запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Սփյուռքահայերի զոհաբերության «քրմերը»՝ լյուստրացիոն խողովակում

Հանքատերերի, սփյուռքահայերի, կրիմինալի գծով «ռազմավարական» «պաշտպանությամբ» հայտնի Լուսինե Սահակյանը «Բագին» փաստաբանական գրասենյակի փաստաբան է: Ըստ բացատրական բառարանի՝ «Բագին» նշանակում է զոհասեղան, զոհարան  /հեթանոսական/:

Անվան ընտրությունն առնվազն տարօրինակ է.  փաստաբանը, ով պետք է զբաղվի իրավապաշտպանությամբ, զբաղված է «զոհեր մատուցելո՞վ...» /ասել է թե զոհաբերության «քրմուհի»/:

Իսկ ովքե՞ր են «զոհերը...»

Երբ ուսումնասիրում ես թալանված սփյուռքահայերի գործերը, հասկանում ես, որ դրանք, իմ կարծիքով,  լյուստրացիոն խողովակներ են: Այդ գործընթացներում պատահական մարդիկ գրեթե չկան.  նույն կամ փոխկապակցված խմբերն են, շահագրգիռ շրջանակները, որոնք համագործակցության եզրեր միշտ գտնում են...

Նախորդ տարեվերջին, երբ lakmoes.am-ը երկու հոդված հրապարակեց սփյուռքահայ ռազմական բժիշկ Աշլի Մինասին ունեզրկելու, երեխային հարազատ հորից խլելու մասին, Լուսինե Սահակյանը, նրա ազգականներն ու փաստաբան տեգր Արամազդ Կիվիրյանը երկու դատական հայց ներկայացրեցին լրատվական կայքի դեմ /արդեն երրորդը՝ նույն գործի վերաբերյալ/՝ մի քանի միլիոնի փոխհատուցման պահանջով: Մտածում ես՝ եթե առաջին գործով չեն գալիս դատարան և ձգձգում են գործն արդեն 3 տարի, ինչու՞ են ևս երկու հայց ներկայացնում... Ու հարցնում ես՝ այս անգա՞մ ում հետ է «բարտերի» տարբերակ  գտել:

Բանն այն է, որ Աշլի Մինասի երեխան ծնվել է ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի խնամուն պատկանող «Բեգլարյան բժշկական կենտրոնում», որտեղ կեղծ հղիության փաստաթղթեր, ծննդյան տեղեկանք են տվել Լուսինե Սահակյանի մորաքրոջ՝ չծննդաբերած դստերը, ինչի հիման վրա վերջինս երեխայի ծննդյան վկայականում գրանցվել է որպես ծնող մայր: Հոդվածում նշվել էր, որ այդ և Աշլի Մինասին ունեզրկելու հանգամանքները մինչ օրս չեն բացահայտվել. Իրավապահ մարմիններում /որտեղ աշխատում է նաև Գագիկ Հարությունյանի որդին/, կարծես, խոչընդոտող ձեռք կա...

Հիշեցնենք, որ Արամազդ Կիվիրյանը սկզբում դատարաններում ներկայացրել է Աշլի Մինասի շահերը, հետո Լուսինե Սահակյանի հետ գործել է նրա դեմ: Արդյունքում Աշլին զրկվել է երեխայից, 600,000 դոլարից, բժշկական կենտրոնից, որն առաջին կնոջ հետ էր հիմնադրել...

Եվ ահա իրավիճակը կարծես կրկնվում է մեկ այլ սփյուռքահայի գործով:   

Սույն թ.ի հունվար ամսին «Հրապարակ» օրաթերթի էլեկտրոնային տարբերակում տպագրվել էր  «Վերաքննիչի դատավորներին վախացրել են, ծանոթություններ ունեն Ռոբերտ Քոչարյանի ադվակատների հետ. Արսեն Չիչյան» վերտառությամբ հոդվածը: Ի՞նչ էր գրել թերթը.

«Մենք դեռ նախորդ տարվա վերջին հրապարակել էինք Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի նախկին սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի նախկին ունեցվածքի հափշտակության վերաբերյալ քրեական գործ հարուցվելու մասին։ Հիշեցնենք՝ վարույթի հիմքում Ախթալայի կոմբինատի անվտանգության ծառայության նախկին պետ Արսեն Չիչյանի բողոքն է։

Չիչյանը Սերոբ Տեր-Պողոսյանի հավատարիմ մարդկանցից է եղել։ Տեր-Պողոսյանը նրան է վաճառել Ախթալայի կոմբինատի բաժնետոմսերի 10 տոկոսը, որի վերաբերյալ ինքն ունի առքուվաճառքի պայմանագիր, եւ որը, ըստ Չիչյանի, իրենից հափշտակել են։ Սերոբ Տեր-Պողոսյանի մահից հետո Չիչյանը Տեր-Պողոսյանի ունեցվածքին առնչվող բազմաթիվ դատական հայցեր է ներկայացրել։ 

Չիչյանն այսօր դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Նամակում, մասնավորապես, հայտնում է«Հայտնվել եմ մի իրավիճակում, որը ոչ այլ կերպ, քան ռեյդերություն անվանել չեմ կարող: Խնդրի մասին բազմիցս խոսել եմ թե՛ իրավապահ մարմիններում, թե՛ մամուլում: 

Պատմությունը տխրահռչակ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի և իմ ունեցվածքի հմուտ յուրացման գործընթացի մասին է:Այն սկսվել է երկուհազարականների սկզբից և շարունակվում է առ այսօր:

Տվյալ ժամանակներում համատարած երևույթներ էին երբ անձին ապօրինաբար զրկում էին իր սեփականությունից՝ օգտագործելով այսօր արդեն ավելի հայտնի oֆշորային սխեմաներ: Դրա զոհը դարձա նաև ես:

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի բաժնետոմսերի միակ սեփականատերը Նևիս (օֆշոր) կղզում գրանցված «Մեթըլ Փրինս էլ Թի Դի» կորպորացիան էր: Այդ կորպորացիայի 10% պատկանում էր ինձ, իսկ մնացած 90% մեկ այլ օֆշորային «Նուշ Հոլդինգ Քորպորեյշն» ընկերությանը, որի տնօրենն առ այսօր հանդիսանում եմ ևս ես: «Նուշ Հոլդինգ Քորպորեյշն» ընկերության իրական սեփականատերը տխրահրչակ Սերոբ Գորիոն Բողոսյանն էր (վերջինս մանկապղծության գործով դատապարտվեց և հիվանդությունից 2014 թ-ին մահացավ կալանավայրում):

2014թ-ի տարեվերջին ես պատահաբար տեղեկացա, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատն արդեն վաճառվել է այլ կազմակերպության՝ «Մասկօ Մայն» ՓԲԸ-ին, որի սեփականատերն ըստ շրջանառվող լուրերի Մաքսիմ Հակոբյանն էր, Ռոբերտ Քոչարյանի հովանավորյալը։ Որպեսզի չընկնեմ իրավաբանական մանրամասնությունների մեջ կարող եմ ասել հստակ, որ այդ գործարքը չեր կարող կնքվել առանց իմ համաձայնության, դա ուղղակի իմ գույքի լկտի հափշտակություն է: Ասեմ, որ չնչին թվացող 10%-ի իրական արժեքը կազմում է մեկ միլիոն դոլարը գերազանցող գումար:

Հարուցված քրեական և քաղաքացիական գործերի շրջանակներում ինձ պարզ դարձավ, որ իմ նկատմամբ կիրառել են օֆշորային սխեմաներ, և հափշտակել են ինձ պատկանող բաժնեմասը:
Սակայն խնդիրները դրանով չավարտվեցին: Իմ ունեզրկման ծրագիրը շարունակվում է և իմ նախկին փաստաբան Լուսինե Սահակյանը այսօր իմ դեմ է գործում, ներկայացնելով Վանիս Դեր-Բողոսսյանին, որը հանգուցյալ Սերոբ Դեր-Բողոսսյանի եղբայրն է և Մադլեն-Սեդրակ Թաշջյանին, ով վերջինիս կինն է: Այս սփյուրքահայերը սնվելով Սերոբ Դեր-Բողոսսյանից միլիոնավոր դոլարներ են տարել Հայաստանից չբավարարվելով տարածով, այսօր ուզում են ինձ ունեզրկել: Վերջիններս խուսափում են գալ Հայաստան իմանալով թե ինչ է իրենց այստեղ սպասվում: 2014 թվականից ես պայքարի մեջ եմ, ամեն մեկը մի պատմություն է:

Դրա հետ մեկ տեղ, ցավոք սրտի, նաև յուրահատուկ ճնշումներ եմ նկատում դատավորների նկատմամբ: Վերադաս դատարանին ճնշելու համար բողոք են ներկայացնում ՀՔԾ իմ օգտին դատական ակտ կայացրած ստորադաս դատավորի նկատմամբ, բնական է, որ վերադաս դատավորն արդեն կաշկանդվելու է իմ օգտին որոշում կայացնել: Կամ հաղորդում են ներկայացնում իմ նկատմամբ՝ ներկայացնելով ինչ որ մտացածին մեղադրանքներ, որպեսզի ես վախենամ և հետ քաշվեմ:

Պայքարելու եմ մինչև վերջ, բացահայտելու եմ կատարած բոլոր ապօրինությունները և նոր Հայաստանում հին արած ռեյդեռությունը չի մարսվելու»,-իր դիմումում նշել է Չիչյանը։
Արսեն Չիչյանը մեզ հետ զրույցում ասաց
«Դատավոր Ռուբեն Ափինյանի դեմ են գործ հարուցել, որ սխալ որոշում է կայացրել, եսիմ ինչ։ Հիմա Վերաքննիչով իրենք կրել են, ոնց գրել են, տենց էլ բավարարվել ա։ Ինձ թվում ա՝ Վերաքննչի դատավորներին վախացրել են, ծանոթություններ ունեն Ռոբերտ Քոչարյանի ադվակատների հետ, որոնք այլ գործով իմ դեմ են դուրս գալիս։ Ինձ թվում ա՝ մարդ են խառնել, ծանոթ են խառնել։ Հիմա դիմում եմ Վճռաբեկ դատարան՝ հույսով, որ օրենքի մեջ կլինի սա, խուսափենք ծանոթություններից, զանգահարումներից»»։

Այս նամակի բովանդակությունը համադրելով հեղինակի ակնարկած դատական գործերի որոշ հանգամանքների հետ, հասկանում ես, որ Արսեն Չիչյանի մտավախությունն անհիմն չէ. կա ուշագրավ տրամաբանական կապ «խաղացողների» ու շահերի միջև:

 

«Գործարք»՝ «Բագինի», ԲԴԽ-ի և վճռաբեկի արտոնյալների միջև՞

Մինչ Գագիկ Հարությունյանի հրաժարականը ԲԴԽ-ն, Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի /նախագահ Մխիթար Պապոյան/  միջնորդությամբ,կարգապահական պատասխանատվության ենթարկեց առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանին՝ հիմնվելով Լուսինե Սահակյանի դիմումի հիմնավորումների վրա:

Պատճառաբանություններից մեկն այն էր, որ դատավորը  կատարողական թերթը տվել էր հայցվոր Արսեն Չիչյանին` չսպասելով ակտի բողոքարկման վերջին օրվա մինչև գիշերվա 12-ը. «Դատավորը կատարել է նշագրում 2018 թվականի սեպտեմբերի 14-ի վճռի` հոկտեմբերի 15-ին օրինական ուժի մեջ մտնելու մասին, մինչդեռ հոկտեմբերի 15-ին՝ մինչև ժամը 24:00-ն առաջին ատյանի դատարանի վճիռը չէր կարող ստանալ օրինական ուժ, և, հետևապես, այդ օրը մինչև կեսգիշեր եղել է վերաքննիչ բողոք ներկայացնելու հնարավորություն, ընդ որում, բողոքը ներկայացվել է այդ ժամկետում...»:

Ա. Չիչյանն էլ վերցրել էր կատարողական թերթը և մտել այն տարածք, որը պետք է լիներ իրենը...

               Ուշագրավ անուններ և սողանցքային մեխանիզմներ

Գտանք այդ  ԵԿԴ/0479/02/14 քաղաքացիական գործը, և պարզվեցին որոշ հետաքրքիր հանգամանքներ՝  նաև դրան առնչվող այլ գործերից /քաղ. գործԵԿԴ-1521/02/15/.Սերոփ Գորիոն Դեր-Բողոսյանի ունեցվածքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելու կամ Արսեն Չիչյանին այդ ցանկից դուրս մղելու դատական գործընթացներով զբաղվել են հայտնի փաստաբաններ. «Բագին» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը /վերջինս՝ որպես Սերոփ Գորիոն Դեր-Բողոսյանի հանձնարարականով՝ Արսեն Չիչյանի մասնաբաժինը «ձևակերպող»/, Լուսինե Սահակյանի  ամուսնու եղբայր, փաստաբան Արամազդ Կիվիրյանը՝ որպես «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ ներկայացուցիչ, Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ որպես «Մասկօ Մայն» ՓԲԸ ներկայացուցիչ:       

Սակայն կենտրոնանանք Ռ. Ափինյանի քննած գործի վրա.

Ըստ ԵԿԴ/0479/02/14գործի նյութերի՝ 28.02.2014թ. Արսեն  Չիչյանը դիմել է դատարան ընդդեմ Սերոփ Գորիոն Դեր-Բողոսյանի և  պահանջել՝ պարտավորեցնել պատասխանողին` իր հետ կնքելու Երևան քաղաքում գտնվող երկու գույքային միավորների նվիրատվության պայմանագրեր։ Խոսքը Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսյանին սեփականության իրավունքով պատկանող քԵրևան, Նալբանդյան 7 շենքի թիվ 1 / բաղկացած 88,2 քմ շինությունից/ և 1ա /բաղկացած 100,7 քմ շինությունից / հասցեներում գտնվող անշարժ գույքերի մասին է:

Հայցվոր կողմը  պնդել է,  որ առողջական ծանր վիճակում, հիվանդանոցում գտնվող Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանը 13.11.2013թ.-ին, վկաների ներկայությամբ  իր ստորագրած և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ  տնօրենի ստորագրությամբ ու կնիքով վավերացված գրավոր հայտարարությամբ (այսուհետ` Հայտարարություն) պարտավորվել է հայցվորին  նվիրել անշարժ գույքի` ՀՀ Լոռու մարզում գտնվող տասներկու և Երևան քաղաքում գտնվող երկու միավոր, իսկ համապատասխան նվիրատվության պայմանագրեր չկնքելու դեպքում իրեն վճարել 300.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Այսինքն տվյալ պահին հնարավորինս ապահովվել է միակողմանի գործարքի վավերացման ընթացակարգը: Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանը 2013թ  դեկտեմբեր  ամսին իր լիազոր ներկայացուցիչ՝  Երվանդ Վարոսյանի միջոցով կնքել է Հայտարարությունում նշված թվով  11 գույքերի /Լոռու մարզի/ մասով  նվիրատվության պայմանագրեր, ըստ որոնց նշված անշարժ գույքերի սեփականության իրավունքը փոխանցվել է Հայցվոր՝ Արսեն  Չիչյանին: Այսինքն նշված Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանի հայտարարությամբ ստանձնած պարտականությունը կատարվել է մասնակիորեն /Երևան քաղաքի երկու միավոր գույքերի սեփականության իրավունքը չի փոխանցվել/: Դատավոր Ռ. Ափինյանն էլ, հաշվի առնելով այդ և այլ հանգամանքներ, 2018թ-ի սեպտեմբերի 14-ին բավարարել է Արսեն Չիչյանի հայցը՝ վերջինիս հնարավորություն ընձեռելով՝ սեփականության իրավունք ձեռք բերել նաև երևանյան երկու գույքերի նկատմամբ:

Դա դուր չի եկել Լուսինե Սահակյանին. վերջինս էլ բողոքարկել է դատական ակտը... 

Սա, իհարկե, հակիրճ պատկերն է, բայց ինչ է եղել մինչ այդ՝ 2014թ.-ից սկսված դատական գործընթացում:  

Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանը մահացել է 21092014թ.-ին:

Այդ ընթացքում հայտնվել են հանքատիրոջ ունեցվածքի այլ հավակնորդներ,և հայցվոր Արսեն Չիչյանը, այլ ներկայացուցչի միջոցով միջնորդել է կատարել կողմի փոխարինում՝ Սերոփ Գորիոն Դեր-Բողոսյանին փոխարինել Վանիս Կորյունի Դեր-Բողոսսյանով /Այն սկզբում մերժվել է, իսկ ավելի ուշ՝ 27.04.2018թ. որոշմամբ բավարարվել/:

Արսեն Չիչյանի  ներկայացուցիչ  Ս. Բաբայանը դատարանին հայտնել է, որ թիվ ԵԿԴ/4606/02/15 և ԵԿԴ/4471/02/15 քաղաքացիական գործերի շրջանակներում ձեռք են բերվել ապացույցներ առ այն, որ պատասխանող Սերոփ Դեր-Բողոսսյանի մահից հետո ժառանգ` Վանիս Դեր-Բողոսսյանի լիազորված անձ Լուսինե Սահակյանը23.02.2015թ. «Կենտրոն»  նոտարական տարածքի նոտար Աշխեն  Հարությունյանին դիմում է ներկայացրել ժառանգության վկայագիր տրամադրելու վերաբերյալ, իսկ 23.03.2015թ. նույն նոտարի մոտ տվել է հայտարարություն Սերոփ Դեր-Բողոսսյանի մահից հետո մնացած ամբողջ ժառանգությունը Վանիս Կորյունի Դեր-Բողոսսյանի կողմից ընդունելու մասին:

Մինչդեռ, ի պատասխան դատարանի 08.06.2016թհարցման Կենտրոն նոտարական տարածքի նոտար ՆՍարգսյանը դատարանին հայտնել է, որ Սերոբ-Գորիոն Դեր Բողոսսյանի մահից հետո Կենտրոն նոտարական տարածքում գրանցումներ չեն հայտնաբերվել /Այս առումով կասկած է հարուցում Լուսինե Սահակյանին տրված լիազորագրի իսկությունը/: 
Ի դեպ, դա արձանագրված է մեկ այլ գործով /Սերոբ Դեր-Բողոսյանի մահից հետո՝ 2015-ից կարծես սկսվել է գործարարի նախկին գործարքներն անվավեր ճանաչելու, մյուս սեփականատերերին դաշտից դուրս մղելու գործընթաց/.    
«ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը թիվ ԵԿԴ/4471/02/15 քաղաքացիական գործով ըստ հայցի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»  ՓԲԸ-ի ընդդեմ Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսյանի, Արսեն Չիչյանի, երրորդ անձ` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` 31.10.2008թ., 15.09.2009թ., 08.05.2009թ., 17.07.2008թ., 17.07.2008թ., 29.12.2008թ. կնքված առուվաճառքի պայմանագիրը անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք նվիրատվության պայմանագիրը անվավեր ճանաչելու և իրավունքների նկատմամբ կատարված պետական գրանցումները վերացնելու պահանջների մասին` 11.10.2016թ. հրապարակված և օրինական ուժի մեջ մտած որոշմամբ հաստատված է համարել այն փաստը, որ Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանի ժառանգությունն ընդունելու դիմում ներկայացվել է, սակայն առ 04.08.2016 թվականը ժառանգության իրավունքի վկայագիր չի տրվել»:

Ինչևէ, կրկին անդրադառնալով Ռուբեն Ափինյանի քննած գործին /հայցադիմումում հետագայում փոփոխություններ են արվել/՝ նշենք, որ 14.09.2018թ-ին հրապարակված վճռով բավարարվել է հայցըորոշվել է Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանի 13.11.2013թ. և Արսեն Բենիկի Չիչյանի միջև ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 7, բնակարան 1 հասցեում գտնվող և ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 7 շենք, 1ա հասցեում գտնվող, անշարժ գույքերի մասով նվիրատվության պայմանագիրը ճանաչել կնքված և դրանց... նկատմամբ ճանաչել Արսեն Բենիկի Չիչյանի սեփականության իրավունքը:

Մինչ այդ, 28.06.2018թ. հայցվորը գրավոր ձևով փոփոխել է հայցի հիմքն ու հայցապահանջը։ Պնդելով, որ Հայտարարությունը հանդիսանում է նվիրատվության պայմանագիր կնքելու վերաբերյալ օֆերտա, որն ակցեպտավորվել է իր կողմից` Հայտարարությունում նշված գույքային միավորներից տասնմեկը նվիրատվության պայմանագրերի հիման վրա Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանից որպես նվեր ընդունելու միջոցով, հայցվորը խնդրել է Երևան քաղաքում գտնվող երկու գույքային միավորների մասով կնքված ճանաչել նվիրատվության 13.11.2013թ. պայմանագիրը և այդ գույքային միավորների նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը։ 

Պատասխանողը պատշաճ ձևով ծանուցվել է դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, բայց դրանցից ոչ մեկին չի մասնակցել ո՛չ անձամբ, ո՛չ էլ ներկայացուցչի միջոցով։

06.09.2018թ. կայացած դատական նիստում Դատարանը պատասխանողի բացակայությամբ իրականացրել և ավարտել է գործի դատաքննությունը` վճռի հրապարակումը նշանակելով 14.09.2018թ.։ Դրանից 1 օր առաջ՝ 13.09.2018թ.,Դատարանում ստացվել է գործի քննությունը վերսկսելու վերաբերյալ պատասխանող Վանիս Կորյունի Դեր-Բողոսսյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանի` համապատասխան լիազորագրով ուղեկցվող գրավոր միջնորդությունը, որին Դատարանը չի անդրադարձել, և
 բավարարել է հայցը։

Ի դեպ, Լուսինե Սահակյանի մոտ սովորություն է՝ պատասխան, միջնորդություն ուղարկել դատավարական ժամկետներն անտեսելով, այն ժամանակ, երբ ինքն է ուզում, նույնիսկ՝ վերջին պահին, և շատ հանգիստ ստանալ իր ակնկալած դատական ակտը, ինչը հովանավորված լինելու մասին լուրջ հարցեր է առաջացնում:

ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել դատավոր Ռ. Ափինյանին: Եվ ինչպես Արսեն Չիչյանն է գրել իր նամակում՝ վերաքննիչ դատարանն էլ կաշկանդված է եղել դրանից հետո և կայացրել դատական ակտ՝ ի վնաս իրեն՝ նշելով Լուսինե Սահակյանի հիմնավորումները:

Վերաքննիչ ատյանի 2018թ դեկտեմբերի 20-ի որոշումից անակնկալ ձևով պարզվում է, որ այս գործում կան նաև բանկեր՝ երրորդ անձի կարգավիճակովԴատարանը, քննելով թիվ ԵԿԴ/0479/02/14 քաղաքացիական գործը ըստ հայցի Արսեն Չիչյանի ընդդեմ Սերոփ Դեր-Բողոսսյանի իրավահաջորդ Վանիս Դեր-Բողոսսյանի (երրորդ անձինք` «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերություն և «Արարատ բանկ» փակ բաժնետիրական ընկերություն)` նվիրատվության պայմանագիրը կնքված ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14.09.2018թ. վճռի դեմ պատասխանողի անունից բերված վերաքննիչ բողոքը, պարզել է հետևյալը: 

Ըստ գործի նյութերի՝ Դատարանի 29.07.2014թ. արձանագրային որոշմամբ /այս տարբերակը սովորաբար օգտագործվում է ինչ-որ բան գործի մեջ խցկելու համար, որ շատ աչքի չզարնի, բայց կառչելու տեղ լինի/ սույն գործի քննությանը երրորդ անձի կարգավիճակով մասնակից են դարձվել անշարժ գույքի վիճելի միավորների գրավառուներ հանդիսացող` «Հայ-Ռուսական Արտահանման Ներմուծման Բանկ-Գազպրոմբանկի խումբ» (ներկայում` «Արդշինբանկ») և «Արարատբանկ» փակ բաժնետիրական ընկերությունները։
03.09.2014թ. «Արարատբանկ» ՓԲԸ-ի  անունից ներկայացվել է հայցադիմումի պատասխան` հայցի դեմ ուղղված առարկություններով այն մասին, որ.
հայցվորի վկայակոչած Հայտարարությունը հանդիսանում է ոչ թե նվիրատվության պայմանագիր, այլ նվիրատվության նախնական պայմանագիր, Հայտարարությունը ստորագրված չէ նվիրառուի կողմից և վավերացված չէ նոտարական կարգով.
երկու գույքային միավորներից մեկը ծանրաբեռնված է «Արարատբանկ» փակ բաժնետիրական ընկերության գրավի իրավունքով, հետևաբար այն տնօրինելու համար անհրաժեշտ է այդ ընկերության համաձայնությունը, որպիսին տվյալ դեպքում բացակայում է։

Վերաքննիչ դատարանը բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերի թվում հիշատակել է՝

*  Հայտարարությունը, որով Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանը պարտավորվել է Արսեն Չիչյանին նվիրել անշարժ գույքի` ՀՀ Լոռու մարզում գտնվող տասներկու և Երևան քաղաքում գտնվող երկու միավոր, իսկ համապատասխան նվիրատվության պայմանագրեր չկնքելու դեպքում հայցվորին վճարել 300.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` ազատվելով վերը նշված գույքային միավորները նվիրելու պարտավորությունից։
*  Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանի, որպես նվիրատուի (լիազորագրի հիման վրա նրա անունից հանդես է եկել Երվանդ Վարոսյանը), և Արսեն Բենիկի Չիչյանի, որպես նվիրառուի, կողմից 04.12.2013թ. ստորագրված և նույն օրը նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի նվիրատվության տասնմեկ պայմանագրերի հիման վրա նվիրատուն նվիրառուին է նվիրել Հայտարարությունում նշված անշարժ գույքի` ՀՀ Լոռու մարզում գտնվող տասնմեկ միավոր, որոնց նկատմամբ նվիրառուի ձեռք բերած իրավունքները ենթարկվել են պետական գրանցման (նշված պայմանագրերի լուսապատճեններն առկա են գործում, իսկ դրանց հետ կապված որևէ փաստ չի վիճարկվել)։
*  Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանը մահացել է 21.09.2014թ. (մահվան վկայականի պատճենը Դատարանին ներկայացվել է փաստաբան Լուսինե Սահակյանի կողմից
* Վանիս Կորյունի Դեր-Բողոսսյանն իր ներկայացուցիչ Լուսինե Սահակյանի միջոցով «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ա. Հարությունյանին է ներկայացրել գրավոր հայտարարություն և դիմում` համապատասխանաբար հանգուցյալի ժառանգությունն ընդունելու մասին և ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին (այս փաստաթղթերը Դատարանին ներկայացվել են հայցվորի ներկայացուցչի կողմից)։

*  03.11.2018թ. և 22.11.2018թ. Վերաքննիչ դատարանի գրասենյակ ներկայացրած միջնորդությունների տեքստում պնդելով, որ Հայտարարությունում նշված և Երևան քաղաքում գտնվող երկու գույքային միավորներից մեկի նկատմամբ Դատարանի 14.09.2018թ. վճռի հիման վրա արդեն իսկ գրանցվել է հայցվորի սեփականության իրավունքը, և նա այդ գույքն օտարել է այլ անձի, բողոք բերած անձը խնդրել է կատարել Դատարանի 14.09.2018թ. վճռի կատարման շրջադարձ` կայացնելով նշված գույքը դրա նախկին սեփականատիրոջը հանձնելու մասին նոր դատական ակտ։
Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է  հետևյալ եզրակացություններին։

Օֆերտան մեկ կամ մի քանի կոնկրետ անձանց հասցեագրված առաջարկն է, որը որոշակիորեն արտահայտում է առաջարկողի մտադրությունը` պայմանագիրը կնքված համարել առաջարկն ընդունած հասցեատիրոջ հետ։

Ակցեպտն առաջարկն ընդունելու մասին այն անձի պատասխանն է, ում հասցեագրվել է օֆերտան, և պետք է լինի լրիվ ու անվերապահ։

Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Հայտարարությունն «ինքնին հանդիսանում է որպես նվիրատվության պայմանագիր կնքելու օֆերտա», քանի որ դրանում հստակ ձևակերպված է Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանի` իրեն պատկանող անշարժ գույքի 14 միավորներն Արսեն Չիչյանին նվիրելու առաջարկը, իսկ Արսեն Չիչյանն ակցեպտավորել է օֆերտան` Հայտարարությունում նշված գույքային միավորներից տասնմեկը նվիրատվության պայմանագրերի հիման վրա Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանից որպես նվեր ընդունելու միջոցով։
...Ըստ վերաքննիչ ատյանի՝ առաջին ատյանի  Դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է անշարժ գույքի նվիրատվությանը, ինչը նշանակում է, որ անշարժ գույքի նվիրատվության օֆերտան պետք է համապատասխաներ ոչ միայն նվիրատվության պայմանագրի բովանդակությանը, այլև այդ պայմանագրի ձևին ներկայացվող պահանջներին, այսինքն` դրանում պետք է արտացոլվեր ոչ միայն «օֆերտայում» նշված գույքային միավորները նվիրառուին նվիրելու վերաբերյալ նվիրատուի մտադրությունը, այլև պետք է կազմվեր գրավոր և վավերացվեր նոտարական կարգով, ընդ որում, նույն պահանջներին պետք է համապատասխաներ նաև այդ «օֆերտան» ընդունելու վերաբերյալ հայցվորի ակցեպտը (այլ կերպ ասած, նվիրատվության պայմանագիրը կարող էր կնքվել ոչ թե առանձին օֆերտայի և առանձին ակցեպտի փոխանակման միջոցով, այլ բացառապես օֆերտան ու ակցեպտը ներառող մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով)։

Մինչդեռ տվյալ դեպքում Հայտարարությունը նոտարական կարգով վավերացված չէ, ուստի առնվազն այդ պատճառով այն անշարժ գույքի միավորների նվիրատվության պայմանագիր կնքելու օֆերտա համարվել չէր կարող (գործում առկա չէ նաև այդ «օֆերտան» հայցվորի կողմից գրավոր ձևով և նոտարական կարգով ակցեպտավորված լինելու փաստը հաստատող որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց)։ Ընդ որում, Հայտարարությունը պայմանականորեն նվիրատվության պայմանագիր կնքելու օֆերտա համարելու պարագայում անգամ այն «ակցեպտավորվել է»միայն ՀՀ Լոռու մարզում գտնվող անշարժ գույքի տասնմեկ միավորներին վերաբերող մասով` հայցվորի, որպես նվիրառուի, և Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանի, որպես նվիրատուի, կողմից 04.12.2013թ. ստորագրված և նույն օրը նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրեր կնքվելու միջոցով, իսկ Երևան քաղաքում գտնվող երկու գույքային միավորներին վերաբերող մասով պատասխանողի կողմից «օֆերտան» «ակցեպտավորված» լինելու փաստը հաստատող որևէ ապացույց գործում առկա չէ։

1. եթե երկկողմ գործարքի նոտարական վավերացման պահանջը գործարքի երկու կողմն էլ անտեսել են և հավասարապես անգործություն են ցուցաբերել այդ պահանջը կատարելու հարցում` ձեռնպահ մնալով համապատասխան կամահայտնության դրսևորումից,ապա նրանցից ոչ մեկը չի կարող վկայակոչել գործարքի նոտարական վավերացումից մյուս կողմի խուսափելը, և նման իրավիճակը պետք է նույնացվի գործարքի կնքումից կողմերի կամովին հրաժարման հետ։ Նման պարագայում գործարքն առոչինչ է, և կողմերից ոչ մեկը, եթե անգամ կատարել է գործարքով նախատեսվածը,չի կարող հավակնել գործարքի իրավաբանական վերակենդանացման` դատական կարգով դրա վավեր ճանաչման։
2. նոտարական վավերացման ենթակա, բայց չվավերացված երկկողմ գործարքի նոտարական վավերացումից մյուս կողմի խուսափելը վկայակոչող կողմը, գործարքի իրավաբանական վերակենդանացման հավակնելիս, բացի գործարքն իր կողմից մասնակի կամ ամբողջությամբ կատարված լինելն ապացուցելուց, մյուս կողմի անբարեխղճությունը` գործարքի նոտարական վավերացումից խուսափելը ապացուցելու նպատակովպետք է ապացուցի նաև սեփական բարեխղճություննայդ հարցում, այսինքն` տվյալ կողմը պետք է ապացուցի, որ իր կողմից դրսևորվել է գործարքի նոտարական վավերացմանն ուղղված կամահայտնություն և ձեռնարկվել են ողջամտորեն իրենից կախված միջոցները` մյուս կողմի մասնակցությամբ այդ վավերացումն ապահովելու համար։

Ըստ վերաքննիչ դատարանի՝ սույն գործով հայցվորը չի ներկայացրել նման որևէ  ապացույց: 

Ամբողջ դատաքննության ընթացքում պասիվ մնացած և ավարտին հանկարծ ակտիվացած պատասխանողի ներկայացուցիչը նաև նշել է, որ Հայտարարությունը չի վավերացվել նոտարական կարգով, հետևաբար նվիրատվության խոստումը տրվել է ոչ պատշաճ ձևով, ինչը բացառում է այն նվիրատվության պայմանագիր որակելու իրավաչափ հնարավորությունը:

Ինչ վերաբերում է հայցվորի` վերաքննիչ բողոքի պատասխանում բերված այն պնդումներին, թե Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանը Հայտարարության նոտարական վավերացումն ապահովել է վկաների և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի միջոցով, ապա այդ պնդումներն անհիմն են, քանի որ բժշկական հաստատության տնօրենին պայմանագրեր վավերացնելու լիազորություն օրենդրությամբ վերապահված չէ։ 

Բանն այն է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ նոտար չհանդիսացող անձի վավերացրած փաստաթղթերը հավասարեցվում են նոտարի վավերացրած փաստաթղթերին։ Մասնավորապես.

ա)նոտարի վավերացրած լիազորագրերին հավասարեցվում են հոսպիտալներում, առողջարաններում և զինվորական այլ բուժական հաստատություններում բուժման մեջ գտնվող զինծառայողների ու մյուս անձանց լիազորագրերը` վավերացված այդ հաստատության պետի, բուժական մասի գծով նրա տեղակալի, ավագ կամ հերթապահ բժշկի կողմից, մինչդեռ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը` հոսպիտալ կամ զինվորական բուժական հաստատություն, իսկ Հայտարարությունը` լիազորագիր, չեն հանդիսանում, հետևաբար այդ նորմը տվյալ դեպքում կիրառելի չէ.

