուհի Նախշքարյանի հետ միասին կարող է երեխայի «օրինական առևանգման» նախադեպ ստեղծել»:...

Նշված գործից ակնհայտ է, որ Աշլի Մինասը դիմել է դատարան՝ անօրինական կերպով Արմինե Պողոսյանի մոտ պահվող իր երեխային դատարանի միջոցով վերադարձնելու նպատակով: Ստույգ փաստ է, որ դատավորը Զարուհի Նախշքարյանն է: Ստույգ փաստ է նաև, որ Լուսինե Սահակյանի ազգականուհի Արմինե Պողոսյանի շահերը դատարանում մինչ օրս ներկայացնում է Արամազդ Կիվիրյանը: Վերջինս միջնորդություն է ներկայացրել դատավորին Աշլիի երեխային դատահոգեբանական փորձաքննության ենթարկելու մասին, ինչը բավարարվել է: Բայց եթե ծննդյան վկայականի հիմքերը կեղծ են, և այդ կեղծիքի հիման վրա մայր գրանցված անձի միջնորդությունը բավարարում է, դա ի՞նչ է, եթե ոչ երեխայի «օրինական առևանգում» /թեև ավելի ուշ կայացրած վճռով դատավորը «օրինական է» համարել Արմինեի՝ Աշլիի երեխային իր մոտ պահելու քայլը/:   

Սա ստույգ փաստերից, պաշտոնական փաստաթղթից  բխող եզրահանգում է, անհիմն չէ, զրպարտություն չէ:    

11.  «Փաստաբանական այս դուետը 10 տարի շարունակ դատանյութական, բարոյահոգեբանական տեռորի է ենթարկել Աշլի Մինասին

Վերջին 10 տարում Աշլի Մինասը դատարաններում ունեցել է 10 և ավելի դատական գործեր՝ փաստաբաններ Արամազդ Կիվիրյանի մասնակցությամբ և Լուսինե Սահակյանի ակտիվ աջակցությամբ, որոնց ականատեսը նաև Աշլի Մինասի ներկայացուցիչն է: Կան նաև քրեական գործեր, որոնց քննությունը անընդհատ ու դեռ դիմադրության է հանդիպում /ցանկը կցված է/:

Այս ամենը հիմք է տալիս Պատասխանողներին՝ գնահատողական դատողություն անելու. Այո, սա փաստաբանական տեռոր է: Եվ այն ոչ մի կերպ չի կարող համարվել զրպարտություն:   

12.  «Արամազդ Կիվիրյանն էլ հապշտապ ստանձնել է Աշլիի՝ առաջին կնոջից բաժանվելու դատական «պաշտպանությունը»»:

Թիվ ԵԱՆԴ/0208/03/08 քաղաքացիական գործով Արամազդ Կիվիրյանը հանդիսացել է Աշլի Մինասի ներկայացուցիչը՝ նախկին կնոջից Ֆլորա Մինասից բաժանվելիս: Հապշտապ է ստանձնել «պաշտպանությունը», թե ոչ, զրպարտություն համարվել չի կարող, քանի որ սույն վեճի առումով դա չունի էական նշանակություն: Այդուհանդերձ խոսքն այն մասին է, որ Արամազդ Կիվիրյանը ստանձնել է Աշլիի շահերի պաշտպանությունը փաստաբանական արտոնագիր ստանալուց կարճ ժամանակ անց:

Ընդ որում, Աշլի Մինասն ու Ֆլորա Մինասն ամուսնացել էին Նիգերիայում և առանց Մինասների ամուսնալուծության մասին վկայական ունենալու և առանց ԶԱԳՍ-ի մարմիններում ամուսնալուծությունը գրանցելու, Երևան քաղաքի Արաբկիր համայնքի ԶԱԳՍ-ում գրանցվել է Լուսինե Սահակյանի մորաքրոջ աղջկա և Աշլի Մինասի ամուսնությունը: Ստացվում է, որ Նիգերիայում գրանցված ամուսնական զույգին ամուսնալուծել է Հայաստանի դատարանը: Այդ ժամանակ սույն գործով Աշլի Մինասի շահերը ներկայացրել է Լուսինե Սահակյանի տեգրը` Արամազդ Կիվիրյանը:

Զրպարտության բաղադրիչները կրկին բացակայում են: 

13.   «Այժմ էլ Արմինեի մերձավոր փաստաբանները կենտրոնացել են  մանկահասակ Հայկին հարազատ հորից խլելու գործի վրա: »

Զարուհի Նախշքարյանի վճիռը /երեխային հորը չվերադարձնելու մասին/ հաստատեց պատասխանողների մտավախությունը. գնահատողական դատողություն՝ հիմնված փաստերի վրա/:

14.  «Եվ ահա Արմինե Պողոսյանի շահերը դատարանում առաջ «բռթող» փաստաբանները ստեղծել են մի արհեստական հիմք՝ ժամանակ ձգելու և իրենց համախոհ դատավոր Զարուհի Նախշքարյանի գործը հեշտացնելու համար»:

Սա կարծիք է՝ հիմնված Աշլի Մինասի երեխայի գործով առկա իրական հանգամանքների վրա, և Պատասխանող կողմը չունի այն ապացուցելու պարտավորություն:

Այսինքն բացակայում է զրպարտության բաղադրիչը նաև Արամազդ Կիվիրյանի մասով, քանի որ փաստերը համապատասխանում են իրականությանը, բխում են դատական ակտերում տեղ գտած փաստական տվյալներից՝ անկախ նրանից, թե որքանով են դրանք ընդունելի սույն գործով  Պատասխանողների կողմից:

 

Առարկությունները՝ Լուսինե Սահակյանի մասով.

Լուսինե Սահակյանին վերաբերում է արդեն ներկայացված փաստական հիմքերից 1-ինը, 4-րդը, 10-րդը, 11-րդը, 13-րդը, 14-րդը, որոնց կրկին չենք անդրադառնա՝ չկրկնվելու համար: Պարզապես արձանագրենք, որ դրանց փաստական հիմքերը ևս չեն համապատասխանում զրպարտություն որակելու ընդունված չափանիշներին:

Այն է՝ Լուսինե Սահակյանի վերաբերյալ տեղեկությունները համապատասխանել են իրականությանը կամ ձեռք են բերվել պաշտոնական փաստաթղթերից՝ դատական և մինչդատական վարույթի նյութերից, կամ հիմնվել են դրանց վրա,  որտեղ նաև Հայցվորներից ոմանց հայտարարություններն են, և որոշ դեպքերում օգնում են ամբողջացնել ներքին համոզմունքը՝ գնահատողական դատողություն անելուց առաջ: Հետևաբար, Հոդվածում հրապարակված տեղեկությունները չէին կարող արատավորել Հայցվորների պատիվը, արժանապատվությունը, իսկ փաստաբանների մասով՝ գործարար համբավը,  համարվել զրպարտություն, վերջում էլ բարոյական վնաս հասցնել նրանց: 

Ուստի պատահական չէ, որ Հայցվորները զրպարտանքի պատրանք ստեղծելու համար Հոդվածի հեղինակին վերագրել են քրեաիրավական եզրույթ՝ «մեղադրվում է» Արմինե Պողոսյանը և մյուսները՝ ... «խլելու», «խաղալիք դարձնելու», «ձեռք գցելու» մեջ, և դա այն դեպքում, երբ այդ արտահայտությունները իրավական տերմիններ չեն, և մարդը չի կարող «մեղադրվել» նման արարքներ կատարելու մեջ:

Գտնում ենք, որ սա մանիպուլյացիա է, փաստերի խեղաթյուրում, որոշ դեպքերում՝ պարզապես ակնհայտ կամ ստույգ փաստերի ժխտում: 

Զավեշտալի է, որ Հայցվորները «տեղավորվել են» 300.000 դրամ ալիմենտ ստանալու ակնկալիք ունեցողների մեջ և դա համարել իրենց հասցեին արված զրպարտություն. ալիմենտ բառը հուշում է, որ նման պահանջ կամ ակնկալիք կարող է ունենալ ամուսնալուծված ամուսինը, մինչդեռ Հայցվորներից Արմեն Պողոսյանը, Արամազդ Կիվիրյանը, Լուսինե Սահակյանը չեն հանդիսացել Աշլի Մինասի հետ ամուսնական կապի մեջ գտնված անձ: Բայց եթե հոժար կամքով «տեղավորվել են» ալիմենտի ակնկալիք ունեցողների ցանկում, մեզ մնում է միայն շնորհակալություն հայտնել նրանց՝ «խոստովանության» համար, որ նույնիսկ փոքրիկ գումարը «աչքաթող» չեն արել:

Միաժամանակ զարմանալի է, որ վերը նշված պաշտոնական փաստաթղթերի հատորյակներ ունեցող Հայցվորների համար դեռ անհասականալի է, թե ի՞նչ ապացույցների հիման վրա են տարածվել տեղեկությունները:

Պատասխանողների առարկությունները՝  վիրավորանքի մասով

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 2-րդ մասը սահմանում է Վիրավորանք հասկացությունը. "Վիրավորանքըխոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է":

...Նույն հոդվածի 2-րդ մասում նշվում է, որ. "... հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա(բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով":

Այսինքն, եթե հրապարակվածը թեև արատավորում է պատիվն ու արժանապատվությունը, սակայն համապատասխանում է իրականությանը, ինչպես նաև եթե հրապարակվածը պայմանավորված է հանրային գերակա շահով, վիրավորանք հրապարակած անձն ազատվում է պատասխանատվությունից:

Քանի որ արտահայտության արատավորող լինելու փաստի ապացուցման դատավարական բեռը կրում է հայցվորը, նախ փորձենք պարզել՝ արդյո՞ք տեղեկությունը /օբյեկտիվորեն/ արատավորող է, թե՞ որպես այդպիսին է ընկալում հայցվորը:

Արմինե Պողոսյանը վիրավորվել է.

1.    Երեխային խաղալիք են դարձրել:

2.      Աշլի Մինասի բախտը չի բերել, երբ 2008թ. –ին հապշտապ ամուսնացել է Լուսինե Սահակյանի մորաքրոջ դստեր՝ Արմինե Պողոսյանի հետ:

3.    Արմինե Պողոսյանը ի՞նչ դաստիարակություն պետք է տա իր երեխային:

4.      Փորձաքննությանը մասնակից են դարձվել միայն Արմինեն ու անօգնական Հայկը: /մեջբերում՝ փորձաքննություն նշանակելու Դատարանի 11.05.2015 թվականի որոշումից/

5.      Պատասխանող կողմը  իրեն  բնորոշ  ձեռագրով:

6.      Ծնողի և օտար մարդու միջև:

Ի սկզբանե արձանագրենք, որ ներկայացված ցանկում չկա գեթ մեկ բառ, որը բացատրական բառարաններում ներկայացված լինի որպես վիրավորական բառ: Այսինքն գործ ունենք հայցվորի սուբյեկտիվ ընկալման հետ, ինչը պետք է հստակեցնել դատարանում:

Ցանկի առաջին կետում նշված արտահայտության գոյությունը և' «զրպարտության», և' «վիրավորանքի» ցանկում, խոսում է այն մասին, որ հայցվորը չի կողմնորոշվել՝ ինքը «զրպարտվե՞լ է», թե՞ «վիրավորվել»:   

«Խաղալիք դարձնելը» չի կարող հասկացվել ուղղակի իմաստով, հետևապես չի կարող համարվել զրպարտություն, իսկ եթե կողմը դա ընդունել է որպես վիրավորանք, ապա պետք է հստակեցնի, թե այդ ապացուցման ոչ ենթակա գնահատողական դատողության մեջ կոնկրետ  ինչն է նրան վիրավորել, քանի որ չկա վիրավորանքի ցանկ և դրա բեռը կրում է հայցվոր կողմը:  Ամեն դեպքում՝ գնահատողական դատողությունը ենթակա չէ ապացուցման, և Պատասխանող կողմը ազատվում է պատասխանատվությունից: 

Աշլիի բախտը չբերելու հանգամանքը ևս գնահատողական դատողություն է, ինչի վկայությունը 10 տարվա տարաբնույթ բազմաթիվ վեճերն են դատարաններում, ներկայում առկա ոչ բարյացակամ հարաբերությունները նախկին ամուսինների միջև: 

Երրորդ կետի մասով՝ ընդամենը մեկ ռեպլիկ. հարցնում ենք՝ հռետորական հարց տալ կարելի ՞ է՝ Արմինե Պողոսյանը ի՞նչ դաստիարակություն պետք է տա իր երեխային:

4 րդ կետում նշվածը հատված է Զարուհի Նախշքարյանի՝ փորձաքննություն նշանակելու միջնորդությունից. Այդ փաստական հիմքի մասով նա է իրական հասցեատերը՝ որպես պատասխանող, եթե այդտեղ վիրավորանք կա: 

Մնացած երկու արտահայտության մասով ասելիք էլ չկա. Ուղղակի հարց կա՝ քեզ բնորոշ ձեռագիրը վիրավորակա՞ն է...,  

