запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ի՞նչ է թաքցնում ՔԿ-ը Մարտի 1-ի գործով տուժողի հոր սպանությունից

Հունիսի 12-ին, Մարտի 1-ի գործով թիվ 1 մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով սկսվող դատավարությանը պետք է ներկայանար նաև Մարտի 1-ի տուժողներից մեկը՝ հրազենային ծանր մարմնական վնասվածքներ ստացած Արթուր Ավագյանը: Սակայն նա չէր եկել դատարան, քանի որ նախօրեին սպանել էին նրա հորը՝ Սարգիս Ավագյանին:

Այդ մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել էր Արթուր Ավագյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Հարցին, թե արդյոք դա կարող է կապված լինել Մարտի 1-ի գործի հետ, Սաֆարյանն ասել էր, որ ոչինչ բացառել չի կարող։

Սակայն այստեղ լրագրողական ինչ-որ մանիպուլյացիա է կատարվել. դատելով այս զրույցից հետո համացանցը ողողած տեղեկատվությունից, կարելի է ենթադրել, որ հարց տվող լրագրողներից ինչ-որ մեկը սպանության հանգամանքների, շարժառիթի վերաբերյալ հարցը ձևակերպելիս կեղծ տեղեկություն է ներառել և հրամցրել փաստաբանին, տեղում աշխատող լրագրողներին՝ որպես պաշտոնական տեղեկատվություն. իբր տաքսու վարորդը խնդրել է չծխել, ինչից հետո երիտասարդները բավականին ագրեսիվ տոնով են արձագանքել, թե իրենց չպետք է ասեն ինչ անեն, ինչից հետո վարորդին դանակահարել են:  

Սեդա  Սաֆարյանը մեխանիկորեն պատասխանել էր այդ հարցին՝ միաժամանակ նշելով իր կասկածների մասին. «Նման անհեթեթ շարժառիթով են սպանել, շատ հանգամանքներ ինձ համար անհասկանալի են, բայց նման համընկնումներ չեն կարող լինել։ Շատ հանգամանքներ եմ կապում այս ամենի հետ, բաներ կան, որ նաև ինձ են վերաբերում, որոնք չեմ կարող հրապարակել մինչև ժամանակը չգա»։

Մինչդեռ  Ռ. Քոչարյանի դատական նիստից առաջ և հետո /որպես պարզաբանում/՝ Քննչական կոմիտեի տարածած 2 հաղորդագրությունների մեջ չկա այդ սպանության հանգամանքների, շարժառիթի վերաբերյալ որևէ տեղեկատվություն:

Ստացվում է՝ կեղծ հարցադրմամբ շոշափել կամ կորզել են Սեդա Սաֆարյանի տեսակետը նշված սպանության և Մարտի 1-ի գործի դատավարության հնարավոր կապի վերաբերյալ, միաժամանակ առիթ տալով Քննչական կոմիտեին՝ շրջանցել կասկածելին և «հերքել» Սեդա Սաֆարյանին...

Քննչական կոմիտեն նշել էր հետևյալը. «Նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված բավարար ապացույցները բացառում են, որ Սարգիս Ավագյանի սպանությունը որևէ առնչություն ունի Մարտի 1-ի գործով ընթացող դատավարության ընթացքի հետ։

Սարգիս Ավագյանի սպանության պատճառների վերաբերյալ փաստաբան Սեդա Սաֆարյանի կողմից այսօր արված հայտարարության կապակցությամբ տեղեկացնում ենք, որ այս պահին նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված բավարար ապացույցները բացառում են, որ Ավագյանի սպանությունը որևէ առնչություն ունի Մարտի 1-ի գործով ընթացող դատավարության ընթացքի հետ:

Հորդորում ենք՝ խուսափել չճշտված և չստուգված տեղեկատվություն հրապարակելուց:

Նշենք, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ Սարգիս Ավագյանի սպանության դեպքի բոլոր հանգամանքները  պարզելու ուղղությամբ...»

Մինչդեռ, առնվազն կասկածելի կամ տարօրինակ է Քննչական կոմիտեի հայեցողական հերքումը. չեն նշել, որ պաշտոնական հաղորդագրության մեջ մեքենայում չծխելու մասին տեղեկություն չկա: Փաստորեն, արհեստական այդ վարկածը թողել են շրջանառության մեջ՝ գուցե հետագայում այդ վարկածը ամրապնդելու նպատակով. ամենայն հավանականությամբ, որպես քողարկող ֆոն օգտագործվել է օրերս համացանցը ցնցած Անի Խաչատրյանի և ծխող վարորդի միջադեպն ու դրա շուրջ աղմուկը:  

Փոխարենը օպերատիվորեն «բացառել են» Մարտի 1-ի հետ կապը, որն այս պահին չէին կարող բացառել, որովհետև դեռ չէին կարող ունենալ բավարար ապացույցներ. Քննությունը դեռ նոր է սկսվում, փորձաքնությունները նոր են նշանակված, կասկածյալները փախուստի մեջ են, նույնիսկ նրանց դեռ չեն բռնել, հարցաքննել, բայց «բացառում են», ինչն անթույլատրելի ու անտրամաբանական է գոնե առայժմ:

Ավելին, այդ կասկածն ավելի խորացավ հունիսի 13-ին, լրատվամիջոցներից մեկում հայտնված տեղեկատվությունից.

«... Մամուլում հրապարակվեց, որ միջադեպը առաջացել է մեքենայում ծխելու հարցի շուրջ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել միջադեպից: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն` միջադեպը, ըստ նախնական վարկածի, սկսվել է մեքենան հետուառաջ տանելու շուրջ:

Դեպքի ականատեսները իրավապահներին պատմել են, որ բակում վիճաբանության ձայներ են լսել, տեսել են, որ անծանոթ երկու տղաներ մեքենան հետուառաջ տանելու շուրջ վիճում են տաքսու վարորդ Սարգիս Ավագյանի հետ: Ավելին, ականատեսները պատմել են, որ այդ ժամանակ Սարգիս Ավագյանը ասել է. «Դուք ինձ ճանաչում եք, որ նման բաներ եք ասում»: Բնակիչներից մեկը, տեսնելով, որ ծեծում են Ավագյանին, իջել է օգնության, և այդ ժամանակ 1995 թվականի ծնված երիտասարդին ու Ավագյանին դանակահարել են, որից հետո Սարգիս Ավագյանը հիվանդանոցում մահացել է:»

Այս պարագայում հետևյալ պատկերն է ստացվում. այդ երկու անծանոթ «գլխակերները» հետուառաջ տանելու խոսակցությունը բացել են սպանվողի հետ վեճի զուտ ձևական առիթը ապահովելու համար, սակայն նրանք ինչ-որ բան են ասել Սարգիս Ավագյանին, գուցե՝ սադրել են, ինչը վերջինիս առիթ է տվել մտածելու, որ նման բան կարող են ասել մարդիկ, ովքեր ճանաչում են դիմացինին, կամ՝ եթե չեն ճանաչում, իրավունք չունեն «նման» բաներ ասելու:Բայց քանի որ Սարգիս Ավագյանը  չի ճանաչել /գուցե/ անհեթեթ խոսակցություն բացողներին, իր մտածածը ձևակերպել է որպես հարց: Իսկ գուցե մոտեցողներն են ճանաչել են նրան՝ որպես Մարտի 1-ի տուժածի հայր, գուցե հենց իրենց մեղքով է տուժել Արթուր Ավագյանը, ում դատարան գալը և ցուցմունքներ տալը կարող է վճռորոշ լինել իրենց ու Մարտի 1-ը կազմակերպած բանդայի համար:

Բացի այդ, եթե Սարգիս Ավագյանի սպանությունը սովորական սպանություն է և կապ չունի Մարտի 1-ի հետ, ապա Քննչական կոմիտեն /ունենալով բավարար ապացույցներ/  հաղորդագրությունների մեջ պետք է նշեր փախուստի մեջ գտնվողների անվան, ազգանվան առաջին տառերը, ինչը սովորաբար անում է ճանաչված անձանց հետ կապ չունեցող  հանցագործությունների դեպքում:  

Եվս մեկ ուշագրավ դիտարկում. երբ Ռոբերտ Քոչարյանը դեռ կալանքից ազատված չէր և փաստացի անցել էր դատաքննության փուլին, ցուցմունք էր տալիս դատարանում, ամբարտավան տոնով խոսքն ուղղեց մեղադրող կողմին՝ միտքը ձևակերպելով հետևյալ կերպ. Թող դատախազությունն ասի, մատնանշի այն առանցքային վկաներին, ում ցուցմունքները հիմք են դարձել իմ ազատությունը սահմանափակելու համար: Ո՞վ է, մե՞կն է՝ Արշակ Կարապետյա՞նն է..., երկու՞սն է, ապահովեք նրանց անվտանգությունը, դա պետության պարտականությունն է, որպեսզի դա չլինի իր ազատության հաշվին:

Քոչարյանը ձեռքի հետ թվարկում էր այն անձանց անունները, ում հետ ինքը շփվել էր այդ ճակատագրական օրը և ովքեր, իր պատկերացմամբ, ևս կարող էին լինել առանցքային վկաներ և «ճնշման ենթարկվել», եթե հանկարծ ինքը հայտնվի ազատության մեջ: Նշում էր այդ անձանց անունները՝  Միքայել Հարությունյան, Արմեն Գևորգյան, Օսկանյան Վարդան. «այդ երեք հոգու ցուցմու՞նքն է հիմքում, ու՞մ վրա պետք է ազդեմ...», իր հարցադրումներն էր շարունակում Քոչարյանը:

Բայց այդ ելույթի վիրավորական, սպառնալից, արհամարհական տոնը, ինչին հետևում էի «առաջին գծից», ինձ մոտ այսպիսի տպավորություն ստեղծեց՝ «ասեք այդ առանցքային վկաների անունները և ես կոչնչացնեմ նրանց»:

Դրան հավելենք նաև նրա պաշտպանական թիմի մարտավարությունը. Նրանք ասում էին՝ Քոչարյանն այդ 10 զոհերի համար չի մեղադրվում, գնացեք առաջին հերթին գտեք այդ 10 հոգուն սպանողներին, հետո նոր գտեք սահմանադրական կարգը տապալողներին:

Եվ ահա, երբ այս օրերին խոսվում էր Մարտի 1-ին ծանր հրազենային վիրավորում ստացած, խոսելու կարողությունը կորցրած, բայց ողջ մնացած Արթուր Ավագյանի մասին, ով պետք է գար դատարան, հանկարծ սպանում են նրա հորը, ով գուցե պետք է պատմեր եղելությունը որդու փոխարեն կամ նրան օգնելով... Իսկ Քոչարյանն ազատության մեջ է...

Կարծում եք՝ սա զուգադիպությու՞ն է... Ես չեմ կիսում այդ կարծիքը և զարմանում եմ, որ Քննչական կոմիտեում շարունակվում է դեպի Մարտի 1-ի բացահայտումը տանող հնարավոր բոլոր թելերն ի սկզբանե կտրելու աղվանհովսեփյանական ձեռագիրը:

 

                                                                Միլենա Միլիտոնյան