բ)նոտարի կողմից վավերացված կտակներին հավասարեցվում են հիվանդանոցներում, հոսպիտալներում, այլ հիվանդանոցային բուժական հաստատություններում բուժվող կամ ծերերի և հաշմանդամների տներում ապրող քաղաքացիների կտակները` վավերացված այդ հիվանդանոցների, հոսպիտալների և այլ բուժական հաստատությունների գլխավոր բժիշկների, բուժական մասով նրանց տեղակալների կամ հերթապահ բժիշկների, ինչպես նաև հոսպիտալների պետերի, ծերերի և հաշմանդամների տների տնօրենների կամ գլխավոր բժիշկների կողմից, մինչդեռ տվյալ դեպքում Հայտարարությունը վավերացրել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» փակբաժնետիրական ընկերության տնօրենը, ում` գլխավոր բժիշկ, բուժական մասով նրա տեղակալ կամ հերթապահ բժիշկ հանդիսանալու փաստը հաստատող որևէ ապացույց գործում առկա չէ, ընդ որում, այդպիսին առկա լինելու պայմանական պարագայում անգամ Հայտարարության` կտակ չհանդիսանալու փաստի ուժով նշված նորմի կիրառման հիմքերը նույնպես բացակայում են։
Ի վերջո, ՀՀ քաղ. օր.-ի 594-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով որևէ մեկին գույք անհատույց հանձնելու խոստումը (նվիրատվության խոստումը) համարվում է նվիրատվության պայմանագիր և պարտավորեցնում է խոստացողին, եթե խոստումը պարունակում է կոնկրետ անձին գույք կամ իրավունք ապագայում անհատույց հանձնելու մասին պարզ արտահայտված ցանկություն։

Տվյալ դեպքում, ըստ վերաքննիչի, Հայտարարության` դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի մեկնաբանությունից ակնհայտ է, որ Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանը դրանով արտահայտել է ոչ թե պարզ արտահայտված ցանկություն` գույքային միավորները հայցվորին նվիրելու վերաբերյալ, այլ իր մտադրությունը` դրանք նվիրելու կամ գումար վճարելու պայմանով այդ պարտավորությունից ազատվելու մասին, այսինքն` ապագայում հայցվորին անհատույց գույք հանձնելու նրա խոստումը տրվել է վերապահումներով, չբացառելով դրա փոխարեն գումար վճարելու այլընտրանքային հնարավորությունը, հետևաբար այն նվիրատվության պայմանագիր չի կարող համարվել որևէ պարագայում։

...Քննարկելով վճռի կատարման շրջադարձ կատարելու մասին բողոք բերած անձի միջնորդությունը, Վերաքննիչ դատարանը եզրակացրեց, որ սույն գործով բերված վերաքննիչ բողոքի քննության շրջանակներում տվյալ միջնորդությունը բավարարվել չի կարող առնվազն այն պատճառաբանությամբ, որ սույն գործին (նաև վերաքննիչ բողոքի քննությանն ու միջնորդության քննարկմանը) մասնակից չեն եղել բողոքարկված վճռի կատարման արդյունքում գույք և դրա նկատմամբ գույքային իրավունք ձեռք բերած անձինք։

Ելնելով վերոգրյալից Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ Կարեն Չիլինգարյանի, որոշել է Թիվ ԵԿԴ/0479/02/14 քաղաքացիական գործով, ըստ հայցի Արսեն Չիչյանի ընդդեմ Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանի իրավահաջորդ Վանիս Կորյունի Դեր-Բողոսսյանի (երրորդ անձինք` «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերություն և «Արարատ բանկ» փակ բաժնետիրական ընկերություն)` նվիրատվության պայմանագիրը կնքված ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, Դատարանի 14.09.2018թ. վճռի դեմ պատասխանողի անունից բերված վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի` նշված վճիռը բեկանել և փոփոխել` հայցը մերժել։ Դատարանի 14.09.2018թ. վճիռը բեկանելու և գործի վարույթը կարճելու կամ գործը նոր քննության ուղարկելու պահանջներին վերաբերող մասով վերաքննիչ բողոքը մերժել։

20.12.2018թ. –ի՝ այդ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Արսեն Չիչյանի շահերի ներկայացուցիչ  Սիմոն Բաբայանը: 2019թ. փետրվարի 4-ին բողոքը հայտնվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերով պալատի նորաթուխ նախագահ, սույն գործով զեկուցող և արդեն նախկին ԲԴԽապետ  Գագիկ Հարությունյանի հովանավորությունը վայելող Ռուզաննա Հակոբյանի վարույթում:

2019թ-ի ապրիլի 3-ին վճռաբեկ դատարանը մերժել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել:

Այժմ փորձենք այս իրավիճակում հասկանալ Արսեն Չիչյանի պարտվելու հնարավոր պատճառներն ու տրամաբանական կապը:

Եթե կարճ ձևակերպենք վերաքննիչ դատարանի մատնանշած փաստարկները, ստացվում է, որ Արսեն Չիչյանը չի կարող երևանյան գույքերի /առնվազն/  սեփականատեր դառնալ, որովհետև այն իրավաբանորեն ձևակերպելիս թույլ է տրվել անբարեխղճություն. Սերոփ Դեր-Բողոսսյանի հանձնարարության կատարումը ստանձնած փաստաբան Երվանդ Վարոսյանը պետք է իմանար, որ Նվիրատվության պայմանագիրը նոտարի վավերացրած լիազորագրերին, կտակներին հավասարեցված փաստաթուղթ համարվելու համար պետք է  ձևակերպված լինի՝ ոչ թե  «Հայտարարություն», այլ՝ լիազորագիր կամ կտակ, պետք է ստորագրված լինի բուժական գծով որևէ պատասխանատուի կողմից, ունենա պատշաճ  նոտարական վավերացում և կատարվի  ամբողջապես ու անվերապահ:

Վերոնշյալ կարգը չպահպանելով և գույքերի միայն մի մասի սեփականության իրավունքը  Արսեն Չիչյանի անվամբ ձևակերպելով և փոխանցելով, փաստորեն «Բագին» փաստաբանական գրասենյակի փաստաբան Երվանդ Վարոսյանը ի սկզբանե խոցելի է դարձրել նվիրառուի իրավունքի իրացման իրավական հիմքը, ինչից էլ հետագայում օգտվել է և իր բողոքում փաստարկել է նույն գրասենյակի մյուս փաստաբան Լուսինե Սահակյանը:

Թե որտեղ է թաքնված այդ երկու փաստաբանների ներդաշնակ համագործակցության գաղտնիքը՝ «հակադիր» շահերի պարագայում, պարզ է դառնումՌուբեն Ափինյանին պատասխանատվության ենթարկելու որոշման՝ ԲԴԽ-ի տարածած հայտարարության հետևյալ հատվածից. «... Այդ «վրիպակը» հիմք ընդունելով՝ Արսեն Չիչյանը, 18.09.2018թ. և 20.09.2018թ. կոտրելով կայացված վճռով իր սեփականությունը ճանաչված Նալբանդյան 7 շենքի 1 և 1ա բնակարանների մուտքի փականները, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի մուտք է գործել այդ հասցեներում տեղակայված «Բագին» փաստաբանական գրասենյակ, որտեղից հափշտակել են դրամական միջոցներ և գույք: »

Ստացվում է՝ «Բագին»-ի փաստաբանները ի սկզբանե «աչք են ունեցել» Սերոփ Դեր-Բողոսսյանի սեփականությունը համարվող, մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այդ երկու տարածքների վրա, որոնք հետո դարձրել են իրենց գրասենյակը՝ նախապատրաստելով և օգտագործելով իրավական սողանցքնե՞րը:

Նրանց կողմից «խաբված» Արսեն Չիչյանն էլ, փաստորեն հասկանալով, որ իր դեմ աշխատում է կլանային կապեր ունեցող անձանց խումբ,  որոշել է իր մեթոդներով պաշտպանել իր իրավունքները:     

Իսկ կլանային կապերի և հովանավորության տպավորությունը ստեղծվում է ազատազրկման ընթացքում մահացած Սերոփ Դեր-Բողոսսյանի ունեցվածքի հավակնորդների ու դատական համակարգում նրանց աջակցողների շրջանակից: 

Այսպես, ս. թ.-ի  փետրվարի 4-ին/Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում նաև դատական համակարգի գործունեությանը չմիջամտելու վերաբերյալ ունեցած ելույթի հաջորդ օրը/ դատական համակարգում, տվյալ գործով սկսվեց  զուգահեռ «բարտերային» գործընթացներ:

ԲԴԽ-ում կարգապահական վարույթ հարուցվեց Ռուբեն Ափինյանի և Քոչարյանի պահանջով ԶԼՄ-ների դեմ բազմաթիվ դատական ակտեր կայացրած դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ, ինչը ողջունեցին լրատվամիջոցները: Բայց դրա խորքում, կարծես քոչարյանական թևին հարող շրջանակների շահերի ապահովումն էր՝ ԲԴԽ նախագահ /արդեն՝ նախկին/ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, Դատավորների կարգապահական հանձնաժողովի նախագահ Մխիթար Պապոյանի օժանդակությամբ.Երկու դատավորներն էլ առնչվել էին Սերոբ Դեր-Բողոսսյանի գործին և  պատժվեցին. Երկրորդը՝ խիստ. դադարեցվեցին դատավոր Արայիկ Մելքումյանի  լիազորությունները:

Այսինքն ԲԴԽ-ն ազատեց առաջին ատյանի դատարանի դատավորի տեղը,  ինչի համար ամիսներ շարունակ կռիվ էին տալիս «Բագինի» վերոնշյալ երկու փաստաբանները՝ անընդհատ քննադատելով ԲԴԽ-ի գործունեությունը: Ի վերջո նրանց հաջողվեց առաջին ատյանի դատարանի դատավորի տեղը լրացնել իրենց պաշտպանած դատավորի թեկնածու Մարինա Տաշչյանով:Վերջինս նշանակվեց դատավոր, և նրա կայացրած դատական ակտերը դժվար թե լինեն իր լոբբինգով և շահերի պաշտպանությամբ զբաղված «Բագինի»  փաստաբանների դեմ:         

Այլ կերպ ասած՝ ԲԴԽ-ն որոշումներ կայացրեց հօգուտ  Լուսինե Սահակյանի և նրա հետ շահերը կիսողների՝ մի կողմից պատժելով երկու դատավորներին, մյուս կողմից՝ նշանակելով «Բագինին» «հնազանդ»  դատավոր,/«Լակմուսի» դեմ հայցերն էլ՝ բոնուս/:

Բագինանպաստ երկրորդ գործընթացն էլ այն եղավ, որ վճռաբեկ դատարանը՝ քաղաքացիական գործերով պալատի նախագահ և գործը զեկուցող Ռուզաննա Հակոբյանի ձեռամբ, 2019թ-ի ապրիլի 3-ին կայացրեց որոշում՝ հայցվոր Արսեն Չիչյանի ներկայացուցիչ Սիմոն Բաբայանի բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին. Այսինքն ուժի մեջ թողեց՝ վերաքննիչ դատարանի դատական ակտը, որը կարծես նաև Արսեն Չիչյանի մնացած գույքը խլելու վտանգավոր նախադրյալներ է ստեղծում: 

Ու ինչ ստացվեց. սփուռքահայը, նրա տեղացի ժառանգորդը, և որոշ դատավորներ հայտնվեցին «Բագինի», ԲԴԽ-ի զոհասեղանին:

Ի՞նչ է սա,  եթե ոչ «փոխշահավետ գործարք» «Բագինի», ԲԴԽ պետի /արդեն նախկին/ և վերջինիս հովանավորյալ վճռաբեկ դատարանի՝ նշյալ դատավորի միջև՝ հետևյալ կազմով.   նախագահող և զեկուցող. Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ, Ս. ԱՆՏՈՆՅԱՆ, Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ, Մ. ԴՐՄԵՅԱՆ, Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ, Գ. ՀԱԿՈԲՅԱՆ, Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ, Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ, Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ...

Հ.Գ. Հուսով ենք, որ վերաձևավորվող ԲԴԽ-ը արմատապես կմաքրի դատական համակարգը  բարտերային, կլանային շահեր սպասարկող անձանցից, հարաբերություններից, ինչն ուղղակի բխում է պետության, արդարադատության շահից: Փաստաբանական պալատը ևս պետք է ինքնազտում իրականացնի:

                                                                                    Միլենա Միլիտոնյան