запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

«Որդեգրման» մաֆիա չկա՞. քրգործ՝ կոռուպցիայի մասին բարձրաձայնած լրագրողի դեմ

Տարեսկզբին, երբ առաջին փոխվարչապետ /այժմ ԱԺ նախագահ/ Արարատ Միրզոյանը խոսեց երեխաների որդեգրման «մաֆիայի», օրգանների հնարավոր վաճառքի վտանգների մասին, իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ասացին, թե նման տեղեկատվություն, քրեական գործեր չեն ստացել: Տարօրինակ է, որ առնվազն «որդեգրման» մասով «չեն ստացել»...

Բայց եթե ՍԴ և ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի ազգակիցներից ոմանք, խնամին իրենց արտոնյալ չզգային և վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրինակով գային դատարան կամ քննչական մարմին ու լիարժեք ցուցմունք տային իրենց հայտնի հանգամանքների մասին, իսկ դատաիրավական համակարգի որոշ ներկայացուցիչներ  չքողարկեին որոշ փաստաբանների մութ գործերը և չխոչընդոտեին օբյեկտիվ քննությանը, ապա գուցե պարզվեր, որ Հայաստանում կա այդպիսի «մաֆիա» և կա անհապաղ վնասազերծելու անհրաժեշտություն, քանի որ, մեր համոզմամբ, այդ «մաֆիոզ» շղթայի վերջին «մոհիկանները» որոշել են հնարավոր բոլոր միջոցներով լռեցնել մեզ:

Հիշեցնենք, որ կառավարության նիստում Արարատ Միրզոյանը նշել էր որդեգրման հարցում կոռուպցիայի և ավելի մեծ վտանգների մասին, որոնց կարող են ենթարկվել անօգնական երեխաները.

«Մենք այստեղ գործ ունենք մաֆիայի հետ։ Գումարները, որի մասին խոսում են, որոնք սկսվում են ծննդատնից ու շարունակվում, միայն այսբերգի գագաթն է, շատ ավելի ցավալի իրավիճակ ունենք, մասնավորապես երեխաների օրգանների վաճառքի, այդ թվում՝ արտասահման որդեգրվող երեխաների։ Մենք արդարադատության նախարարության հետ ենք խոսել, այց է կատարվել ստուգելու, մինչ այս կատարված փաստաթղթային ստուգումները բավարար են այն առումով, որ ոչ մի վատ բան չի կատարվել, բայց շարունակաբար աշխատում ենք։ Կասկածներ կան, որ երեք ուղղությամբ են երեխաներ որդեգրվում արտասահման, և այդ երկրները բավականին հայտնի են նաև այդ վատ առումով»։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե կա՞ն արդյոք հստակ փաստեր։ Միրզոյանը արձագանքեց, որ դա տարածված երևույթ է ողջ աշխարհում. «Խոսքը հետևյալի մասին է, երբեմն որոշ կեղծ կամ ոչ կեղծ մարդիկ որդեգրում են տարբեր երկրներից երեխաներ, և հետագայում այդ երեխաները կարող է զրկվեն իրենց մի երիկամից և այլն։ Այսպիսի բաներ կան, մենք միակ երկիրը չենք»։

Փաշինյանն արձագանքեց. «Դա շատ զգայուն թեմա է, այս ընթացքում ճնշումս բարձրացավ մի քիչ»։

Արարատ Միրզոյանի խոսքով՝ այս ոլորտում լրջագույն վերահսկողության կարիք կա։

Անշուշտ, կա դրա կարիքը Հայաստանում, քանի որ մեր ճնշումն էլ բարձրացավ, երբ իմացանք սփյուռքահայի և նրա որդու հետ կատարվածի մասին, և թե ինչի կարող են ընդունակ լինել իրենց «իրավապաշտպաններ» հռչակած որոշ հայտնի փաստաբաններ:  

Նախկինում մենք բազմիցս անդրադարձել ենք սփյուռքահայ ռազմական բժիշկ Աշլի Մինասի պատմությանն ու նրա երեխայի՝ Հայկ Աշլի Մինասի գործին, ում ճակատագրի կեղծումը, ըստ երևույթի, պլանավորված է եղել մինչ նրա ծնունդը և սկսել են կեղծել հենց ծննդատնից  /առավել մանրամասն՝ այստեղhttps://www.lakmoes.am/iravunq/4550-2018-12-03-16-27-18/:

Հայերեն գրել, կարդալ չիմացող Աշլի Մինասը 2008թ.-ին ամուսնացել է հայտնի փաստաբան Լուսինե Սահակյանի մորաքրոջ դստեր՝ Արմինե Արտաշեսի Պողոսյանի հետ /թե ինչպես են սփյուռքահայերի գործերը հայտնվում այդ փաստաբանի և նրա թիմակիցների մոտ՝ առանձին ուսումնասիրության նյութ է/:  

2013թ.-ին «Բեգլարյան» բժշկական կենտրոնում ծնվել է Աշլիի որդին՝ Հայկը, ում կենսաբանական մայրը Արմինե Պողոսյանը չէ, իրավունք չուներ նրա մայրը կոչվելու, բայց ծննդյան վկայականում գրանցվել է որպես մայր: Ընդամենը ամիսներ անց զույգն ամուսնալուծվել է, և կեղծ հղիությամբ «ծնող մայր» դարձած Արմինեն երեխային կամայականորեն զրկել է հարազատ հորը տեսնելու, ճանաչելու, շփվելու, իսկ ծնողին՝ որդուն խնամելու, հոգ տանելու  սահմանդրական իրավունքից, բայց հայց է ներկայացրել դատարան՝ Աշլիից ամսեկան 300,000 դրամ ալիմենտ պահանջելու վերաբերյալ:  

2016թ. ապրիլին Աշլի Մինասը հանցագործության մասին հաղորդում է տվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Ա. Աֆանդյանին, որն ուղարկվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

Դռնբաց կարգով քննված դատական նիստի ընթացքից տեղեկանում ենք, որ Աշլի Մինասի կողմից ներկայացված դիմումի մեջ նշվել է հետևյալը. 18.06.2013թ. «Բեգլարյան» ԲԿ ՓԲԸ-ում ծնվել է Հայկ Աշլի Մինասը: Երեխայի կենսաբանական մայրը հանդիսանում է Հերիքնազը /անունը փոխված է/, ով ծննդաբերել է նշված կենտրոնում: Սակայն Աշլիի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի հարցմանը «Բեգլարյան բժշկական կենտրոն»-ից պատասխանել են. «Արմինե Պողոսյանը ծննդալուծվել է «Բեգլարյան ԲԿ» ՓԲԸ-ում 2013թ.-ի հունիսի 18-ին, ժամը 10:30՝ կեսարյան հատմամբ: Ունեցել է կենդանի արական սեռի նորածին..., կանանց կոսուլտացիա չի հաճախել, երեխան գրանցվել է Արաբկիրի շրջանի ՔԿԱԳ բաժնում»: Ստացվում է, որ որպես մոր նրա գրանցումը կատարվել է կեղծիքի հիմքով:

Ըստ Աշլի Մինասի՝ Պողոսյանի ընտանիքը, ի թիվս իր նկատմամբ դրսևորած այլ հանցավոր ոտնձգությունների, երեխայի հարցում ևս դրսևորել է հանցավոր արարք. Մինչ Աշլիի արտերկրից վերադառնալը, նրանք են որոշել, որ Հերիքնազը պետք տեղափոխվի և ծննդաբերի «Բեգլարյան» բժշկական կենտրոնում, որտեղ էլ հիմնարկի աշխատակիցների կողմից կեղծվել են փաստերն ու իրողությունները, և համապատասխան տեղեկանքում Պողոսյանին ներկայացրել որպես երեխայի կենսաբանական մայր: Ուստի Աշլին գտել է, որ Արմինե Պողոսյանը և իրեն հովանավորողները կատարել են հանցանք և պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Սակայն ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Ա. Թազայանը որոշում է կայացրել՝ քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ «Բեգլարյան» բ/կ աշխատակիցների արարքում ՀՀ քր. օր-ի 325-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմի բացակայության հիմքով:

Կարելի է ասել՝ Աշլիի այս և այլ հաղորդումների կապակցությամբ Աղվան Հովսեփյանի ղեկավարած Քննչական կոմիտեի որոշ քննիչներ՝ Պ. Աղաբաբյան, Լ. Կարապետյան /Դ. Թովմասյան/,  ուղղակի սաբոտաժ են արել.  Նրանք որոշում են կայացրել քրգործի հարուցումը մերժելու, իսկ հարուցելու դեպքում՝ քրեական հետապնդումը դադարեցնելու, կարճելու մասին, որոնք թեև վերացրել են Երևան քաղաքի այն ժամանակվա դատախազ Արթուր Դավթյանը, իսկ հետո նրա իրավահաջորդ Րաֆֆի Ասլանյանը՝ պարտավորեցնելով պատշաճ քննություն իրականացնել, սակայն ապարդյուն... Սաբոտաժը շարունակվում է մինչ օրս՝ ՔԿ-ի նախագահ Հայկ Գրիգորյանի օրոք /մամուլը ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում է քննիչների կողմից դատախազների հանձնարարականները չկատարելու մասին, սակայն որպես պատճառ նշվում է  ծանրաբեռնվածությունը/:

Բայց հանուն արդարության նշենք, որ ՔԿ քննիչներից մեկը, այնուամենայնիվ, հարգել է իր անձն ու մասնագիտական պարտքը և համարձակվել գոնե որպես մեղադրյալ ներգրավել Արմինե Պողոսյանի քրոջը՝ Կարինե Ավետյանին. 2017թ. փետրվարին ՀՀ քր. օրի 169.1-ին հոդվածով հարուցել է քրեական գործ՝ Կարինե Ավետյանի կողմից ՔԿԱԳ մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու դեպքի առթիվ. /նա է ԲԿ-ի տեղեկանքը և իր ձեռքով գրված դիմումը ներկայացրել ՔԿԱԳ մարմնին՝ երեխայի ծննդյան վկայականում քրոջը՝ Արմինեին որպես ծնող մայր գրանցելու համար/: 

Ի վերջո քննիչ Պ. Աղաբաբյանի՝ «Բեգլարյան» ԲԿ-ի աշխատակիցների, այդ թվում՝ Իզաբելա Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործով վարույթը կարճելու և դատախազի՝ «Բողոքը մերժելու մասին» որոշումների դեմ բողոք է բերվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Եվ դատարանը՝ նախագահությամբ Ռոբերտ Պապոյանի, քննելով Աշլի Մինասի ներկայացուցչի բողոքը, գտել է, որ իրավապահների որոշումներն իրավաչափ չեն և պետք է վերացվեն Աշլիի իրավունքների խախտումները.

«09.04.2019թ. Դատարանը որոշել է բավարարել դիմող Աշլի Մինասի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Պ. Աղաբաբյանի «Քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, ընտրված խափանման միջոցը վերացնելու, քրեական գործով վարույթը կարճելու մասին» 2017թ. հոկտեմբերի 2-ի որոշման դեմ բողոքը բավարարել, այն է. արձանագրել թիվ 63203416 քրեական գործով Աշլի Մինասի իրավունքների և ազատությունների խախտումը և սահմանել վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը՝ վերացնել նշված խախտումները՝ սույն որոշման մեջ նշված հիմնավորումներով»: 

Սակայն այս որոշումը «փչացրել է» վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Հարություն Ենոքյանը, ում կարելի է համարել Լուսինե Սահակյանի «հավատարիմ» դատավորներից մեկը՝ ի թիվս Աշլիի գործերը քննած դատավորներ Զարուհի Նախշքարյանի, Սիմիզար Հովսեփյանի, Աստղիկ Խառատյանի, Արշակ Պետրոսյանի...

Եվ արդեն 6 տարի է՝ պետությունը չի կարողանում կատարել անչափահաս երեխայիիրավունքների պաշտպանության իր պարտականությունը /թեև առանձին պաշտոնյաներ փորձել և փորձում են դա անել/,  քանի որ անընդհատ հայտնվում է կոռուպցիոն մի ձեռք և «վետո» դնում այս գործի բացահայտման վրա:

Ստացվում է՝ երեխայի պաշտպանության միակ հնարավորությունը այս գործի հրապարակայնացումն է, ինչն անում ենք արդեն 3 տարի, սակայն այդ հովանավորչական ձեռքը փորձում է «վետո» դնել նաև լրատվական դաշտում, քանի որ ռազմական բժշկի և նրա երեխայի իրավունքների տոտալ և հետևողական խախտումները ողջ ծավալով հնարավոր են դարձել օրենսդրական սողանցքներն օգտագործելու և ողջ գործընթացը հանրությունից քողարկելու արդյունքում:

Օրինակ դատավոր Լիլիթ Կատվալյանի վարույթում գտնվող գործի գաղտնիությունն ապահովելու համար Լուսինե Սահակյանն ու Արամազդ Կիվիրյանը փորձել էին  դռնփակ կարգով քննելու ձևական, կեղծ հիմք ստեղծել. ծանուցման թերթիկի միջոցով ինձ էր հրամցվել որդեգրության մասին կեղծ տվյալ, որպեսզի ստորագրեի և չհրապարակայնացնեի անօրինությունները, սակայն եղավ հակառակը:

Ի դեպ, հուլիս ամիսը կարծես  «գործ սարքելու» ավանդական սեզոնն է Լուսինե Սահակյանի և Քննչական կոմիտեում, գլխավոր դատախազությունում դեռ աշխատող այն անձանց համար, որոնք անձնական կամ գուցե խմբային շահերից ելնելով շարունակում են խոչընդոտել կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը՝ նաև լրագրողի դեմ շինծու գործ հարուցելով...

