запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Վերանյան, դու ես մեզ թշնամի դարձրել. քոչարյանական գեղապետություն

Ասա՝ ով է իշխանությունդ, ասեմ՝ ով ես դու: Նախկին ռեժիմների ներկայացուցիչները  պարալիզացրել են մարդու իրավունքները, յուրաքանչյուրը՝ իր ձևով ու տրամաչափով: Մեկը կյանքի իրավունքն է վերացրել, մյուսը՝ սեփականության իրավունքը, որոնց հետևանքները հանրությունը զգում է մինչ օրս ու չի զարմանում այլևս ...

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /նախագահությամբ դատավոր Ս. Ուլիխանյանի/ քննվում է Գոշ գյուղի նախկին գյուղապետ Հովսեփ Վերանյանին առնչվող հերթական գործը: Ռ. Քոչարյանի օրոք պաշտոն ստացած և մինչև 2012 թվականը պաշտոնավարած Վերանյանը գյուղապետի աթոռից իջնելուց հետո պարբերաբար հայտնվում է դատարանների աթոռներին՝ բացատրելու, թե ինչու է այս կամ այն անձի գույքը հայտնվել իրենց ընտանիքի տնօրինության տակ կամ սեփականության ցանկում:  

Գոշ գյուղի բնակիչներ Գրիգորյանների ժառանգության հետ կապված մութ պատմությունը կարելի է համարել Հովսեփ Վերանյանի «պաշտոնեական վերջին մեղքը» /կամ մեղքերից մեկը/՝ Գրիգորյանների ընտանիքի անդամներից՝ Յաշայի մասնակցությամբ: Ի դեպ, վերջինս որքան շատ է խոսում դատարանում, այնքան ամրապնդվում են կասկածները՝ ժառանգական գույքը մյուս ժառանգներից գաղտնի,  «կեղծ» հիմքերով իրենը դարձնելու և գյուղապետի հետ «գործարք» անելու  վերաբերյալ:   

Հիշեցնենք գործի նախապատմությունը: Արամ և Քիշմիշ Գրիգորյանների 8 ժառանգներից 7-ը՝ Միշան, Յուրիկը, Ալվարդը, Նվարդը, Սիլվարդը, Հայկազը և Հրանտը, 8 տարի շարունակ փորձում են դատական կարգով վերականգնել իրենց ժառանգության իրավունքը,  ծնողներից մնացած ժառանգական գույքի սահմանները, որոնք խախտվել, կտրվել են Հ. Վերանյանի գյուղապետության օրոք և դարձել վերջինիս ընտանիքի բիզնես օբյեկտների շինհրապարակ՝ ամբողջ ճակատային մասով: Ժառանգներն ուզում են հասկանալ՝ մոր մահից տարիներ անց ո՞վ և ինչպես է իրենցից ոմանց անունից դիմումներ տվել նոտարական գրասենյակ, մի դեպքում հայտնել, որ ժառանգները չորսն են, որոնցից երկուսը հրաժարվում են իրենց մասնաբաժնից,  մյուս դեպքում նշել, թե իբր այլ ժառանգներ չկան, մահացած են՝ բացի Յաշայից ու Միշայից...

Արդյունքում՝ 2009թ-ին, ժառանգական գույքը գրանցվել է Յաշա և Միշա Գրիգորյանների անվամբ՝ բայց իրական չափից՝ 1500քմ-ից պակաս չափով /930քմ./, ինչի մասին Միշային  ու մյուսներին հայտնի է դարձել ավելի ուշ: Ըստ հայցվորների՝ նախկին գյուղապետը, կեղծ տեղեկություններ  է հաղորդել կադաստրին, միտումնավոր  կերպով տնամերձ  հողամասի  չափը քիչ է ցույց տրվել, որպեսզի մնացած մասը անցնի  գյուղապետարանին  ու տնօրինվի գյուղապետի կողմից, քանի որ այն  գտնվում է շատ հարմար տարածքում՝ Գոշավանքի դիմահայաց մասում և իրոք, նախկին գյուղապետի որդին այդ հատվածին հարող մասում  սկսել է ապօրինի շինարարական աշխատանքներ կատարել, որն իրենց  դիմում-բողոքի հիման վրա դադարեցվել է
Գյուղապետարանի տնտեսական գրքերով 1950թ. մինչ 2005թ. իրենց մոր /ով մահացել է 1997թ-ին/ հողամասի չափը կազմել է 1500 քմ և երբևէ որևէ  փաստաթղթով հողամասի չափի փոփոխություն չի եղել: Ներկայումս էլ  հողամասը փաստացի 1500 քմ է, հետևաբար, այն ամբողջությամբ  մտնում է ժառանգության զանգվածի մեջ

Տարիների պայքարից հետո ի վերջո հաջողվել է լուսանցքում մնացած ժառանգներին՝ վերականգնել իրենց ժառանգության իրավունքը /դատավոր Ա. Խաչիկյան/, Թիվ ՏԴ1/0064/02/13 քաղաքացիական գործովդատական ակտը ստացել է օրինական ուժ /30.04.2014թ.-ի / և 19.01.2015թ-ին տրվել է կատարողական թերթ:

Սակայն դեռ խնդիր կա. ժառանգական գույքի սահմանների համար «կռիվը» դեռ շարունակվում է՝  արդեն երրորդ անձ ճանաչված ժառանգների մասնակցությամբ: Գրիգորյաններն ասում են Վերանյաններին՝ դուրս եկեք մեր հողից ու ձեր օբյեկտները 3 մետր հեռացրեք մեր հենապատից, նախկին գյուղապետի ընտանիքն էլ չի զիջում:

Ավելի վաղ՝ 21.08.2015թ –ին Միշա Գրիգորյանի ներկայացուցիչը, հայցապահանջը ճշգրտելու վերաբերյալ միջնորդությամբ խնդրել էր դատարանից՝ օրենքի ուժով ճանաչել իր՝  հայցվոր Միշա Գրիգորյանի սեփականության իրավունքը Գոշ համայնքի Մ. Գոշի փողոցի 78 և 78/1 հասցեների բնակելի տան և տնամերձ հողամասերի 1/8 մասի նկատմամբ, որպես հետևանք մասնակիորեն անվավեր ճանաչել Գոշ համայնքի անվամբ 11.11.2009թ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Գոշի ավագանու 02.04.2012թ թիվ 2 որոշումը, մրցույթի վերաբերյալ 15.06.2012թ թիվ 1 արձանագրությունը և Գոշի համայնքի ղեկավար Հովսեփ Վերանյանի 15.06.2012թ թիվ 17-Ա որոշումը, Գոշի գյուղապետարանի և Սենիկ Վերանյանի միջև 21.06.2012թ կնքված հողամասը մրցույթով տրամադրելու պայմանագիրը և Սենիկ Վերանյանի անվամբ կատարված կառուցապատման իրավունքի պետական գրանցումը և պարտավորեցնել Սենիկ Վերանյանին քանդել Գոշ համայնքի Մ. Գոշի 78 և Մ. Գոշի 78/1 հասցեների հողամասի հենապատի վրա կառուցած պատը և այն 3 մ. հեռացնել հենապատից:
 2015թ. դեկտեմբերի 07-ի դատարանի վճռով Միշայի հայցը բավարարվել էր ամբողջությամբ, իսկ Յաշայի հայցը՝ մասնակի: Վերջինս /ով դեմ էր եղել, որ քույրերն ու մյուս եղբայրները ճանաչվեն ժառանգությունն ընդունած ժառանգներ/ բողոքներ էր ներկայացրել վերադաս դատարաններ, որոնք սակայն մերժվել էին:
Արանքում պատասխանող Սենիկ Վերանյանի բախտն էր բերել. հաջողվել էր իր կնոջ՝  ՏԴ1/0171/02/12 քաղաքացիական գործով մասնակից չդարձած անձ՝ Լիլիթ Վարդանյանի վերաքննիչ բողոքի միջոցով հասնել նրան, որ վերաքննիչ բողոքները բավարարվեն, նշված վճիռը բեկանվի և գործն ուղարկվի նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:   

Դա նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը կասեցրել է Գրիգորյանների հողամասի հենապատի վրա կառուցված պատը քանդելուն և այն 3 մ հենապատից հեռացնելուն Սենիկ Վերանյանին պարտավորեցնելու պահանջների մասին դատական ակտի կատարումը՝ մինչև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 07.12.2015թ. վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության ավարտը:

Եվ ահա, այս գործով սույն թվականի հունիսի 11-ին նշանակված դատական նիստին պատշաճ ծանուցվել, բայց չէին ներկայացել Լիլիթ Վարդանյանն ու Սենիկ Վերանյանը: Որպես վերջինիս ներկայացուցիչ՝ դատարան էր եկել նրա հայրը՝ Հովսեփ Վերանյանը, ով չի կարող համարվել պատշաճ ներկայացուցիչ, քանի որ գործով շահագրգիռ անձ է և պետք է կամ կարող է սույն գործով հարցաքննվել որպես վկա, քանի որ շարունակական իրավախախտումները հօգուտ Վերանյանների կատարվել են  նրա պաշտոնավարման տարիներին:             

Դատարան էին ներկայացել նաև հայցվորներ Յաշա և Միշա Գրիգորյանները, երրորդ անձ Ալվարդ, Նվարդ Գրիգորյանները:

Դատարանը ճշտեց հայցվոր Յաշա Գրիգորյանի հաշվառման, փաստացի հասցեն, որը, ըստ 011-ի կողմից 2018թ-ին տրված անձնագրի տվյալների, գտնվում է Երևանում:

Յաշա Գրիգորյանը հայտնեց, որ իր նոր փաստաբան Մուրադ Ասրյանը խնդրել է հետաձգել դատական նիստը:  Դատարանը հրապարակեց Մ. Ասրյանի դիմումը, որով վերջինս խնդրել էր հետաձգել դատական նիստը, քանի որ Շենգավիթ վարչական շրջանում մասնակցելու էր անհետաձգելի քննչական գործողությունների:

Դատարանը հարցրեց Միշա Գրիգորյանի դիրքորոշումը՝ դատական նիստը հետաձգելու մասին: Եվ մինչ եղբայրը կկողմնորոշվեր՝ ինչ պատասխաներ,  Յաշա Գրիգորյանը միանգամից, կարծես նախապես մշակված սցենարով, շեղվեց դատական բնականոն հունից, թեմայից և հարձակողական տոնով ասաց. եկել գրանցվել ես էդ տանը, բայց կտակ է եղել /որն իբր Միշան իր՝ Յաշայի հետ բերել, տվել են Նոտարին/: Միշան էլ ասաց՝ դե էդ կտակը ցույց տուր: Յաշան պատասխանեց, թե չես բերե՞լ, տվել էս բանին: Անունը մոռացել էր, գյուղապետը հուշեց՝  նոտարին: Երբ Միշան ժխտեց, Յաշան նրան «բոմժ» անվանեց ու դրա պատասխանն էլ ստացավ եղբորից՝ բոմժն ինքդ ես, հողը ծախել ա, մի հատ էլ... Միշան ակնարկեց գյուղապետի հետ գաղտնի «գործարքի» մասին. հարցրեց՝ 2005թվականին ի՞նչ եք արել:

Դատական նիստին ներկա Գրիգորյան քույրերը կշտամբեցին Յաշային՝«այ տղա, խի՞ չես խելոք կենում, խի՞ չես ձենդ կտրում, թքեմ երեսիդ» ...

Յաշան շարունակեց. ասաց, որ իրեն մեղադրողները դեռ պատասխան են տալու, «արդարացավ» անեծքախառը «երդումով»՝ «ծախողի երեխեն մեռնի», հետն էլ ժամանակ առ ժամանակ ձեռքը բարձրացնում էր, որ ցույց տար, թե հարվածում է, ինչը կարելի համարել ակնհայտ սադրանք, որը եթե հաջողվեր, պատասխանատվությունը մնալու էր նաև դատարանի վրա:

«Եղբայրներ եք, մի վիճեք»,- ասաց Վերանյանը, Գրիգորյան քույրերն էլ հակադարձեցին՝ դու ես մեզ թշնամի դարձրել:

Դատարանն ի վերջո կարգի հրավիրեց կողմերին. որպես երրորդ կողմ ներգրավված քույրերին ասաց՝ երրորդ անձինք, լռե'ք: Նրանք էլ թե՝ մենք «երրորդ անձ չենք, ժառանգ ենք»: Նաև դժգոհեցին, որ անընդհատ ամիսներով ձգձգվում են նիստերը: Հովսեփ Վերանյանն էլ դատարանին հայտնեց, որ ինքը փաստեր ու ինչ-որ փորձաքննության եզրակացություն պետք է ներկայացնի:

Դատարանը հետաձգեց նիստը մինչև օգոստոսի 20-ը՝ հնարավորություն տալով կողմերին՝ ներկայանալ և հանդես գալ դատարանում:

Հ.Գ. Յաշա Գրիգորյանի ակնարկը՝ «կտակը» նոտարական գրասենյակ տանելու մասին, կարող է քրեական գործ բացելու հիմք դառնալ, եթե հանկարծ պարզվի, որ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու փաթեթի մեջ եղել է նաև «կասկածելի» կտակ: Կամ եթե այն օրինական է եղել,  Յաշա Գրիգորյանն ինչու՞ դրա մասին բառ անգամ չի ասել, երբ ժառանգությունից զրկված նրա քույրերն ու եղբայրները  դատարանում վիճարկում էին կեղծ դիմումների, տեղեկությունների հիման վրա իր՝ Յաշայի և Միշայի անվամբ 13.02.2009 թ.-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը:  

Ի վերջո, պետք է պարզվի՝ Յաշա Գրիգորյանը, ում համագյուղացիներից շատերը չեն էլ հիշում որպես վիճարկվող տան բնակիչ՝ ի տարբերություն նրա քույրերի և եղբայրների, ցանկացել է դառնալ ծնողների ժառանգորդ՝ ըստ օրենքի՞, թե՞ ըստ կտակի, իսկ գուցե սովորությու՞ն է փաստաթղթային չափանիշներին չհամապատասխանող նման թղթերով գույքի տեր դառնալը...                                                                                                                   

                                                                                        Է. Մարտիրոսյան

1-ին լուսանկարում՝ Գոշ գյուղի հրապարակը՝ նախկին տեսքով, կենտրոնական մասում՝ հենապատից վերև Գրիգորյանների հողն ու տունն է, դեմ-դիմաց Գոշավանքի համալիրը: Հրապարակն այժմ շրջափակված է Վերանյանների օբյեկտներով:

Գյուղի՝ Մխիթար Գոշի հուշարձանը՝ մատուռի հարևանությամբ