Արմեն Պողոսյանի մասով 

 «Երեխային խաղալիք դարձնելու» արտահայտությանը կրկին անդրադառնալու կարիք չկա:  Ինչ վերաբերում է «աներոջ ձագ» արտահայտությանը և այն որպես վիրավորանք  մեկնաբանելուն, թե «աներոջ ձագ բառը Արմեն Պողոսյանի նկատմամբ օգտագործվել է հայհոյանքի կամ կենդանու հետ համեմատելու իմաստով, ինչը արատավորել է Արմեն Պողոսյանի հեղինակությունը», ապա դա առնվազն զավեշտալի է:

Աներձագ արտահայտությունը հանրության մեջ ընդունված և հաճախակի գործածվող արտահայտություն է: Ես չեմ տեսել որևէ դեպք /կամ լսել /, երբ օրինակ փեսան իր շրջապատում ներկայացնի աներձագին, դա ընկալվի որպես հայհոյանք, կենդանու հետ համեմատելու փորձ ու վեճ առաջանա:

Ամեն դեպքում Պատասխանողները Արմեն Պողոսյանին ներկայացրել են որպես աներձագ, իսկ թե նա ինչ է պատկերացրել կամ ինչ կարող էր պատկերացնել դրա տակ, դա իր երևակայության տիրույթում է, մեր ուժերից վեր՝ անկանխատեսելիության առումով:

Գտնում ենք, այն չի կարող համարվել վիրավորանք, քանի որ Հոդվածի հեղինակի նպատակը եղել է ոչ թե նրան նսեմացնելը, հայհոյելը,  այլ Աշլիի ուղարկած գումարը՝ աներձագի կողմից ստացված լինելու և նրանց փոխկապակցվածության փաստն արձանագրելը:   

Առարկությունները՝ Արամազդ Կիվիրյանի և Լուսինե Սահակյանի մասով 

Արամազդ Կիվիրյանի և Լուսինե Սահակյանի մասով ևս վիրավորական արտահայտությունները հստակեցնելու անհրաժեշտություն կա:

Այնուամենայնիվ, քիչ թե շատ հասկանալի երկու արտահայտությունների մասով մեր նկատառումները ներկայացնենք.

«Արմինե Պողոսյանի շահերը դատարանում առաջ «բռթող» փաստաբաններ». Սա չի կարող վիրավորական լինել, քանի որ առաջ «բռթել» նշանակում է վստահորդի շահը առաջ մղել, ինչը փաստաբանի դեպքում օրենքով թույլատրված և կարգավիճակից բխող գործառույթ է:

«Ռուբիկ Սահակյանի փաստաբանաշինական դպրոցը՝ ի դեմս վերոնշյալ եռյակի, քանդում է ընտանիքի և պետության հիմքերը»արտահայությունը կարծիք է, գնահատողական դատողություն, ենթակա չէ ապացուցման: Եվ զարմանալի է, որ «վիրավորված» հայցվորները փաստաբանական հարուստ փորձ ունեցող Ռուբիկ Սահակյանի անունը փոխարինել են «ինչ-որ» արտահայտությամբ:    

«Աղմկահարույց  գործերով իրեն գովազդող, լրագրողներին դատի տվող և գործարար համբավը դատարաններում «թափռտող» փաստաբան Լուսինե Սահակյանը» :

Սա ևս գնահատողական դատողություն է. հայցվորը միշտ մասնակցում է աղմկահարույց գործերով, հաճախ հարցազրույց է տալիս, մեր գնահատմամբ՝  գովազդում է իրեն, լրատվամիջոցներին «դատի է տալիս», այս պահի դրությամբ 8 հայց ունի ԶԼՄ-ների, լրագրողների դեմ, սակայն հաճախ չի բարեհաճում գալ դատարան:  Ահա դրանցից 4-ը /Գործի համար: ԵԴ/30193/02/18,  Գործի համար: ԵԴ/0597/02/19, ԵՄԴ/2248/02/17, գործ թիվ ԵԿԴ/0214/02/17  /: 

Ի վերջո՝ «վիրավորանքի» կամ «զրպարտության» առկայությունը կամ բացակայությունը հասկանալու համար, դատական վեճի առարկան պետք է դիտարկել նաև միջազգային իրավունքի  լույսի ներքո:

"Երուսաղեմն ընդդեմ Ավստրիայի" գործով/2001 թ./ՄԻԵ դատարանը որոշել է, որ գնահատող դատողությունների հավաստիությունն ապացուցելու պահանջն անհնար է կատարել և, որ այն ոտնահարում է կարծիք արտահայտելու ազատությունը` Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը: Սակայն մյուս կողմից գնահատող դատողությունը պետք է համոզիչ և փաստացի հիմքեր ունենա: Դատարանը նշել է, որ եթե փաստերի հավաստիությունը կարող է ապացուցվել, ապա գնահատող դատողությունների ճշմարտացիությունն անապացուցելի է, ուստի լրագրողը պետք է ազատվի "անապացուցելին" ապացուցելու պարտականությունից:

Առարկությունները՝ Արմինե Պողոսյանի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտման մասով

Հոդվածում տպագրված տեղեկությունները չեն խախտում Արմինե Պողոսյանի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը՝ հետևյալ հիմքերով, հիմնավորումներով:

Նախ, այդ իրավունքը չի ենթադրում բացարձակ անձեռնմխելիություն և կարող է սահմանափակվել ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով. «Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվելմիայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամայլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»

Դատարան ներկայացված պաշտոնական փաստաթղթերից, ապացույցներից դժվար չէ կռահել, որ իրավունքի սահմանափակման բազմաթիվ հիմքեր կան, այլոց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու անհրաժեշտություն ...՝ նաև ՀՀ Սահմանադրության 36-րդ /ծնողների իրավունք/ և 37-րդ /երեխայի իրավունքներ/ հոդվածների իմաստով:

Այս իրավական հիմքերին ավելացնենք նաև Աշլի Մինասի դիմում-խնդրանքը՝ ուղղված «Լակմուս» իրավապաշտպան կազմակերպությանը և լրագրող Էլմիրա Մարտիրոսյանին՝ օգնել իր և իր երեխայի խախտված իրավունքների վերականգնմանը  /գործում առկա է Աշլի Մինասի դիմումը կազմակերպությանը/, քանի որ իրեն զրկել են ունեցվածքից և նույնիսկ իր երեխային տեսնելու, ճանաչելու հնարավորությունից, ում կյանքի համար հայրը մտավախություններ ունի:

Այս հանգամանքների լույսի ներքո արձանագրենք հետևյալը.Արմինե Պողոսյանը չունի կենսաբանական որևէ կապ երեխայի հետ, չունի որդեգրման հիմք, չունի օրենքով նախատեսված՝ Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց և փոխնակ մոր փոխհարաբերությունները կարգավորող գրավոր պայմանագիր՝ նոտարական վավերացմամբ, հետևաբար չունի նաև երեխային իր մոտ պահելու իրավունք, բայց կեղծ տվյալների հիման վրա /հիմքը կներկայացվի համապատասխան փուլում/, ծննդյան վկայականում գրանցվել է որպես մայր, և հայցվորների ներկայացուցչի կողմից ներկայացվում է որպես Արմինե Պողոսյանի երեխա:

Այլ կերպ ասած՝ երեխայի շահերի իրական իրավատերը ոչ թե Արմինե Պողոսյանն է, այլ հայրը՝ Աշլի Մինասը. այս իրավիճակում միայն նա իրավունք ունի՝ որոշելու, լրատվամիջոցը անդրադառնա՞ իր երեխայի ճակատագրին, ում կյանքի համար նա վտանգ է զգում, թե ոչ:Կամ այս իրավիճակում՝ ինչպե՞ս «կտրենք», առանձնացնենք Արմինե Պողոսյանի անձնական կյանքը՝ «չներխուժելու» համար, երբ մեզնից առաջ  իրավապահներն են «ներխուժել» /համապատասխան հիմքեր տեսնելուց հետո/, իսկ Աշլի Մինասի և նրանից խլված երեխայի կյանքի ամեն դրվագի մեջ Արմինե Պողոսյանի անունն է:  

Եվ այս պարագայում «թաքնվել» ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի /Ընտանիքի պաշտպանությունը/, «բժշկական գաղտնիքների» տակ, մեր գնահատմամբ, անիմաստ է, որոնց նույնիսկ չարժե անդրադառնալ գոնե առայժմ, առավել ևս, որ «անձնական կյանք» «ընտանիք» հասկացությունների ընկալման հետ կապված Հայցվոր կողմը խնդիր ունի կարծես...կամ շատ անկեղծ է մասնավոր կյանքի գաղտնիության մեկնաբանության հարցում, երբ նշում է. «...Այն արտացոլում է ամեն մի մարդու բնական ձգտումը՝ ունենալու իր ինտիմ և գործարար հետաքրքրությունների անձնական աշխարհը, որը հեռու լինի ուրիշների միջամտությունից:»

Սրանից կարելի է երկու եզրակացություն անել. Կամ Արմինե Պողոսյանը, ինչպես ասում են՝ «սերն ու սեքսը խառնել է իրար», կամ Աշլիի հետ ինտիմ կապը իսկապես գործարք է եղել, որից հետո նախկին կնոջ մոտ հանկարծ գործարար հետաքրքրությունների ձգտում է առաջացել...

Մեկ կարևոր հանգամանք ևս. եթե Արմինե Պողոսյանը ոչ իրավաչափ է համարում լրագրողի միջամտությունը իր անձնական, ընտանեկան կյանքին, այդ դեպքում ինչպե՞ս է պատճառաբանում հոր՝ հարազատ երեխային տեսնելու, շփվելու, դաստիարակելու փորձերին խոչընդոտելը... Աշլի Մինա՞սն էլ է «ներխուժում» ընտանեկան կյանք...

Այսինքն սա իրավական, բարոյական տրամաբանության առումով բոլոր նորմերից դուրս է, և կարծես թե գործ ունենք անձնական, ընտանեկան կյանք հասկացությունների խեղված տրամաբանության հետ:

Ամփոփելով վերը  նշվածը՝ գտնում ենք, որ լրագրողի միջամտությունը հայցվորի անձնական, ընտանեկան  կյանքին՝ եղել է հիմնավորված, իրավաչափ, տարածված տեղեկությունները հրապարակման պահին առկա ստույգ փաստերի, դրանց հավաստիության և այլ հիմքերի ուժով  անհիմն չեն, արատավորող չեն և չեն կարող համարվել  զրպարտություն, վիրավորանք կամ՝ անօրինական միջամտություն անձնական, ընտանեկան կյանքին:

Ուստի, անհրաժեշտություն չկա անդրադառնալու Պատվի, արժանապատվության և գործարար համբավն «արատավորելու» և Հայցվորների վկայակոչած՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 1-ին և 1087.1-րդ հոդվածի 7-րդ մասով համապատասխանաբար նախատեսված հետևանքներին՝ նյութական կամ ոչ նյութական վնասին՝ ֆիզիկական կամ հոգեկան տառապանքին... և, որպես «հետևանք»՝ բարոյական կամ «ոչ բարոյական» վնասի հատուցմանը, քանի որ դեռ հարց է, թե ով է ում ֆիզիկական կամ հոգեկան տառապանք պատճառել, ով է ում պատվիվը, արժանապատվությունը, գործարար համբավը վիրավորել և ով ում պետք է փոխհատուցի... Այլ կերպ ասած՝ քննության առարկա դարձնելու դեպքում իրավական պահանջը պետք է դիտարկել հակառակ տեսանկյունից:

Գտնում ենք, որ Հոդվածի հրապարակումը լիովին տեղավորվում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի տրամաբանության մեջ:

Իսկ եթե Հայցվորները, այնուամենայնիվ, գտնում են, որ արատավորվել է իրենց պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը, ապա հենց իրենք են արատավորել իրենց գործողություններով կամ գործունեությամբ և այս պարագայում հենց իրենք պետք է լինեն իրական, պատշաճ Պատասխանողը:

Պնդում ենք, որ հայցն անհիմն է, ենթակա է մերժման նաև այն պատճառաբանությամբ, որ  Հայցվորների գլխավոր նպատակը Պատասխանողներին լռեցնելն է, գործունեությանը խոչընդոտելը՝ հավելյալ ծանրաբեռնվածության, նյութական բեռի տակ դնելը:

Միաժամանակ գտնում ենք, որ սույն քաղաքացիական գործը շոշափում է նաև Աշլի Մինասի շահերը, ուստի  դատարանից  խնդրում  ենք՝  նրան ևս /շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյան/ ներգրավել սույն գործով  երրորդ  անձ՝ գործը բազմակողմանի և օբյեկտիվ քննելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 42-րդ, 36-րդ, 37-րդ հոդվածներով, 31-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ- 6-րդ  մասերով, ՄԻՀԱ Եվրոպական Կոնվենցիայի 10 հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ 

                                                 Խնդրում ենք

 Հայցը  մերժել  ամբողջությամբ՝ անհիմն  լինելու  հիմքով:

 

                                                 Է. Մարտիրոսյան