2017թ. հուլիսի 12-ին  Լուսինե Սահակյանը և նրա ազգականները դիմել էին դատարան՝ «Լակմուս» կազմակերպության և տողերիս հեղինակ լրագրողի դեմ՝  պատվի, արժանապատվության և գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման պահանջով: Նույն գործով նույն հայցվորները ևս երկու նմանատիպ հայց են ներկայացրել այս տարի: Այդ գործերը դատարաններում են՝ հակընդդեմ հայցերով:

Ս. թ.-ի հուլիսի 13-ին էլ ծանուցում ստացա ՔԿ-ի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնից, որ միանգամից արդեն որպես կասկածյալ հրավիրվում եմ հարցաքննության՝ կրկին նույն գործով: Իմ դեմ հաղորդում տվողն էլ կրկին Լուսինե Սահակյանն է:

Եվ մինչ ուզում էինք գնալ քննչական՝ հասկանալու, թե ինչով է պայմանավորված առանց ինձնից բացատրություն վերցնելու, ռեմիքս տարբերակով քրեական գործ հարուցելը և տողերիս հեղինակին «կարգավիճակ» տալը, քննիչ Գ. Ավագյանն ասաց, որ այն ուղարկվել վերահսկող դատախազին:

Թե ով է սույն գործով վերահսկող դատախազը՝ դեռ չգիտեմ, բայց կարող եմ ենթադրել, որ ամենաշահագրգիռ դատախազը կարող է լինել Գագիկ Հարությունյանի որդին՝ Գլխավոր դատախազության երկրորդ մակարդակի պաշտոնյաներից Արտակ Հարությունյանը, ով համարվում է ԿԳԲ-ի «կուրատորը» դատախազությունում: «Բեգլարյան» ԲԿ-ը պատկանում է նրա քրոջ սկեսրայրին, և քույրն ու խնամու դուստրը պատասխանատու բաժիններ են ղեկավարում և համարվում են լավ մասնագետներ: Հարությունյանները խնամիական կապեր ունեն նաև Սերժ Սարգսյանի հետ:

Չի բացառվում, որ այդ հանգամանքներն են հաշվի առնվել երեխայի ծննդյան վայրի հարցը որոշելիս այն իմաստով, որ նախ հնարավորինս բացառվի կեղծ հիմքերով ծննդյան փաստը գրանցելու հանգամանքների բացահայտումը, իսկ բացահայտվելու դեպքում՝ նմանատիպ ԲԿ-ների մրցակցությունից դուրս մղվի հակառակ թիմի հետ փոխկապակցված անձի ԲԿ-ը...   

Չմոռանանք, որ Լուսինե Սահակյանը և նրա տեգր՝ ՌԴ ՍԴԾ-ի /սահմանապահ ծառայություն/ կողմից անձնագիր ստացած Արամազդ Կիվիրյանը Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանի աճեցրած կադրերն են: Նրանք միմյանց սատարելու ևս մեկ խնդիր ունեն. հնարավորինս խոչընդոտել Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի գործունեությանը, ով «Լակմուսի» գործերով ներգրավված է որպես երրորդ անձ Աշլիի ներկայացուցիչ:   

Այլ կերպ ասած՝ «Բագին» /զոհասեղան/ փաստաբանական գրասենյակի փաստաբան Լուսինե Սահակյանը «չափերը» վաղուց անցել է, և նրա գործունեությամբ պետք է հատուկ զբաղվել ու հասկանալ՝ Աշլի Մինասի որդուն անօրեն ձևով խլելու դեպքը միա՞կն է, թե՞ սա մրցակցային «մաֆիա» է, որը գաղտնի կերպով իրականացվում է ԲԿ-ներին իրավաբանական ծառայություններ մատուցող որոշ անհատ փաստաբանների կամ «կլանների» մակարդակում: Իսկ «կլանները» սովորաբար պայքարում են հանուն մեծ փողերի. և երեխաների «որդեգրումը», օրգանների վաճառքը,  առավել ևս՝ կենսաբանական ծնողից կտրելը՝ առանց որդեգրման, ենթադրում է կոռուպցիոն մեծ ռիսկեր՝ առնվազն տեսական մակարդակում:

Եվ նման քանի՞ չբացահայտված դեպքեր կարող են լինել..., մանավանդ երբ հաճախակի ենք լսում ծննդկանների կասկածելի մահվան դեպքերի մասին, հատկապես՝ որոշ բուժհաստատությունների մասով:  

                                                                                    

                                                                                   Էլմիրա Մարտիրոսյան

Լուսանկարը՝ azatutyun.am-ի