запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Մատաղիսի հանցագործությունը թաքցրած պաշտոնյաները ևս պետք է պատժվեն

Մատաղիսի աղմկոտ գործի վերաբացման շրջանակներում պետք է նաև պատասխանատվության ենթարկվեն այն պաշտոնատար անձինք, ովքեր թաքցրել են այս հանցագործությունը։ Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Մատաղիսի գործով նախկինում ազատազրկման դատապարտված, այնուհետև արդարացված և ներկայումս իրավապաշտպան Արայիկ Զալյանը։

«Մենք տեղյակ ենք, որ գործը վերաբացվում է, բայց թե ինչ հիմքով է վերաբացվել, ինչ գործ են քննում այս պահին, տեղյակ չեմ։ Մենք որպես կողմ դեռևս չկանք այդ գործում»,- ասաց Զալյանը։ Նա նշեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ խոշտանգումների վերաբերյալ որոշումից հետո Հատուկ քննչական ծառայությունում գործ էր հարուցվել, որում ներգրավված են նաև իրենք, բայց որևէ տեղաշարժ դեռևս չկա։

«Երբ ՄԻԵԴ-ը խոշտանգման հետ կապված որոշում կայացվեց, ես դիմեցի Վճռաբեկ դատարան, նախկինում կայացված որոշումը բեկանվեց, և գործը գնաց ՀՔԾ քննության։ Այսինքն՝ հանգամանքը ՄԻԵԴ որոշումն էր, խոշտանգումների վերբերյալ փաստացի գործ կա հարուցված, բայց կարելի է ասել՝ կասեցված է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Մատաղիսի գործը վերաբացվել է, և քննությունը հանձնարարվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին։

Մատաղիսի դեպքը տեղի էր ունեցել 2003 թվականին, այն ժամանակ զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը մեղադրվեցին ծառայակիցներին՝ Ռոման Եղիազարյանին և Հովսեփ Մկրտումյանին սպանելու մեջ:

Գործով մեղադրյալ ներգրավված Արայիկ Զալյանը, Ռազմիկ Սարգսյանն ու Մուսա Սերոբյանը նախ դատապարտվել էին 15-ական տարվա ազատազրկման, այնուհետև 2006 թվականին նրանց պատիժը խստացրել էին՝ սահմանելով ցմահ ազատազրկում։ Որոշ ժամանակ անց դատաքննությունը վերսկսվել էր, և 2012-ին նրանք երեքն էլ արդարացվել էին։

Արայիկ Զալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարիներին ինքը միշտ կողմ է եղել գործի վերաբացմանը, քանի որ արդարադատությունն ի վերջո պետք է հաղթի։ Հանցագործություն կատարած անձինք պետք է բացահայտվեն, հանցագործությունը թաքցրած անձինք էլ պետք է ենթարկվեն պատասխանատվության, ասում է նա։

«Ես չգիտեմ, թե ԱԱԾ-ն ինչ է քննելու, բայց գտնում եմ, որ ՀՔԾ-ում հարուցված խոշտանգումների վերաբերյալ գործը պետք է հասնի իր տրամաբանական ավարտին։ Այստեղ խնդիրներից մեկը հանցագործության բացահայտումն է, նաև խոշտանգումների գործը տրամաբանական ավարտին հասցնելը։ Մյուսն էլ այն է, որ հանցագործությունները թաքցրած պաշտոնատար անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Որոշ անձինք այս հանցագործությունը թաքցնելու միտում են ունեցել»,- ասաց Զալյանը։ Նա հավելեց, որ խոշտանգումների հետ կապված անուններ տվել է քննչական մարմիններին։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ այս գործի հետ կապված ի սկզբանե ներկայացվել էին բազմաթիվ հիմնավորումներ և փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ հանցագործությունը միանշանակ չէին կատարել Արայիկ Զալյանը, Ռազմիկ Սարգսյանը և Մուսա Սերոբյանը։

«Այսինքն՝ գործի հարուցման սկզբից արդեն բավարար փաստեր կային քննությունն իրականացնելու բոլորովին այլ ուղղությամբ, որով կարող էր մեղադրանք առաջադրվել բոլորովին այլ մարդկանց, որոնք ունեցել են իշխանություն և լիազորություններ։ Փաստերի ճնշման ներքո, բողոքի ցույցերի արդյունքում, նաև ՄԻԵԴ-ում վերոնշյալ երեք երիտասարդների նկատմամբ խոշտանգումների հիմքով իրավունքի խախտման արձանագրությունը հիմք դարձան, որ այդ երիտասարդներն ի վերջո արդարացվեցին։ Բայց օրակարգում մնում է երկու զինծառայողների մահվան փաստով քննություն իրականացնելու հարցը, երիտասարդներն արդարացվեցին հիմնավոր հիմքով, բայց այս գործով հանցագործները դեռևս մնում են չբացահայտված»,- ասաց Սաքունցը։

Իրավապաշտպանի խոսքով՝ այս քրեական գործն ունի երկու մաս։ Մեկը իրական հացագործների բացահայտման խնդիրն է, երկրորդը՝ իրական հանցագործներին չբացահայտելու ուղղությամբ քննչական մարմնի և հսկող դատախազի պատասխանատվության հարցը։

«Նրանք դիտավորյալ, կանխամտածված կեղծել են քննության արդյունքները, հանգամանքները, և իրենք էլ անպայման պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Եվ սա դասական օրինակ է, թե ինչպես են քննություններն իրականացվել Զինված ուժերում սպանությունների կամ մահվան դեպքերով։ Մեր կազմակերպությունը երկար ժամանակ դիմումներ էր ուղարկում՝ իմանալու, թե Մատաղիսի աղմկոտ գործի բացահայտման ուղղությամբ ինչ է կատարվել։ Եվ մենք, ինչպես Մարտի մեկի գործի դեպքում, այս դեպքում էլ որևէ ռեալ պատասխան չենք ստացել»,- հավելեց նա։

Ըստ Սաքունցի՝ այն, որ գործի քննությունը հանձնվել է Ազգային անվտանգության ծառայությանը, դա փաստում է այն մասին, որ այնուամենայնիվ կա քաղաքական կամք՝ այս հայտնի գործը վերաբացելու և օբյեկտիվ քննություն իրականացնելու։ Մյուս կողմից էլ, ըստ նրա, հիմնավորում չկա, թե ինչու է այն քննելու ԱԱԾ-ն, ոչ թե Հատուկ քննչական ծառայությունը կամ Քննչական կոմիտեն։

«Այդուհանդերձ, այս պայմաններում ԱԱԾ քննչական մարմնին հանձնելը վկայում է այն մասին, որ կա ձգտում քննության որակ ապահովելու և իրական մեղավորներին բացահայտելու։ Հիմա սա լավ ուղերձ է, որ գոնե այս դեպքով գնալու է պատշաճ քննություն, որովհետև բազմաթիվ քրեական գործեր կան, որոնք հայտնի են հանրությանը, որոնցով դեռևս պատշաճ քննություն իրականացնելու մասին խոսք չկա։ Այնպես որ, մենք շատ ուշադիր հետևելու ենք, այդ քրեական գործով արդարացվածներն առնվազն որպես վկաներ պետք է ներգրավվեն, որովահետև իրենք արդեն քրեական գործի քննության ընթացքում ձեռք են բերել այնպիսի տվյալներ, որոնք որպես վկա հանդես գալու հիմք են հանդիսանում»,- նշեց Սաքունցը։

Նրա խոսքով՝ այս անձինք կարող են վկա հանդիսանալ ոչ օբյեկտիվ քննության ժամանակ քննչական մարմինների ապօրինի գործողությունների վերաբերյալ, որն էլ էական նշանակություն կարող է ունենալ հենց բուն քրեական գործի համար, որովհետև ակնհայտ է, թե ում են փորձել թաքցրել, հովանավորել, մեղավոր չճանաչել քննչական մարմինները։ «Եվ այդ ամենի մասին կարող են խոսել, անհրաժեշտ տեղեկություններ տրամադրել ժամանակին հանիրավի դատապարտված և արդարացված զինվորները»,- հավելեց իրավապաշտպանը։

Lragir.am

Լուսանկարում՝ արդարացված նախկին զինծառայողներն են՝ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը