запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Պետք է չերևար, որ զինվորականները մասնակցություն են ունեցել մարտի 1-ին

Lragir.am-ի զրուցակիցն է փաստաբան, Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը:

 ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նախօրեին հայտարարեց, որ «Մարտի 1»-ի գործով ձերբակալված ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը դրական տպավորություն է թողել իր վրա։ Նա նաև նշել է, որ օրենքով սահմանված է, թե երբ ոստիկանը կարող է կրակել։ Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունը։

Գեղամ Պետրոսյանը դեռ փաստահավաք խմբում իմ և Անդրանիկ Քոչարյանի վրա բացարձակապես դրական կերպարի տպավորություն չի թողել։ Չի թողել այն մարդու տպավորությունը, որ ինքը ոստիկանին վայել գործողություններ է արել մարտի 1-ին։ Նրա մի նախադասությունը բավարար էր բնորոշելու, թե ինքն ընդհանրապես ինչու է գնացել այնտեղ։ Նա հայտարարեց՝ ի՞նչ է, ուզում էիք հեղափոխություն լիներ, հա՞, իշխանությունը վերցնեի՞ն, բա ինչ պետք է արվեր։ Այսինքն՝ ամեն ինչի գնով իշխանություն պահելու ունակ ոստիկանը, որը չգիտի, թե ինչում է իր գործառույթը, չգիտի, որ ինքն իշխանության այնպիսի լծակ չի, որպեսզի մտահոգված լինի իշխանությունը պահելու գործառույթով։ Այդ կարգի ոստիկանը չի կարող լավ տպավորություն թողնել։ Գուցե աշխատանքի վայրում քիչ է խոսել, բայց մեզ մոտ, երբ իրեն հարցեր ենք տվել և, այսպես ասած, լեզվի տակից աքցանով փորձել ենք հասկանալ, թե ինչ է կատարվել այդ օրը և շատ դժվարությամբ կարողացել ենք մարտի 1-ին ոստիկանության գործողությունները հասկանալ, այդ կարգի մարդու մասին չի կարելի դրական արտահայտվել։ Երևի ոստիկանապետը չգիտի, որ Գեղամ Պետրոսյանը խաբել է փաստահավաք խմբին տեղեկություն տրամադրելիս։ Երևի չգիտի, որ նա նաև համագործակցել է ՀՔԾ-ի հետ փամփուշտները փոխելու հարցում։ Երևի ոստիկանապետը չգիտի, որ նա ստել է, երբ նախկինում ասել է, որ առավոտյան զինված չեն եղել և կեսօրվա իրադարձություններից հետո իբր թե մի քանի հոգու ուղարկել են, որ զենք բերեն։ Այսինքն՝ ոստիկանը ստել է դեպքի հանգամանքները ներկայացնելուց, և ստել է քրեական գործով ցուցմունքներ տալու ժամանակ։ Այս կարգի մարդու մասին կարելի է կարծիք ստեղծել, երբ կարդանք իր ցուցմունքները։

Ինչ վերաբերում է նրան, որ ոստիկանին կասկածում են 104-րդ հոդվածով (սպանություն) կատարված հանցագործության մեջ, ապա դեռևս երբ 2008 թվականի նրա ցուցմունքներն ուսումնասիրում ես, նա ուղղակիորեն մեկ-մեկ շփոթվել ու ասել է՝ հարկադրված կրակեցինք ժողովրդի ուղղությամբ։ Ուղղակի նրա բախտը բերել է, որ քննիչը այնպես է քննել, ինչպես իշխանությունը ցանկացել է, և որևէ մեկը հարց չի ուղղել, թե՝ լավ, եթե կրակեցիք ժողովրդի ուղղությամբ, գոնե տեսա՞ք, մարդ մահացա՞վ, թե չմահացավ։ Այս կարգի անտարբեր քննություն է տարվել 2008 թվականին։ Հավատացեք, երբ կարդում ենք այդ ցուցմունքները, երբ հետ ենք շրջվում ու ուզում ենք հասկանալ,  թե արդյոք հնարավոր չէր 2008-ին բացահայտել, որ Գեղամ Պետրոսյանն առնչություն ունի այս ամենի հետ, հանգում ենք հետևության, որ իհարկե, կարող էին, եթե ուզենային։ Այդտեղ դժվարություն չկա։ Էլ չեմ ասում, որ Գեղամ Պետրոսյանը և սպառազինված լինելու աստիճանն է թաքցրել, և զինված լինելու, և մարտական տեխնիկան բերելու։ Այնքան կարևոր բաներ է թաքցրել ու չի ասել, կամ աղավաղել է, կամ ստել է։ Կամ ինչ է նշանակում, երբ ցուցմունքում ասում է՝ այն ժամանակ պետք է չերևար, որ զինվորականները մասնակցություն են ունեցել մարտի 1-ին։ Սա ուղղակի ցուցմունք է Ռոբերտ Քոչարյանի ամբողջ վարչակազմի, Քոչարյանի գործելակերպի, 301 հոդվածի շրջանակում։ Այս տեսանկյունից բոլորը համակարգված գնացել են մարտի 1-ին և մարդ խփելուն, և նախատեսել են այդ հետևանքները, և իրենց համար ալիբիներ են ստեղծել տարաբնույթ տեսակի։ Լավ կլինի, որ նրանց ցուցմունքները և դրանց զարգացումներն այս տարիների ընթացքում, թե ինչ կարգի տեղեկություններ են տրամադրել ու թաքցրել, հրապարակվեն, և հասարակությունն էլ հասկանա, որ քրեական գործն այն չէ, ինչ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ներկայացնում է։ Այդ քրեական գործով շատ խորքային հարցեր կան, մասնավորապես, այդ նույն Գեղամ Պետրոսյանի պահվածքի հետ կապված։

Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշումն ինչպե՞ս եք գնահատում։

Շատ վատ եմ գնահատում, որովհետև նույն Գեղամ Պետրոսյանն ընդունել է շատ-շատ հարցեր, ընդունել է, որ գնացել է Վահագն Հարությունյանի մոտ, ընդունել է, որ Գրիգոր Գրիգորյանն է իրեն ասել, որ ինչ ՀՔԾ-ն կասի, այդպես էլ կգրես։ Գևորգ Մհերյանի հետ են հանդիպել։ Ուզում եմ ասել, որ փամփուշտները փոխելու այս ողջ գործընթացը եղել է Վահագն Հարությունյանի հետ և շատ եմ ցավում, որ իրավապահ մարմիններն իջել են այդ մակարդակին։ Ես կարծում էի, որ ընդամենը քննություն չեն տարել, բայց երբ տեսնում ես, որ ուղղակիորեն կազմակերպված ձախողել են մարտի 1-ի քննությունը, ցավ ես ապրում, որ խոսում ենք վստահությունից, դրա պակասից։ Ընդհանրապես, այդ մարմնին վստահել չէր կարելի։

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուց և գործը կասեցնելուց հետո շատերը կարծում էին, որ մարտի 1-ի գործը փակուղի էր մտել։ Հիմա փաստորեն, Գեղամ Պետրոսյանի ձերբակալությունը ցույց է տալիս, որ գործն, ըստ էության, նորից սկսո՞ւմ է։

Այնպես չէր, որ փակուղի էր մտել։ Այդպես ասում էին մյուս թևից։ Գործը փակուղի չէր մտել, ես և Վահե Գրիգորյանը մշտապես այն դիրքորոշման ենք եղել, որ գործով քննություն տարվում է, որ սպանություն կտարած անձանց շրջանակը նեղացել է, ցուցմունքներից էլ է երևում, որ հասել են մի տեղ, որ ասենք, 10 հոգու մեջ պետք է փնտրեն հանցագործին, կամ երեք մարդու մեջ պետք է փնտրեն հանցագործին։ Սա նշանակում է, որ 70-80 տոկոս հավանականությունը մեծ է, որ հասել են այն կետին, այն կուլմինացիային, որ առաջիկայում կհայտարարեն, թե այդ երեքից կամ այդ 10-ից ով է կրակել։ Այսինքն՝ որևէ մեկն այդպիսի մտավախություն չի ունեցել։ Պաշտպանական թևն է մշտապես ասել, որ շատ կարևոր է հենց դա արվեր, քան Ռոբերտ Քոչարյանի կամ մյուսների գործը։ Դա իրենց տեսակետն է։ Մեր տեսակետն այն է, որ գործը բազմաշերտ է և այդ բոլոր շերտերը պետք է վեր հանվեն։ Այդ շերտերից մեկը սպանություններն են, մյուսը պաշտոնական հանցագործություններն են, երրորդը իրավապահ մարմինների՝ իրենց գործառույթներով չզբաղվելն է, չորրորդը սահմանադրական կարգի տապալումն է։ Դրանք բոլորը շատ կարևոր են, և չի կարելի մի բանի վրա կենտրոնանալ ու որոշել, թե բա գիտեք, էս մի բանը շատ կարևոր է, եկեք դա անենք, մնացածը հետ մղենք։ 2008 թվականին հենց այդպես ձախողվեց քննությունը, երբ մահվան փաստերով, սպանության գործով քրեական գործը վարույթ է ընդունվել մարտի 20-ին, թե  22-ին։ Ինչու են 20-22 օր մտածել, արդյոք կարելի է սպանությունն առանց հրատապություն դրսևորելու քննության ենթարկել ու հասնել ցանկալի արդյունքի։ Այդ առումով ես գտնում եմ, որ այսօր ՀՔԾ-ն բավականին հարցեր ճիշտ է դրել։ Ես չեմ կարող ասել, որ բոլոր հարցերն են ճիշտ դրվել, բոլորն էլ իրենց սխալներն ունեն, ես չեմ ուզում դրանց վրա կանգ առնել, բայց եկեք չմոռանանք, որ 11 տարի անց է այս քննությունը տեղի ունենում, և մենք չենք կարող շատ մեծ բեռ դնենք մի մարմնի վրա, որի նախորդ մարմինը զբաղվել է այդ ապացույցները կեղծելով և մնացած խնդիրները ձախողելով։ Այս տեսանկյունից ես ուզում եմ մի քիչ ավելի սթափ նայել խնդիրներին։

Կարծում եք՝ մենք կունենա՞նք մարտի 1-ի գործի համակողմանի բացահայտում։

Ես կարծում եմ՝ այո, որովհետև քրեական գործով նույնատիպ զենքից կրակվել է նաև Դավիթ Պետրոսյանի վրա։ Ես կարծում եմ, որ գուցե հասնենք նաև Դավիթ Պետրոսյանի սպանության բացահայտմանը։ Չեմ կարող ասել՝ դա նույն զենքն է, թե ոչ։ Բայց զարմանալին այն է, որ այդ զենքը, որի մասին խոսվում է, ժամանակին դուրս է մնացել այդ մարդկանց ցուցմունքներից։ Այսինքն նրանք ամեն տեսակի զենքից խոսել են, բացի այդ զենքի տեսակից, որով կարող էին կրակել ու սպանել Զաքար Հովհաննիսյանին։