Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով վերջին շրջանում աղմկահարույց բացահայտումներին՝ ասաց, թե ԱԱԾ-ի առջև խնդիր չի դրվում, որ գնան ու խոշոր բացահայտումներ անեն, խնդիր է դրվում, որ պետք է լինի օրինականություն:
«Մարդկանց թվում է, թե կառավարությունում մենք ասում ենք` ահա, այսօր մենք բերման ենք ենթարկում Ալեքսանդր Սարգսյանին և գնում են բերման ենթարկելու: Այդպես չէ: Եղել է քաղաքացի, ով եկել դիմում է գրել ինձ, որ ես այսպիսի պրոբլեմի առաջ եմ կանգնել, իմ ձեռքից այդ նկարները խլել են, ես մակագրել եմ ԱԱԾ: ԱԱԾ-ն հրավիրել է քաղաքացուն, նա հաղորդում է տվել հանցագործության մասին և գործին ընթացք է տրվել: Հետո ասում են` վա՜յ, բռնեցին` ազատարձակեցին: Դա պետք է էլ ավելի վստահություն ներշնչի, որ եթե կոնկրետ գործով կան կոնկրետ ապացույցներ, դա իրացվում է, եթե չկան ապացույցներ, չի իրացվում: Այսինքն՝ մարդկանց ձերբակալելն ինքնանպատա՞կ է: Կոնկրետ երկու դեպքով, երկու շատ հիմնավոր պարագայով բերման են ենթարկվել և երբ ստուգվել են փաստերը, այդ պահին ձերբակալելու որոշում կայացնելու կամ որևէ այլ կարգավիճակ տալու օրինական հիմք չի եղել: Որևէ մեկը թող չմտածի, որ ես զանգում ասում եմ` էս ինչին ձերբակալել, էս ինչին բաց թողնել կամ հետապնդել: Բոլոր գործողությունները պետք է լինեն հարյուր տոկոսանոց օրինական»: